Աշխարհաքաղաքական ո՞ր կենտրոնին է արգելափակում Պուտինը սահմանազատման հարցում
«Վալդայ» միջազգային փորձագիտական ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ելույթը, ինչպես միշտ, ինտրիգային էր և կարևոր ռեգիոնալ գործընթացները հասկանալու տեսանկյունից: ՌԴ նախագահն ուղերձներ հղեց՝ ինչպես հակամարտության կողմերին, այլև՝ միջազգային դերակատարներին, որոնք հավակնում են մասնակցել թե տարածաշրջանային ապաշրջափակման, թե դեմարկացիա-դելիմիտացիա, թե Արցախյան կարգավորման գործընթացներին: Նախ՝ հակիրճ ներկայացնենք պուտինյան շեշտադրումները:
- Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ամբողջ տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար: Այդ պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, երբ երկու կողմերն ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները՝ որպես երկարաժամկետ, և երկու կողմերն էլ գնահատեն առավելությունները:
- Ադրբեջանը շահագրգռված է Նախիջևանի հետ նորմալ հաղորդակցության իրականացման և հաղորդակցությունների ապասառեցման հարցում։
- Հայաստանի առջև ծառացած առաջին խնդիրներից է՝ տարածաշրջանում ստեղծել արդյունավետ տնտեսական կյանք, արդյունավետ փոխգործակցություն: Այդ թվում՝ ապագայում Ադրբեջանի հետ։ Սկզբունքորեն Հայաստանը շահագրգռված է դրանում: Ապասառեցնել հարաբերությունները Թուրքիայի հետ, դրանց ժամանակակից բնույթ հաղորդել։ Եվ այս, և մեկ, և մյուս դեպքում պետք է հանգեցնի հիմնական նպատակի իրականացմանը՝ երկու պետությունների անվտանգ համակեցության և տնտեսական զարգացման պայմանների ստեղծմանը:
- Այժմ ամենակարևորը սահմանին իրավիճակի վերջնական կարգավորումն է։ Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության՝ ոչինչ հնարավոր չէ անել։ Այստեղ, թերևս, մեզ ուրիշ ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից:
- Կան պարզ պրագմատիկ բաներ` քարտեզներ, որոնք գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում: Քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին էր սահմանը հանրապետությունների միջև խորհրդային շրջանում: Այս փաստաթղթերի հիման վրա պետք է հանգիստ նստել… երկու կողմերից… Կան բաներ, որոնք պահանջում են նաև փոխզիջումներ… ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթելու համար, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակելու համար:
- Մենք, իհարկե, նաև բազմակողմ ձևաչափ գտնելու կողմնակից ենք, այդ թվում, ասենք, Մինսկի խմբի աշխատանքի ակտիվացման։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, այդ թվում՝ մեր գործընկերների հետ։ Գլխավորը հիմնական նպատակին հասնելն է՝ անվտանգության ստեղծումը և հարաբերությունների հետագա կառուցումը դրական առումով:
Պուտինյան շեշտադրումներից պարզ դարձավ, որ սահմանազատման գործընթաց ՌԴ-ն որևէ այլ խաղացողի «մուտք» թույլ չի տալու, թեև Եվրոպական միությունը, ԱՄՆ-ը, հղում անելով Մինսկի խմբին, բազմաթիվ առիթներով կողմերին աջակցելու պատրաստակամություն են հայտնել: Նիկոլ Փաշինյանը ևս աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին, ըստ էության, առաջարկել էր «գալ» տարածաշրջան և մասնակցել գործընթացներին մայիսի 12-ին ադրբեջանական ուժերի՝ ՀՀ տարածք ներխուժումից հետո: ՌԴ նախագահը հասկացրեց՝ բոլոր կարևոր գործընթացների լուծումը Ռուսաստանի ձեռքում է, քանի որ ներկայումս ամենակարևորը սահմանազատման գործընթացում քարտեզներն են, որոնց հիման վրա պետք է իրականանա սահմանազատումը:
Հայաստանում ոչ միայն միանշանակ չեն ընկալվել, այլև վտանգավոր են որակվել Պուտինի թեզերը, հատկապես, երբ սահմանազատման հարցում խոսքը քարտեզների մասին է, որոնք Հայաստանին ձեռնտու չեն: Ինչպես մասնագետներն են պնդում, կան 1975-1976 թթ., 1985թ., 1942թ. Խորհրդային քարտեզներ, և միայն դրանցով առաջնորդվելը սխալ է, հատկապես, երբ դրանք տնօրինում է միայն ռուսական կողմը, և մասնագետները դրանք ուսումնասիրելու, քննարկելու հնարավորություն չունեն: Սակայն ըստ էության նորություն չկար նրանում, որ այդ քարտեզներն են հիմք ընդունվելու, քանի որ այդ մասին ՀՀ իշխանությունները նախկինում խոսել էին՝ մինչև անգամ հստակեցնելով, որ խոսքը 1975-1976 թվականների քարտեզների մասին է:
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ժամանակ հոկտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ Հայաստանը պատրաստ է սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթաց: «Մենք պատրաստ ենք սկսել այդ գործընթացը, և այս հարցում ակնկալում ենք նաև Ռուսաստանի և մեր մյուս միջազգային գործընկերների աջակցությունը»,- նշել էր Փաշինյանը՝ ըստ էության գործընթաց հրավիրելով այլ խաղացողների ևս, որոնց ՌԴ-ն մերժում է:
Հարկ է նաև հիշեցնել, որ ԵՄ-ն իր պաշտոնյաների միջոցով նշել էր, որ պատրաստ է նաև դեմարկացիայի և դելիմիտացիայի դեպքում խնդիրներ ծագելիս միջնորդ լինել, եթե Հայաստանն ու Ադրբեջանը տան իրենց համաձայնությունը։ Սակայն ՌԴ նախագահը թե՛ Երևանին, թե՛ Արևմուտքին հստակեցնում է՝ դելիմիտացիա-դեմարկացիան իրականացնելու է Ռուսաստանը:
«168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը փորձեց բացատրել ռուսական այդ մոտեցումը՝ նշելով, թե ՌԴ նախագահը հստակեցրել է, որ եթե կան իրավիճակը լուծելու ավելի նախընտրելի տարբերակներ, կողմերը դրանք կարող են ներկայացնել: Սակայն, ըստ նրա, Ղարաբաղյան երկրորդ մեծ պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանն է կարողանում ինչ-որ հարց լուծել:
«Չէ՞ որ Ֆրանսիան, ԱՄՆ-ը պատերազմի ընթացքում փորձեցին հրադադար հաստատել, սակայն չկարողացան, և ՌԴ նախագահը կանգնեցրեց պատերազմը, արյունահեղությունը, փրկեց մարդկանց կյանքեր: Ներկայումս պետք է խաղաղություն տարածաշրջանին: Պատերազմին հաջորդող ամիսների ընթացքում ամեն ինչ չէ, որ ընթացել է այնպես, ինչպես ավելի լավ կլիներ խաղաղության տեսանկյունից, քանի որ լարվածությունը պահպանվեց, Թուրքիան, Ադրբեջանը Հայաստանին ընդառաջ քայլեր ժամանակին չարեցին, ինչը խնդիր է: Ավելին՝ առաջ եկավ սահմանների խնդիրը, և եթե կան խորհրդային քարտեզներ, դրանք Ռուսաստանում են, ո՞վ պետք է դրանով զբաղվի, եթե ոչ՝ Ռուսաստանը, եթե Ռուսաստանն էլ կանգնեցրել է պատերազմը: Տրամաբանական է՝ եթե հարցը լուծելու առաջարկներ կան, կարող են դրանք արվել և կարող էին արվել ավելի վաղ, եթե ոչ՝ ռուսական կողմն ունի լուծումը, և կարևոր է նաև, որ այդ լուծումը փոխզիջումային պետք է լինի»,- ասաց Տարասովը:
Ֆյոդոր Լուկիանովն իր հերթին՝ մեզ հետ զրույցում ասաց, որ շատ մեծ դրական հանգամանք է այն, որ նման լուրջ տարածաշրջանային զարգացումներից հետո, որոնց ընթացքում ԵԱՀԿ ՄԽ-ն ունեցավ զրոյական դերակատարություն, ՌԴ-ն շեշտում է, որ այդ հարթակն ակտիվացնելու ուղղությամբ են աշխատում:
«Բայց տարածաշրջանում կան իրողություններ, կա աշխարհագրություն, կա պատմություն, խորհրդային պատմություն: Արևմուտքը չկարողացավ, այդ թվում՝ այս ԵԱՀԿ ՄԽ-ի միջոցով պատերազմի ընթացքում անել այն, ինչ արեց ՌԴ-ն: Ներկայումս հարցն այն է, որպեսզի բոլոր լուծումները բավարարեն բոլոր կողմերին, դա բարդ գործընթաց է, բոլորի ձայնը պետք է լսելի լինի, կողմերի կամքով: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ունի ազդեցություն, որի համար կան հստակ պատճառներ, սակայն Ռուսաստանը չի սահմանափակում որևէ գործընթաց, պարզապես Ռուսաստանը նշում է այն տրամաբանությունը, որը հետևում է նրան, ինչ տեղի է ունեցել: Բայց հասկանալի է, որ սահմանների հարցը հատկապես նման ծանր պատերազմից հետո շատ նուրբ հարց է, կողմերից յուրաքանչյուրը հասկանալիորեն այս հարցում ևս ցանկանում է բանակցել իրեն հարմար տարբերակ»,- նման կերպ մեկնաբանեց Լուկիանովը: