Գուցե թալանողները լեզու են գտել Փաշինյանի հետ, իսկ ընդդիմությունը կործանման է դատապարտված իր այս օրակարգով. Գևորգ Գորգիսյան
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 8-րդ գումարման Ազգային ժողովում տեղ չգտած «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Գևորգ Գորգիսյանը զուգահեռ անցկացնելով 7-րդ և 8-րդ գումարման Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքների միջև՝ պնդում է, թե իրենք էլ էին իշխանության հետ ծեծկռտուքի մեջ հայտնվել խորհրդարանում, սակայն դրանից հետո լուրջ փոփոխության են ենթարկել իրենց վարքագիծը. օրինակ՝ մոտ մեկ ամիս բոյկոտել են Ազգային ժողովի նիստերը, իսկ այսօր 8-րդ գումարման Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունները ծեծկռտուքից հետո ոչ որևէ նիստ են բոյկոտել, ոչ էլ վարքագիծ փոխել. ավելին՝ շարունակում են իշխանության հետ նստել ու տարատեսակ նախագծեր քննարկել, իսկ ընդդիմության նման գործելաոճն այս իշխանությանը հնարավորություն է տալիս անելու այն, ինչ ցանկանում է։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս տեսակետը հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով.
«Ընդդիմությունն իր այսօրվա բառամթերքով, իր գործողություններով չի կարողանալու հակազդել, իսկ եթե չկարողանա հակազդել, չի կարողանա նաև որևէ հարցում փոխզսպել, իսկ դրա համար է, որ այսօր իշխանությունն անում է այն, ինչ ուզում է»։
Դիտարկմանը, թե այն ժամանակ, երբ ԼՀԿ-ն էր խորհրդարանում ընդդիմություն, Փաշինյանի իշխանությունը դարձյալ արել է այն, ինչ ուզել է, և իրենք, որպես ընդդիմություն, չեն կարողացել հակազդել, չեն կարողացել կանխել, օրինակ, իշխանության սրտով իրականացվող Սահմանադրական դատարանի վերաձևումը, Գորգիսյանը պատասխանեց.
«Որովհետև այսօրվա ընդդիմադիրների՝ ժամանակին գրված Սահմանադրությամբ ընդդիմությանը տրվել են հնարավորինս քիչ լծակներ, որ իշխանությունն ինչ ուզենա՝ անի։ Այսօր ստացվել է այնպես, որ այն մարդիկ, որոնք գրել են այդ Սահմանադրությունն ու ԱԺ կանոնակարգ օրենքը, դժգոհում են դրանց տված հնարավորություններից։ Սա զավեշտալի է։ Համենայն դեպս, մեր ժամանակ հանձնաժողովների նախագահների սենյակներում Փաշինյանի նկարը կախված չէր. սա ևս նշանակում է, որ հիմա իշխանությունն ինչ ուզում՝ անում է»։
Ըստ նրա՝ քանի որ հայ ժողովուրդը կրթական ցածր մակարդակի պատճառով դարձել է նյութապաշտ, ուստի սպասելի էլ չէր, որ հայրենիքի մի մաս համարվող Արցախի մեծ մասը կորցնելուց հետո կարող է փողոցներ հեղեղել, ուստի նման հասարակության հետ այդ ամենից հետո դժվար է խոսել ու առաջադրել «թալանչիից» ու «հողատուից» բացի՝ այլ օրակարգ։
«Միգուցե թալանողները հիմա լեզու են գտել Փաշինյանի հետ, ես չգիտեմ, բայց մեր ժողովուրդը կրթական, մշակութային դեգրադացիայի համար դարձել է նյութապաշտ, և նրա համար ավելի կարևոր է ինչ-որ մեկին վնասել, թալանը ետ բերել, քան թե Արցախը»:
Ըստ մեր զրուցակցի՝ իրենց առաջարկած օրակարգը, իրենց ձայնը շատ հաճախ հենց այդ ցածր կրթական մակարդակի պատճառով է, որ քաղաքացիներին լսելի չէ։
Դիտարկմանը՝ գուցե լսելի չլինելու պատճառն այն է, որ հասարակության այդ նույն շերտերի համար իրենց կուսակցության առաջադրած օրակարգն անհասկանալի է, մարդկանց մոտ հասկանալի չէ, թե ինչու իրենք, լինելով ընդդիմադիր ուժ, քննադատում են ընդդիմադիր մյուս ուժերին և Փաշինյանի պես թիրախավորում 3-րդ և 2-րդ նախագահներ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, գուցե հասարակության համար իրենց առաջադրած օրակարգն ընդունելի չէ, որովհետև նրանք տեսնում են սովորական մի աթոռակռիվ, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց.
«Եթե մենք հետաքրքրված լինեինք մեր աթոռները պահելով՝ մենք առաջ չէինք տանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը՝ չիմանալով՝ անցնելո՞ւ ենք հաջորդ խորհրդարանում, թե՞ ոչ։ Դա բխում էր պետականության շահից»։
Պետականության շահի՞ց է արդյոք բխում այն, որ «Լուսավոր Հայաստանը» շարունակում է քննադատել միայն Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին իշխանության ոճով, Գորգիսյանը պատասխանեց.
«Ես նրանց հետ անհաշտ եմ, որովհետև իրենք իրենց ամբիցիաները վեր դասեցին պետական շահից։ Այսօր խորհրդարանում որևէ պատգամավորի չգիտեմ, որը Փաշինյանից պահանջել է հրաժարական. ոչ ոք չի պահանջել։ Ազգային ժողովում բոլորը հաշտ են, որ Փաշինյանը վարչապետ է, իրենք էլ էդպես աշխատում են։ Նրանք մեկ տարի առաջ պնդում էին, որ ընդդիմությունը պետք է մանդատները դնի՝ դուրս գա, այսօր իրենք դրան դեմ են։ Այս օրակարգով կործանման են դատապարտված»,- ասաց Գորգիսյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում