20.000-ից ավելի վարկեր՝ առանց բանկի որևէ աշխատակցի միջամտության. Ամերիաբանկն ամփոփեց 3-րդ եռամսյակի ցուցանիշները

Ամերիաբանկն ամփոփեց 3-րդ եռամսյակի ցուցանիշները: Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց, որ միջնաժամկետ ռազմավարության ներքո մի քանի թիրախային նպատակներ ունեն իրենց առջև դրած, որոնցից գլխավորն առաջատար դիրքի պահպանումն է ՀՀ բանկային շուկայում՝ հիմնական ֆինանսական ցուցանիշներով: Երկրորդը հաճախորդների բարձր որակի սպասարկման ապահովումն է և մշտապես բարելավումը, իսկ երրորդը, այսպես կոչված, պորտֆելների դիվերսիֆիկացիան է:

«Իհարկե, այդ նպատակներին հասնելու համար որդեգրել ենք թվային տրանսֆորմացիայի գաղափարը, որի ներքո, արդեն շուրջ երկու տարի է, ինչ բազմաթիվ թվային լուծումների վրա ենք աշխատում, որոնք ի վերջո նպաստելու են հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, տալու են հարմարավետ և պարզ լուծումներ՝ հաճախորդների համար: Ինչ վերաբերում է ֆինանսական ցուցանիշներին, ապա, ինչպես նշեցի՝ մեր ռազմավարության ներքո մշտապես ձգտում ենք պահպանել մեր առաջատարի դիրքը և 9 ամսվա ցուցանիշներով մենք առաջինն ենք գրեթե բոլոր՝ ֆինանսական հիմնական ցուցանիշներով, այդ թվում՝ նաև ակտիվների մեծությամբ, որը 3-րդ եռամսյակի ավարտին կազմել է 1 տրիլիոն 90 միլիարդ դրամին մոտ թիվ: Ուզում եմ նշել, որ մենք դեռ այս տարվա սկիզբ 1 տրիլիոն դրամն ակտիվներով գերազանցեցինք՝ առաջին անգամ բանկային համակարգում: 3-րդ եռամսյակի թվերով մեր վարկային պորտֆելը 660 միլիարդ դրամ է կազմում, իսկ  հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 672 միլիարդ դրամ:

Կապիտալը մոտ 125 միլիարդ դրամ է, և զուտ շահույթը կազմում է մոտ 14.5 միլիարդ դրամ: Այդ ցուցանիշներով մենք առաջինն ենք բանկային համակարգում: Բացի դրանից՝ մեր կապիտալի եկամտաբերությունը կազմել է 16.6 տոկոս, որով զբաղեցնում ենք երկրորդ հորիզոնականը՝ բանկային համակարգում:

Մենք նաև բավականին ակտիվ ենք եղել այս տարի նոր կապիտալի տարրեր ներգրավելու ուղղությամբ, և մեզ հաջողվել է տարվա ընթացքում ներգրավել շուրջ 18 մլն դոլարին համարժեք ստորադաս փոխառություն՝ մեր գործընկեր ֆինանսական միջազգային կառույցներից մեկից, որը հնարավորություն է տվել մեր հետագա աճն ապահովելու համար: Բացի այդ՝ բավականին ակտիվ ենք եղել կառավարության կողմից սուբսիդավորվող վարկերի տրամադրման հարցում երկու ծրագրով, որոնք են՝ կովիդի սուբսիդավորման ծրագիրը և գյուղատնտեսության աջակցման, ինտենսիվ այգիների հիմնման սուբսիդավորման ծրագիրը: Այդ երկու ծրագրով ընդամենը տրամադրել ենք 600 վարկ՝ ընդհանուր 40 միլիարդ դրամ պորտֆելի,- նշեց Արտակ Հանեսյանը՝ շարունակելով,- Ինչ վերաբերում է թվային լուծումներին, ապա այս առումով մենք ներկայումս արդեն ունենք «Սմարթ հաշիվ» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց օնլայն հաշիվ բացել՝ առանց բանկի մասնաճյուղ այցելելու:

Արդեն գործարկել ենք փոքր և միջին բիզնեսի վարկավորման էկոհամակարգ, որն ամբողջությամբ թվային վարկավորման ծրագիր է, հաճախորդներին հնարավորություն է տալիս առանց փաստաղթղթեր ներկայացնելու, առանց  բանկ այցելելու՝ րոպեների ընթացքում դիմել և ստանալ վարկ՝ մինչև 30 մլն դրամի սահմաններում, որից 10 միլիոնը՝ առանց որևէ ապահովվածության և առանց բանկ այցելելու: Մեզ հաջողվեց նաև համակարգը համակցել հարկային մարմինների հետ՝ հարկային հաշվետվություններն առցանց ստանալու ԱՔՌԱ Վարկային բյուրոյի միջոցով, և դրանք հիմք ընդունել՝ որպես հաշվարկ իրականացնելու փոքր, միջին բիզնեսների վարկունակության գնահատականի համար: Բացի դրանից՝ մենք առաջնային շուկայի ավտովարկավորման բնագավառում ունենք օնլայն վարկավորման հարթակ, որը հնարավորություն է  տալիս նույնպես առանց բանկ այցելելու՝ ընտրել մեքենան՝ առաջնային դիլերների ցուցարկված մեքենաների շարքից, հաշվարկել վարկի հնարավոր գումարը և կարողությունը, դիմել առցանց բանկ, ստանալ նախնական հաստատումը, հաճախել համապատասխան ավտոմեքենայի դիլերի մոտ և ձևակերպել տեղում վարկ և ստանալ մեքենան, դուրս գալ: Մենք այս ծրագիրն ընդլայնելու ենք և մոտ ապագայում այնպես ենք անելու, որ բացառենք դիլերի մոտ այցելությունը»:

Մեկ այլ լուծում վերաբերում է փոքր և միջին բիզնեսին:

«Դա էկոհամակարգի ներքո հաշիվների առցանց բացումն է, ՍՊԸ-ների և անհատ ձեռներեցներին է  վերաբերում. այս պահին հնարավորություն ունեն առանց բանկ այցելելու՝ նույնպես հեռահար կարգով բացել հաշիվներ: Դա նույնպես ուզում ենք ընդլայնել՝ ավելացնելով այլ ծառայություններ և ոչ միայն՝ ֆինանսական բնույթի, որպեսզի հարմարավետություն ստեղծենք  փոքր, միջին բիզնեսի ներկայացուցիչների համար՝ մեկ հարթակից օգտվելու համար: Ունենք անշարժ գույքի էկոհամակարգ, որը հնարավորություն է տալիս ընտրել անշարժ գույքը, դիմել բանկ՝ հիպոթեքային վարկ ստանալու հայտով և հաստատումից հետո այցելել բանկ: Մենք ներկայումս աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի մոտ ապագայում այդ այցելությունն էլ բանկ  կրճատվի, և մնան պետական գրանցման հարցերը: Պետական մարմինների հետ հիմա բանակցություններ են վարվում, որ իրենց մասով էլ հնարավոր ավոմատացման լուծումներ տրվի, որ դա էլ բացառենք հետագայում»,- նշեց բանկի գլխավոր տնօրենը:

Տնօրինության անդամ, մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանն էլ շարունակելով գործընկերոջ խոսքը՝ ասաց, որ երկու տարի առաջ հայտարարել են, որ բանկի ռազմավարական ուղղություններից, թերևս, ամենակարևորներից մեկը թվայնացումն է, որի ուղղությամբ աստիճանաբար գործընթաց են սկսել, որպեսզի հաճախորդների սպասարկման և ծառայությունների ամբողջ սպեկտրը աստիճանաբար թվայնացնենք:

«Այդ գործընթացի հիմնական նպատակը՝ 24/7 ռեժիմով հեռահար հնարավորություն տալ օգտվել բանկի ծառայություններից: Այս պահի դրությամբ՝ բանկի թե ֆիզիկական, թե իրավաբանական անձ հաճախորդները հնարավորություն ունեն 24/7 ռեժիմով հաշիվներ բացել, և անհրաժեշտություն չկա բանկ այցելելու: Բացի սա, հնարավորություն ունեն քարտեր պատվիրել և ինտերնետ-բանկինգի ծառայություն գրանցել և սկսել օգտվել նույն ռեժիմով:

Այս տարվա ընթացքում մոտ 10.000 հաճախորդ առցանց հաշիվներ է բացել,  ավելի քան 15.000 հաճախորդ առցանց քարտեր է ստացել, ավելի քան 17.000-ը գրանցվել է ինտերնետ-բանկինգում: Այս տարվա ընթացքում՝ 15․000 վարկ՝ առցանց հարթակների միջոցով: Այս պահին ֆիզիկական անձանց սպառողական վարկերի քանակով 92 տոկոսը և արժեքով 71 տոկոսը տրամադրվել է առցանց թվային համակարգերով:

Ըստ էության, ֆիզիկական անձանց սպառողական վարկերի մասով այս պահին ամբողջ գործընթացը ավտոմատացված է, թվայնացված: Ամենակարևորը՝ հաճախորդների համար րոպեների ընթացքում վարկը հաստատվում է: Այս պահի դրությամբ հարթակում 40 կառուցապատողների նախագծեր են ներառված, և պրակտիկորեն մարզերում ու Երևանում իրականացվող կառուցապատման նախագծերի գերակշիռ մասը հարթակում ներկայացված է պատշաճ, և հաճախորդները ոչ միայն ֆինանսական ծառայություն են ստանում, այլև հնարավորություն ունեն համեմատելու տարբեր կառուցապատողների՝ առաջնային շուկայում առկա գույքերի վաճառքի առաջարկները: Եվ այս տարվա ընթացքում ստացել ենք ավելի քան 300 հայտ, և այս պահի դրությամբ բանկի ընդհանուր հիպոթեքային պորտֆելը գերազանցում է 130 միլիարդ դրամը. Դա շուկայում առաջատարի դիրքն է ենթադրում: Ավտովարկերի մասով էլ ասեմ, որ այս պահի դրությամբ հարթակում առաջնային շուկայում առկա ավտոդիլերների մոտ 30 մակնիշի 130 մոդել-մեքենա է ցուցադրված: Հաճախորդը հնարավորություն ունի 130 մոդելի միջև ընտրություն կատարել, հայտ ներկայացնել, ստանալ հաստատում:

Թվայնացված է նաև ապառիկ վարկավորման ամբողջ գործընթացը. այս տարվա ընթացքում մոտ 6.6 միլիարդ դրամի վարկավորում է իրականացվել, 20.000-ից ավելի վարկեր՝ առանց բանկի որևէ աշխատակցի միջամտության: Գործարկել ենք նաև «Լիուլի» հարթակը: Տեսնելով, փոքր ու միջին բիզնեսի մեր բազմաթիվ հաճախորդներ, որ կամ ծախսատար է, կամ ոչ արդյունավետ, որ սեփական ինտերնետ-խանութները ունենան, որովհետև ամեն մի փոքր բիզնես չի կարող իրեն թույլ տալ օնլայն խանութ բացել, փորձեցինք լուծում գտնել, որ մեր հաճախորդներն առանց էական ներդրումներ կատարելու  նման հնարավորություն ունենան: Հարթակում ունենք 1500 հարթակ, կարևոր է նշել, որ ապրանքներն առաքվում են անվճար, տևում է  1 օր»,- նշեց մանրածախ բանկինգի տնօրենը:

Տեսանյութեր

Լրահոս