Ինչի վրա է կառուցված մեր տնտեսության ապագան

Չնայած անցած տարվա անկումից հետո արձանագրվող որոշ աճին՝ մեր տնտեսության իրական հատվածի վիճակը վատ է։ Աճի այն փոքր միտումն էլ, որ կա, կապված չէ տնտեսության իրական զարգացումների հետ։ Ընդամենը մեկ ամիս հանքագործական արդյունաբերության մեջ արտադրության ծավալների անկում գրանցվեց, ու արդյունաբերության աճը կանգնեց։

Նույնիսկ անկում արձանագրեց։ Այն էլ՝ բավական խորը անկումը։ Օգոստոսին արտադրության ծավալները կրճատվեցին ավելի քան 5 տոկոսով։

Հինգ տոկոսը գուցե շատերը մեծ անկում չհամարեն, բայց եթե հաշվի առնենք, որ դա տեղի է ունեցել անցած տարվա անկման ֆոնին, պատկերը կամբողջանա։ Մեկ ամիս հանքարդյունաբերությունը հետ մնաց, ու դա միանգամից արտահայտվեց ամբողջ արդյունաբերության վրա։

Օգոստոսին հանքարդյունաբերության մեջ ունեցել ենք արտադրության ծավալների բավական լուրջ կրճատում։ Նախորդ տարվա համեմատ՝ 18 տոկոսով։

Թե ինչո՞ւ են նվազել արտադրության ծավալները, մեկ այլ հարց է, բայց դա ցույց է տալիս այն մեծ կախվածությունը, որն ունի արդյունաբերությունն այս մեկ ճյուղից։ Դրա հետևանքով ոչ միայն օգոստոսին է արդյունաբերության անկում գրանցվել, այլ էապես նվազել է ոլորտի աճի տեմպը։ Ութ ամսում՝ ընդամենը 1 տոկոս։ Մինչ այդ 2,1 տոկոս էր։ Միայն այն, որ օգոստոսին ունեցանք հանքարդյունաբերության 18 տոկոսանոց անկում, ամբողջ արդյունաբերության աճը նվազեց 1,1 տոկոսային կետով։

Թե ինչո՞ւ միջազգային շուկաների նպաստավոր զարգացումների պայմաններում օգոստոսին ունեցանք այսպիսի տխուր պատկեր, պետք է հարցնել կառավարությանը։

Դա ըստ էության կառավարության այն հետևողական գործողությունների հետևանքն էր, որն իրականացվում էր ոլորտի խոշոր ընկերություններից մեկի՝ Զանգեզուրի կոմբինատի նկատմամբ, քաղաքական հողի վրա։ Տարբեր միջոցներով խոչընդոտներ էին ստեղծվում ընկերության գործունեության համար։

Մյուս կողմից էլ՝ հավանաբար ազդել են բեռնափոխադրումների հետ կապված խնդիրները։ Ու դրանք բերել են արտադրության ծավալների բավական մեծ կրճատման։

Եթե այս միտումը շարունակվի ևս մեկ ամիս, ապա արդյունաբերությունն ընդհանրապես կզրկվի աճից։

Այդպես է, որովհետև մյուս ճյուղերում, մասնավորապես՝ մշակող արդյունաբերության մեջ, աճ չկա։ Տարին մոտենում է ավարտին, բայց մինչև հիմա այդպես էլ չհաջողվեց վերականգնել աճը։ Անցած տարվա անկումից հետո, մշակող արդյունաբերությունը շարունակում է անկում արձանագրել։ Օգոստոսին ևս չի հաջողվել հաղթահարել անկումային իրավիճակը։

Տնտեսության այս կարևոր հատվածում ունենք արտադրության ծավալների 1,2 տոկոս նվազում։ Ու կրկին նվազում՝ նվազման ֆոնին։

Անցած տարվա նույն ժամանակահատվածում մշակող արդյունաբերության անկումը 3,2 տոկոս էր։

Անցած տարվա այդ իրավիճակը դեռ կարելի էր հասկանալ. համատարած սահմանափակումներն ու տեղափոխման դժվարությունները խոչընդոտներ էին ստեղծում արտադրության համար։ Այս տարի այդ սահմանափակումները հիմնականում վերացել են, բայց ոլորտը չի կարողանում դուրս գալ սթրեսային վիճակից ու շարունակում է անկումային մնալ։

Սրա մասին կառավարությունում խուսափում են խոսել։ Էկոնոմիկայի նախարարն էլ հավանաբար ժամանակ չունի նման «մանր-մունր» հարցերով զբաղվելու համար։ Նրան ավելի շատ գլոբալ հարցերն են հետաքրքրում։ Երկնիշ տնտեսական աճերից է խոսում, երբ իր գլխավորած ոլորտում աճ գրեթե չկա։ Էլ չասենք, որ արդյունաբերության մշակող ճյուղում անկումը՝ անկման ֆոնին է։ Կանխատեսումներ են անում տնտեսական աճի ու ճանապարհների ապաշրջափակման արդյունքում Հայաստանի տնտեսությանը սպասվող ֆենոմենալ զարգացումների վերաբերյալ, փոխարենը գործով ցույց տան այն արդյունքները, որոնց մասին խոսում են։

Բնական է, որ այսպես էլ պիտի լիներ։ Տնտեսությունը մնացել է իներցիայի հույսին։

Դեռ չհաշված, որ կառավարությունն էլ իր հերթին է խոչընդոտներ ստեղծում։

Տնտեսական անմխիթար վիճակում փոխարենը թուլացնեին հարկային ճնշումը՝ ավելացրին ենթաակցիզային ապրանքների հարկման բեռը։ Հետևանքները տեսնում ենք՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ բյուջեի եկամուտների վրա։

Դա ակնհայտ է հատկապես ծխախոտի արտադրության ոլորտում։ Մի կողմից՝ արտահանման շուկաներում ստեղծված անհարմարությունները, մյուս կողմից՝ հարկային բեռի ավելացումը հանգեցրել է արտադրության ծավալների կտրուկ անկման։ Գրեթե 15 տոկոս նվազում ունենք։

Ամբողջ խնդիրն այն է, որ այդ նվազումն անցած տարվա շատ ավելի խորը անկման նկատմամբ է։ Անցած տարվա անկումը 8 ամսում 21 տոկոս էր։

Որպեսզի հնարավոր լինի լիարժեք պատկերացնել այն, ինչ տեղի է ունեցել ոլորտում, մեկ օրինակ բերենք. 2019թ. 8 ամսում Հայաստանում արտադրվել էր 19 մլրդ 793 միլիոն հատ սիգարետ։ Անցած տարի նույն ժամանակ արտադրվել էր 17 մլրդ 818 միլիոն հատ։ Արդեն այս տարի արտադրվել է 14 մլրդ 686 միլիոն հատ սիգարետ։

Տարբերությունը 2 տարվա կտրվածքով գերազանցում է 5 միլիարդ հատը։

Հիմա հաշվեք այն կորուստները, որը կրել է մեր տնտեսությունն արտադրության ծավալների կրճատման հետևանքով։ Թեև կորուստները միայն տնտեսական չեն, նաև ֆինանսական են։ Նվազել են նաև այս հատվածից բյուջետային եկամուտները։ Ընդհանրապես ակցիզային հարկի մուտքերն են կրճատվել, չնայած կառավարության հաշվարկներով՝ հակառակը պիտի լիներ։ Բարձրացրել են հարկային բեռը ու կարծում են, թե դրա արդյունքում մուտքերը պետք է ավելանան։ Բայց չեն մտածել, որ դրա հետևանքով կարող է տուժել արտադրությունը, կարող է նվազել նաև սպառումը։

Այն, ինչի հիմա բախվել ենք։ Բայց կառավարությունում չտեսնելու են տալիս։ Ավելին, մտածում են, որ հաջորդ տարվանից պետք է կրկին բարձրացնեն ակցիզային հարկի բեռը։

Ահա այսպիսին է մեր տնտեսական ու հարկային քաղաքականությունը։

Զարմանալի չի լինի, եթե վաղն էլ նույն իրավիճակին բախվենք հանքարդյունաբերության դեպքում։ Քանի որ այս փուլում նպաստավոր իրավիճակ է մետաղների արտաքին շուկաներում, կառավարությունը գնաց հարկային բեռի ավելացման՝ սահմանելով արտահանման տուրք։  Հետո էլ մտադիր են այլ կարգավորումներ մտցնել՝ ուղղված հարկային բեռի ավելացման։

Թե դա ի՞նչ հետևանքներ կունենա ոլորտի հետագա զարգացումների վրա, կերևա հետագայում։

Ծխախոտի արտադրության ոլորտում էլ սկզբից ամեն ինչ նորմալ էր թվում։ Բայց բախվեցինք տնտեսական ճգնաժամի, ու խնդիրները միանգամից գլուխ բարձրացրեցին։ Ոչ մի հիմք չկա, որ վաղը նույնը չի լինի հանքարդյունաբերության հետ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս