Կարտոֆիլը թանկացել է, որովհետև պահանջարկն ավելացել է. Բաբկեն Թունյան
«Ամենաքննարկվող թեմաներից մեկը՝ գնաճ. բոլորը խոսում են գների աճի մասին: Այստեղ ուղղակի պետք է տարբերակում դնել՝ կա գնաճ և կա գների աճ. դրանք տարբեր հասկացություններ են, ու, ցավոք սրտի, անգամ քաղաքական գործիչներից շատերը երբեմն չեն իմանում՝ որի դեպքում հասցեատերն ով է»,- Ազգային ժողովում Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Արտակ Մանուկյանի թեկնածության քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նա հիշեցրեց, որ կարտոֆիլի, կարագի և այլ ապրանքների գների աճի հասցեատերը ոչ թե ԿԲ-ն է, այլ ՏՄՊՊՀ-ն, ապա անդրադառնալով ակնհայտ գնաճային միտումներին՝ դժգոհեց պատգամավորների կողմից այդ թեմայով հնչեցված տեսակետներից:
«Ի՞նչ ենք անում. ամենաօգտագործվող մեթոդը՝ նայում ենք, մի քանի հարյուր ապրանքատեսակների ցանկում ընտրում ենք այն ապրանքատեսակները, որոնց գներն ամենաշատն են աճել, ու սկսում ենք դրա վրա կառուցել մեր խոսքը:
Որևէ մեկը չի ասում, որ գները չեն աճել ՀՀ-ում, բայց երբ մեղադրական տոնով են հայտարարություններ հնչում. պետք է հասկանալ, թե կա՞ն որոշակի բաներ, որոնք կառավարությունը և ԿԲ-ն պետք է անեին և չեն արել, կամ պետք է ավելի լավ անեին, բայց վա՞տ են արել»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը՝ գուցե մոռանալով, որ գնաճի մասին, պատգամավորներից զատ, փաստում է պաշտոնական վիճակագրությունը, իսկ այն զգում են բոլոր քաղաքացիները և բոլոր ոլորտներում:
Ըստ Բ. Թունյանի՝ մտահոգությունները և առաջարկները կարող են քննարկվել մասնագիտական լսումներում: Նա պնդեց, որ միջազգային գներով է պայմանավորված, և կա միջազգային վիճակագրություն, որը ցույց է տալիս, որ Հայաստանում գներն աճել են որոշ դեպքերում՝ ավելի քիչ, քան այլ երկրներում:
«Իհարկե, այն մարդկանց, որոնց եկամուտները ցածր են, այդ խնդիրները դրանից ամենևին չեն թեթևանում, բայց նաև պետք է փորձենք չշահարկել. օրինակ, կարտոֆիլի մասին, որ խոսում եք, ասում եք՝ ինչու են կարտոֆիլի գները թանկացել… թանկացել է, որովհետև կարտոֆիլի նկատմամբ պահանջարկն ավելացել է. ավելի շատ է արտահանվել, և գները, ըստ էության, բարձրացել են»,- հավելեց պատգամավորը:
Այսպիսով, իշխանությունները, պարզվում է՝ իրարամերժ մոտեցումներ ունեն կարտոֆիլի արտահանման առնչությամբ. Վահան Քերոբյանին, օրինակ, ոգևորել էին արտահանման այս ծավալները:
«Այս տարի, կարելի է ասել, կարտոֆիլի արտահանման ռեկորդ ենք խփել, 30.000 տոննա կարտոֆիլ է արդեն արտահանվել Հայաստանից, այսպիսի թիվ երբեք չի եղել անկախ Հայաստանի պատմության ընթացքում․․․ Պետք է հասկանալ, որ Հայաստանը փակ, առանձին երկիր չէ, և հաղորդակից անոթներով միացած է նաև մեր հետ նույն տնտեսական մաքսային միության մեջ գտնվող երկրների հետ, եթե այդ երկրներում պահանջարկն աճում է, դա անդրադարձ է ունենում նաև մեր տեղի արտադրանքի գների վրա․․․»,- ասել էր նախարարը կառավարության հերթական նիստից հետո:
Բայց թե՛ Բ. Թունյանը, թե՛ Վ. Քերոբյանը այդպես էլ չեն անդրադարձել այս տարի կարտոֆիլի միջինից ցածր բերքատվության պատճառներին՝ գարնանը կրճատված ցանքատարածքներին և չորային տարում ջրի ոչ ճիշտ կառավարմանը, ինչի մասին բազմիցս խոսել են գյուղատնտեսները:
Գուցե այն պատճառով, որ այդ հարցն իշխանությունների իրավասության ներքո է, իսկ արտահանումը՝ իներցիոն գործընթաց: