
Իրանը պատրաստ է Եվրոպայի երեք երկրների հետ բանակցություններ վարելու միջուկային գործարքի շուրջը. PressTV

Իրանի իշխանությունները պատրաստ են բանակցություններ վարելու իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջը Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչների հետ: Հոկտեմբերի 27-ին այդ մասին հաղորդել է PressTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով մի աղբյուր։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Իրանը Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային եւ Գերմանիային առաջարկել է իրենց ներկայացուցիչներին ուղակել Թեհրան կամ իրանցի դիվանագետներին ուղարկել այդ երեք երկրների մայրաքաղաքներ:
Նշվում է, որ իրանական կողմն այս պահին որեւիցե պատասխան չի ստացել: Սպասվում է, որ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին հոկտեմբերի 27-ին Բրյուսելում բանակցություններ կվարի Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ, ԳՀՀՊ-ի շուրջը Համատեղ հանձնախմբի համակարգող Էնրիկե Մորայի հետ: Հոկտեմբերի 14-ին նրանք արդեն հանդիպում են ունեցել Թեհրանում, որի ընթացքում քննարկել են միջուկային գործարքին վերադառնալու խնդիրը, ինպես նաեւ համաձայնության են եկել Բրյուսելում շարունակելու կոնսուլտացիաները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: