Իշխանության ընդդիմադիր հենասյուները
Ցանկացած համակարգ կենսունակ է ու գոյատևում է առաջին հերթին ու առավելապես՝ այդ համակարգի ամբողջականության հաշվին։ Չկա համակարգի ամբողջականություն, չի կարող լինել համակարգ, իսկ գոյության դեպքում այն չի լինի ամբողջական ու կենսունակ և ժամանակի մեջ կդադարի գոյություն ունենալ։ Սրանք գործնական ապացուցումներ ստացած հայտնի տեսական դրույթներ են, որոնք վերաբերում են հանրային կյանքի բոլոր համակարգերին, այդ թվում՝ քաղաքականությանը։
Ահա այս ապացուցելի դրույթների լույսի ներքո Հայաստանի քաղաքական կյանքը դիտարկելիս ակնհայտ է դառնում, ու գործող իշխանությունն այս տեսքով ու բովանդակությամբ իր գոյությունն ապահովում է առաջին հերթին՝ խորհրդարանական ընդդիմության հաշվին, որը հանդես է գալիս՝ որպես քաղաքական այս համակարգի ամբողջականության ապահովող։
Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը հենց այս քաղաքական համակարգի շնորհիվ, որում ընդդիմությունն ունի ոչ պակաս կարևոր դերակատարում, քան իշխանությունը։ Ասվածը որևէ աղերս չունի դավադրության տեսությունների հետ, որոնց համաձայն՝ իշխանության ու ընդդիմության միջև կա ինչ-որ ստվերային պայմանավորվածություն կամ գործարք (ավելին, նման կեղծ տեղեկությունները սոցցանցերում շրջանառում են կոնկրետ նպատակներով՝ կոնկրետ շրջանակներ):
Սա ընդամենն արձանագրում է այն իրողության, որ Նիկոլ Փաշինյանն այն քաղաքական համակարգի իշխանական հատվածի ղեկավարն է, որի ամբողջականությունն ապահովվում է հավասարապես նրան պաշտոնից հեռացնելու հայտարարություններով հանդես եկող ընդդիմության շնորհիվ։
Իրավիճակի նրբությունն այն է, որ երկրում, որտեղ չի գործում իշխանության զսպող ու հակակշռող որևէ գործունակ մեխանիզմ, կատարելապես գործում է քաղաքական համակարգի այնպիսի հավասարակշռում, որն ապահովում է միանձնյա իշխանության ամբողջականությունը։
Այս պայմաններում ընդդիմությունը, մեծ հաշվով, ունի գործողությունների երեք տարբերակ՝ կամ պետք է հրաժարվի Նիկոլ Փաշինյանի իշխանության երաշխիք դարձած քաղաքական համակարգի ամբողջականության ապահովման իր գործառույթից, կամ պետք է հրաժարվի նրան իշխանությունից հեռացնելու իր հռչակումներից, որոնք վերը նշված իրողությունների համատեքստում դառնում են պոպուլիստական։
Առաջին դեպքում ընդդիմությունը կարող է հրաժարվել պատգամավորական մանդատներից՝ առաջացնելով քաղաքական ճգնաժամ և խախտելով Փաշինյանի իշխանությունն ապահովող համակարգի ամբողջականությունը։ Երկրորդ դեպքում ընդդիմությունը պետք է ազնվություն ունենա հայտարարելու իշխանությունից Փաշինյանին հեռացնելու անիրատեսականության մասին և շարունակի ապահովել քաղաքական հակամարգի հավասարակշռման իր դերակատարությունը։
Հակառակ դեպքում հասարակությունը ևս չորս տարի ականատես է լինելու տեսարանների, թե ինչպես են ընդդիմադիրները հերոսաբար սուր հարցեր ուղղում Նիկոլ Փաշինյանին, իսկ հետո մրցում, թե հատկապես որ մեկի հարցն ավելի շատ «նեղը գցեց» նրան՝ հասկանալով կամ ոչ, որ Նիկոլ Փաշինյանն իրականում խորապես շնորհակալ է նրանց, քանի որ նաև այդ մեխանիզմի միջոցով է ապահովում գործող քաղաքական համակարգի ամբողջականությունը՝ նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքը։
Երրորդ տարբերակն ընդդիմության կողմից սեփական հստակ, հանրության համար ընկալելի օրակարգով փողոցային այնպիսի պայքարի գեներացումն է, որը քաղաքական օրակարգը դուրս կբերի խորհրդարանից, կամ որ նույնն է՝ գործող քաղաքական համակարգի ամբողջականության ապահովման տրամաբանությունից:
Հարություն Ավետիսյան