Փաշինյան-Ալիև շփումնե՞ր են տեղի ունենում. ի՞նչ է բացահայտում Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հերթական անգամ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին: Հոկտեմբերի 30-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկած «Մեծ քսանյակի» (G-20) գագաթաժողովից Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում Էրդողանը ներկայացրել է գագաթաժողովի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Մասնավորապես, խոսելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման մասին՝ Էրդողանը նշել է, որ քննարկել են մի քանի հարց, այդ թվում և՝ Հարավային Կովկասի հարցը:
Նա Մակրոնին հայտնել է, որ Հարավային Կովկասում հիմա դրական քայլեր են կատարվում, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վճռական է տրամադրված՝ շարունակելու այդ դրական քայլերը։ Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, թե իբր Ալիևը Փաշինյանի հետ խոսակցություն է ունեցել, որի ընթացքում օրակարգ է բերվել տարածաշրջանում 6-ի հարթակ ստեղծելու հարցը:
«Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը և նրանց կողքին՝ նաև Հայաստանը, եթե բոլորը ընդունեն, ապա իսկապես ստեղծած կլինենք խաղաղության մի հարթակ»,- եզրափակել է Էրդողանը: Ընդհանուր առմամբ հայտնի է, որ G-20-ի շրջանակում թուրքական կողմն ակտիվորեն շրջանառել է տարածաշրջանում նման հարթակ ստեղծելու իր նախաձեռնությունը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը քննարկելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ՌԴ ԱԳ Նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և այլ քաղաքական գործիչների հետ:
168.am-ը ՀՀ Կառավարության պատասխանատու մամուլի խոսնակներից փորձեց պարզել, թե ե՞րբ, ի՞նչ ձևաչափի շրջանակում է նման խոսակցություն ծավալվել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև, արդյո՞ք Էրդողանի պնդումը համապատասխանում է իրականությանը, այդ խոսակցությունը եղել է հանդիպմա՞ն, թե՞ օպերատիվ կապի շրջանակում:
Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, ինչպես միշտ, չարձագանքեց իր հետ կապ հաստատելու մեր փորձերին, թողնելով հարցերն անպատասխան՝ այն դեպքում, երբ այս և նման բոլոր կարևոր հարցերի ուղիղ հասցեատերը հենց Մանե Գևորգյանն է:
Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ որևէ տեղեկություն չունի:
Մեր դիտարկմանը, թե ինչպե՞ս կարելի է այս հայտարարության վերաբերյալ տեղեկություն ստանալ, ո՞վ կարող է տեղեկատվություն տալ, եթե ոչ՝ Կառավարությունը, նա արձագանքեց՝ ասելով.
«Թուրքիայի նախագահի հայտարարությունները չենք մեկնաբանում»:
Փորձեցինք կապ հաստատել նաև ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հետ, ով, թերևս, կկարողանար մեկնաբանել, թե ինչ խոսակցության մասին է խոսքը, սակայն նա չպատասխանեց մեր տևական զանգերին:
Սակայն նույն հանձնաժողովի անդամ, իշխող կուսակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն արձագանքեց մեր հարցին՝ նշելով, որ նման հարցերում պետք է հիմնվել վարչապետի աշխատակազմի տեղեկատվության, մամուլի հաղորդագրությունների և վարչապետի մամուլի քարտուղարի հայտարարությունների վրա:
Մեր արձագանքին՝ եթե չկա մամուլի քարտուղարը՝ ի՞նչ անել, Բեղլոյանն ասաց.
«Եթե չկա, ուրեմն նման բան մենք չենք կարող մեկնաբանել, քանի որ պաշտոնապես նման բան տեղի չի ունեցել»:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ևս մեզ հետ զրույցում առաջարկեց դիմել վարչապետի աշխատակազմին կամ մամուլի քարտուղարին:
Հարցին՝ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկություն չունի՞, թե ինչ խոսակցություն է տեղի ունեցել և երբ, Հունանյանը սահմանափակվեց՝ ասելով. «3+3-ի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն դիրքորոշում հայտնել է»:
Նա մեզ ներկայացրեց ԱԳՆ դիրքորոշումը, նշելով. «Տարածաշրջանային համագործակցության ցանկացած ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն.
- Հիմնված է դրանում ներգրավված բոլոր պետությունների միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: Հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձևաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմ ձևաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը:
- Նաև, մեզ համար սկզբունքային է, որ այն հնարավոր թեմաները, որոնք կարող են քննարկվել այդ ձևաչափում, որևէ կերպ չհամընկնեն այլ ձևաչափերի մանդատի և քննարկման հարցերի շրջանակի հետ»: Նշենք նաև, որ Հայաստանը պաշտոնապես դեռ չի համաձայնել միանալ 3+3 կամ 6-ի հարթակին:
Ուշագրավը, իհարկե, այն է, որ Փաշինյան-Ալիև խոսակցության վերաբերյալ ՀՀ Կառավարության և իշխանական որևէ օղակից չի հաջողվում ստանալ սպառիչ մեկնաբանություն թուրքական կողմի տարածած տեղեկատվության վերաբերյալ: Այս դեպքում լայն դաշտ է բացվում ենթադրությունների, ինչպես նաև չստուգված տեղեկությունների հրապարակման համար, որի դեմ իշխանությունն այլ սահմանափակումներ մտցնելով՝ փորձում է իբրև պայքարել:
Հիշեցնենք, որ Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ: Իսկ թե արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի միջև գործում է 2018 թվականի սեպտեմբերին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հաստատված օպերատիվ կապը, պաշտոնապես հայտնի չէ: Այստեղ հարկ է նաև հիշեցնել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մայիսյան բացահայտումն այն մասին, որ իր տեղեկություններով՝ շարունակվում է օպերատիվ կապը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։