Պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել, որ Հադրութն ու Շուշին բռնազավթված են. Աղվան Վարդանյան

«Պատերազմ է եղել, մենք պարտվել ենք՝ աղետալի ողբերգական հետևանքներով: Արցախի Հանրապետության տարածքի 72%-ը բռնազավթվել է, Ադրբեջանը մտել է Հայաստան: Արցախի 28%-ի վրա հայկական իշխանություն է, իրականում ավելի ստույգ՝ ռուս խաղաղապահների իշխանություն: Սրանք փաստերի արձանագրումներ են»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում իր հարցի նախաբանն այսպես սկսեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Ապա պատգամավորը հիշեցրեց պատերազմի ավարտից հետո Իլհամ Ալիևի 15 այցերը՝ Արցախի բռնազավթված տարածքներ, նշեց այդ այցերի օրերը, հիշեցրեց, որ Ալիևը երկու անգամ եղել է՝ Էրդողանի, 7 անգամ՝ կնոջ հետ, Շուշիում մուղամի փառատոն է անցկացրել, Հադրութում էլ մզկիթ է հիմնելու:

«Այս իշխանության ղեկավարը 2020թ. հոկտեմբերի 21-ին հայտարարել է՝ «առանց Արցախի չկա Հայաստան»: Ո՛չ այդ ասողը, ո՛չ ԱԺ նախագահը, ո՛չ այս արտգործնախարարը, ո՛չ ՀՀ նախագահ ասվածը պատերազմից հետո Արցախի Հանրապետություն չեն այցելել: Հարց. ինչո՞ւ մինչև այսօր չեք գնացել Արցախի Հանրապետություն, պատրաստվո՞ւմ եք գնալ, կոնկրետ ե՞րբ, պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ Հադրութն ու Շուշին բռնազավթված են, ճշգրիտ»,- կառավարությանը հարցով դիմեց Աղվան Վարդանյանը, ինչին պատասխանելու համար ԱԺ ամբիոնին մոտեցավ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

«Բազմաթիվ պաշտոնյաներ այս ընթացքում եղել են Արցախում, լինում են Արցախում, և անհրաժեշտության դեպքում կլինեն Արցախում»,- հակիրճ պատասխան տվեց Սուրեն Պապիկյանը:

Արձագանքելու իրավունքից օգտվելով՝ Աղվան Վարդանյանն իր իսկ բնորոշմամբ՝ «ականջ ունեցողների համար» նորից կարդաց հարցն ու հավելեց՝ «Ձեր պատասխանից բավարարված եմ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս