Ինչպե՞ս կարձագանքի Արևմուտքը տագնապային լուրերին
Հայաստանյան քաղաքական դաշտը տագնապով քննարկում է տարածվող տեղեկությունները, թե նոյեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում Մոսկվայում եռակողմ փաստաթղթեր են ստորագրվելու Հայաստան-Ադրբեջան սահմանազատման-սահմանագծման, ինչպես նաև ապաշրջափակման թեմաների շուրջ:
Ի դեպ, այն մասին, որ երկու փաստաթղթի ստորագրություն է սպասվում, տեղեկություններ տարածվեցին հայկական և ռուսական լրատվամիջոցներում: Թեև պաշտոնական Երևանը փորձում է տպավորություն ստեղծել, թե կոնկրետ պայմանավորվածություններ չկան, թե անհրաժեշտ է նաև Արևմտյան կենտրոնների խորհրդատվությունն այս հարցերում, թե Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման օրը հստակ չէ, սակայն եռակողմ բանակցությունները տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման շուրջ գոնե փոխվարչապետների մակարդակով ընթանում էին, և ՀՀ իշխանություններն աշխատում էին Մոսկվայի և Բաքվի հետ այս հարցերի շուրջ:
Ավելին՝ կարևոր է հիշեցնել Կառավարության մայիսի 20-ի նիստը, որի ընթացքում, անդրադառնալով Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին (Մինասյանը հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դեմարկացիան առաջարկող եռակողմ հայտարարության լուսանկարը), Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90 տոկոսը ծածկված է և ներկայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ։ Բա եթե այդպես է, ընդհակառակը, տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ բացվեն, ներկայացվեն հանրությանը։ Եվ ասեմ, որ այն լուծումները, նախնական համաձայնությունները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին։ Եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»: Նա նաև հստակեցրել էր, որ իր դիրքորոշումն է՝ սահմանների ճշգրտումը ինչքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է Հայաստանին, որովհետև սահմանների ճշգրտումը անվտանգային կարևորագույն երաշխիք է։
Քննարկումների միջազգային «Վալդայ» ակումբի ամենամյա նիստի ընթացքում հայտնի դարձավ ՌԴ նախագահ Պուտինի դիրքորոշումը՝ սահմանագծման հարցում Ռուսաստանին աշխարհաքաղաքական «օգնականներ» հարկավոր չեն, քանի որ խորհրդային ժամանակաշրջանի քարտեզները ՌԴ ԳՇ-ում են: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս օրերս գոհունակություն հայտնեց փոխվարչապետների մակարդակով ընթացող բանակցություններից, ասելով՝ Զանգեզուրի միջանցքի հարցում ադրբեջանական կողմն իր ցանկացածին է հասնում։ Ըստ Ալիևի, թեև սկզբում հայկական կողմն ընդդիմանում էր, հիմա ինքնակամ է համաձայնել։
Այս տեղեկությունների ֆոնին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով՝ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Նա ընդգծել էր, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո: Ըստ նրա, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը:
«Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։ Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են»,- նշել էր Հունանյանը, հավելելով, որ այս թեմայի շուրջ որոշ շրջանակների տարածած լուրերն ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում:
168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ իրավիճակը ոչ միանշանակ է, քանի որ մի կողմից՝ ինչ-որ հարցերի շուրջ եռակողմ հանձնաժողով է աշխատել, մյուս կողմից` եղել է առաջարկ ԵԱՀԿ Մինսկի խմբին, ԵՄ-ին, եղել է նրանց կողմից հետաքրքրություն մասնակցելու գործընթացներին, սակայն գործնականում ոչ մի արդյունք, քանի որ նրանք գործընթացից դուրս են ըստ էության:
«Եթե ՌԴ-ն հայտարարում է, որ միայնակ կարող է սահմանազատման գործընթացն իրականացնել, նշանակում է, որ չի ընդունում այլ երկրների մասնակցության հնարավորությունը, սակայն կողմերն իրենք ինչ են արել, ինչ քննարկումներ են ունեցել ԵՄ-ի հետ, որը ուղիղ առաջարկություններով էր հանդես գալիս, ի՞նչն է խոչընդոտում, որ ԵՄ-ն սկսի մասնակցել: Կողմերն իրենք պետք է աշխատեն, եթե կա քաղաքական կամք դրսից: Բայց իրավիճակը ռեգիոնում բարդ է, քանի որ ՌԴ-ն ամրապնդված է, հայկական կողմը՝ թուլացած պատերազմի հետևանքով, իսկ Ադրբեջանը արագ ցանկանում է անցնել մյուս փուլերին»,- ասաց վերլուծաբանը: Թե ինչ կլինի առաջիկայում, փորձագետը դժվարանում է ասել, քանի որ վերլուծության առարկա նյութերը մոլորեցնող են, ինչը, ըստ նրա, նաև բնորոշ է նման բարդ փուլերին:
«Ամեն զարգացում հնարավոր եմ համարում, պատմության ընթացքում ամեն զարգացման ականատես ենք եղել: Բայց իմ ակնկալիքն այն է, որ Հայաստանի արևմտյան գործընկերները կարձագանքեն իրավիճակին և կփորձեն ապահովել իրենց մասնակցությունը աշխարհաքաղաքական հավասարակշռության վերականգնման համար: Մյուս կողմից՝ վերջին պահին չէ, որ գործընթացները պետք է տեղի ունենան, հենց դրանով է սա բարդ ընկալելի գործընթաց: Եթե իրականում կան փաստաթղթեր, ուրեմն դրանք նախապատրաստվել են որոշ ժամանակի ընթացքում, դա արդեն իսկ խոսում է»,- ասաց նա: