«Սիրելի հայ ազգ, եթե իսկապես ԿՏ-ի կարիք չունեք, մի՛ արեք, որովհետև քաղցկեղածին հատկություն ունի». բժիշկ-ճառագայթաբան
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք բժիշկ-ճառագայթաբան Շաքե Հմայակյանի հետ.
– Բժշկուհի, կորոնավիրուսով վարակված քաղաքացիների մի մասը, նույնիսկ առանց ՊՇՌ թեստ հանձնելու, միանգամից շտապում է համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ). Ինչո՞ւ այսպես համատարած դարձավ քովիդի դեպքում համակարգչային տոմոգրաֆիա կատարելը, որքանո՞վ է դա ճիշտ, արդյո՞ք կորոնավիրուսի ախտորոշման համար լավագույն տարբերակը ՊՇՌ թեստը չէ:
– Ի սկզբանե ասեմ, որ քովիդ ախտորոշելու համար ԿՏ-ն չի համարվում ոսկե ստանդարտ: Ամբողջ աշխարհում ՊՇՌ թեստավորումն է համարվում տվյալ վարակը հաստատող, կամ հերքող, իսկ ԿՏ-ով հաստատվում են քովիդի բարդությունները: Համակարգչային շերտագրմամբ բոլոր վիրուսային թոքաբորբերն ընթանում են նույնանման: Մենք կարծես մոռացել ենք, որ կան նաև սեզոնային այլ վիրուսներ, օրինակ՝ H1N1-ը, որը ևս վիրուսային թոքաբորբ է առաջացնում, և եթե դուք լինեք համակարգչային շերտագրման մասնագետ, չիմանալով պացիենտին, ձեր առջև դրվի երկու պատկերներ՝ քովիդ և H1N1, դուք երբեք չեք տարբերի, թե դա որ վիրուսն է: Քանի որ քովիդի բուժումը տարբերվում է H1N1-ից, որպեսզի հստակ իմանանք՝ պացիենտին ինչ բուժում է անհրաժեշտ, հարկավոր է ՊՇՌ թեստ հանձնել:
– Ո՞ր դեպքում քովիդով հիվանդ մարդը պետք է համակարգչային շերտագրում անցնի:
– Կան որոշակի ցուցանիշներ, որոնք վկայում են, որ տվյալ անձը համակարգչային շերտագրում անցնելու կարիք ունի: Բոլորս, կարծում եմ, տանը ունենք այդ պուլսօքսիմետրերը՝ փոքրիկ սարքեր, որ մատի վրա տեղադրելով՝ իմանում ենք մեր արյան օքսիգենացիայի, այսինքն՝ թոքերի թթվածինը յուրացնելու հատկությունը: Ինչքան թոքը ախտահարված է, այնքան այդ տոկոսը ցածր է լինում: Սովորաբար, սատուրացիան՝ օքսիգենով հագեցվածությունը, լինում է 97-98, այսինքն՝ բավականին բարձր տոկոսների: Եթե ունենում եք 92 տոկոսից ավելի քիչ սատուրացիայի թվեր, արդեն ցուցում է որոշակի ԿՏ անցնելու: Բայդ նաև պետք է հստակ իմանանք՝ պացիենտը ի՞նչ ուղեկցող հիվանդություններ ունի. հնարավոր է, որ թոքային խնդիրներ ունեցող պացիենտների մոտ մշտապես սատուրացիան ցածր թվեր ունենա:
Դրա համար պետք է մշտապես կապի մեջ լինել ձեզ բուժող բժշկի հետ: Հաջորդը՝ ջերմության բարձրացումն է շատ ավելի բարձր թվերով, քան վիրուսային հիվանդություններին բնորոշ է: 37.1-37.5-ը վիրուսներին բնորոշ է: Քանի որ վիրուսը օտարածին բան է մեր օրգանիզմի համար, մեր օրգանիզմի առաջին ռեակցիան ջերմելն է, որպեսզի ինչ-որ կերպ պայքարի այդ հիվանդության դեմ: Այսինքն՝ եթե դուք ունեք 37.1 ջերմություն, դա չի նշանակում, որ թոքաբորբ ունեք: Մոտավորապես 7-8-րդ օրն է հիմնականում զարգանում թոքաբորբը: Եթե այդ օրերին դուք ունենում եք ջերմության կտրուկ բարձրացում, այսինքն՝ 38-38.5 և ավելի, եթե ունենում եք հևոց, ինքնազգացողության կտրուկ վատացում, դա արդեն ցուցում է համակարգչային շերտագրում անցնելու: Բայց, էլի եմ ասում, վերջինս ճառագայթող և բարդագույն հետազոտության միջոց է, և սովորական մարդը չի կարող որոշել և գնալ ու անցնել: Դա պետք է հստակ ուղղորդված լինի բուժող բժշկի կողմից:
– Եթե մարդը չունի ԿՏ-ի կարիք, բայց մտածում է, որ կարող է քովիդ լինել, և ապահովության համար անցնում է համակարգչային շերտագրում, ի՞նչ հետագա բարդություններ դա կարող է առաջացնել:
– Պանիկան ամենասխալ բանն է, որը, կարելի է ասել, մեր ժողովրդին տիրել է: Ես խորհուրդ կտամ այդ պանիկան այլ ոլորտում օգտագործել, օրինակ՝ դիմակներ կրել, որպեսզի գոնե որոշ չափով վարակելիությունը իջեցնեք: Ես նշեցի, որ ԿՏ-ն ճառագայթային մեթոդ է, և իոնիզացիա առաջացնող, և մուտագեն հատկություն ունի, մի խոսքով՝ անիմաստ այդ հետազոտությունը անցնել միանշանակ չարժե, զուտ նրա համար, որ դուք հանգստանաք: Սիրելի հայ ազգ, եթե իսկապես ԿՏ-ի կարիք չունեք, մի՛ արեք, որովհետև քաղցկեղածին հատկություն ունի: Դուք չգիտեք՝ 10 տարի հետո ինչ հետևանքներ կարող է դա առաջացնել: Մարդ կա, որ գնում և սկսում է բժշկին խնդրել, համոզել, որ իրեն այդ հետազոտությունը անի, և երբեմն բժիշկն անկարող է պայքարել նման պացիենտի դեմ: Ես նման դեպքերի հանդիպել եմ իմ պրակտիկայում, երբ չես կարողանում մարդուն համոզել, որ իրականում նրան պետք չէ այդ հետազոտությունը, որովհետև հիվանդության երրորդ օրն է, ինքը ունի 37.2 ջերմություն և մի փոքր թույլ է զգում, իսկ դա ցուցում չէ համակարգչային շերտավորման:
– Այսինքն՝ իրազեկվածության խնդիր կա՞. Նույն մարդիկ չեն վախենում ԿՏ-ի գնալ, բայց պատվաստվելուց վախենում են:
– Այո, իրազեկվածության խնդիր կա: Մարդիկ պարտավոր էլ չեն դա իմանալ: Ամեն դեպքում, ես բոլորին խնդրում եմ, որ իրենց հարազատներին, բարեկամներին բացատրեն, որ դա ճառագայթային մեթոդ է: Հատկապես երեխաներին ռենտգենի և ԿՏ-ի մտցնել չարժե: Փոքր տարիքի անձանց մոտ բջիջների բաժանումը շատ ավելի ակտիվ է, մասնավորապես՝ ոսկրածուծում, և իրենց մոտ արյան խնդիրներ կարող են առաջանալ, եթե անենք հաճախակի ԿՏ: Երիտասարդներին ևս դա վերաբերում է:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում