«Ոչխարին էլ է թվում, որ ինքը շատ կարևոր մարդ է հոտում, բայց վերջում իրեն մորթում և ուտում են». Արմինե Ադիբեկյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ Մոսկվայում սպասվող հանդիպումների ժամանակ համաձայնեցվելու է խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը և ստորագրման պատրաստման գործընթացը:

«Խաղաղության պայմանագիր է ստորագրելու Փաշինյանը: Ըստ Ալիևի՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ ամբողջովին հրաժարվելով Արցախից և Արցախի անկախությունից, զիջում է բոլոր այն տարածքները, որոնք հենց հիմա գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, և բացի դրանից՝ նաև զիջելու են, այսպես կոչված՝ անկլավները, այսինքն՝ խոսքը սահմանների դելիմիտացիայի մասին է: Ըստ Թուրքիայի՝ Հայաստանը պետք է ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ հրաժարվի Ցեղասպանության ճանաչումից և որոշակի տարածքային հավակնություններից, որն իմ տեսանկյունից՝ անիմաստ կետ է: Եվ, ըստ երևույթին, խոսքը միջանցքի մասին է լինելու, որը ադրբեջանաթուրքական կողմը պնդում է՝ միջանցք է, իսկ հայ-ռուսական կողմը փորձում է մեզ համոզել, որ խոսքն ընդամենը ճանապարհի մասին է: Սա՛ է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կհանդիպի ՌԴ նախագահի հետ, կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև՝ ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Ի՞նչ ակնկալել այդ հանդիպումից: Մոսկվայում է գտնվում նաև Ամենայն Հայոց կաթողիկոսը, որը հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի հետ և կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը: Մոսկվա է մեկնել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:

Արմինե Ադիբեկյանի խոսքով՝ Ալիևի և Փաշինյանի հայտարարած խաղաղությունը բացարձակապես նույնը չէ. «Ես չեմ պատկերացնում՝ ինչի մասին է խոսում Փաշինյանը՝ խաղաղություն բառը նշելով, իսկ Ալիևը խաղաղությունը պատկերացնում է մի պարագայում, երբ տարածաշրջանում չի լինի ոչ մի հայ, կամ կմնա հայկական փոքր համայնք, որ աշխարհին ցույց տա՝ տեսեք՝ մենք նրանց չենք սպանում: Սա է Ալիևի խաղաղության պատկերացումը: Թե Փաշինյանը ինչ նկատի ունի, կամ որքանով է դա ընդունելի Փաշինյանի համար, ես չեմ կարող ասել, բայց հաշվի առնելով Փաշինյանի մտաունակությունները և ռազմավարական հեռատեսությունը, ես հասկանում եմ, որ տարածաշրջանում ունենալու ենք Իլհամ Ալիևի խաղաղությունը»:

Ադրբեջանի հարցերով փորձագետը տարածաշրջանում խաղաղության հաստատման որևէ նախադրյալ չի տեսնում, և որպես դրա ապացույց՝ հիշատակում է Արցախի բնակչի սպանության, Արարատի մարզում բնակչի վիրավորման լուրերը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Արցախում ադրբեջանցիների կրակոցից խաղաղ բնակչի սպանության լուրը: Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 9-ին գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի կրակոցի հետևանքով մահացու վիրավորում է ստացել խաղաղ բնակիչ. «Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հետաքննում է միջադեպը՝ երկու կողմերի ներգրավմամբ»: Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեցինք՝ սա ռուս խաղաղապահների դեմ ուղղված գործողությո՞ւն է, թե՞ խաղաղության դարաշրջանի ադրբեջանական պատկերացումը:

«Ես չեմ պատկերացնում, որ Ալիևը կարող է այդքան խիզախ գտնվել, որ սկսի Պուտինի նյարդերի հետ խաղալ, որովհետև դա շատ ավելի թանկ կարող է նստել Իլհամ Ալիևի վրա, քան նա պատկերացնում է. կարող է գա մի պահ, որ Էրդողանը չկարողանա Ալիևին պաշտպանել: Դա լոկալ թեմա է, կամ միգուցե կրակողը հարբած է եղել, կամ նման մի բան: Ամեն դեպքում, դա խոսում է այն մասին, որ կամ Ալիևը չի կարողանում վերահսկել իր զորքերը, այսինքն՝ զորքերը անում են՝ ինչ ուզում են, կամ էլ դա կոնկրետ հրահանգ է, որ արցախցիները հանգիստ օր ու ժամ չունենան»,- ի պատասխան՝ ասաց նա:

Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը մոտ ապագայում կլինի Հայաստանում և Ադրբեջանում: Իրանի արտգործնախարարը մասնավորապես նշել է, որ  Իրանի հարևաններին, ներառյալ՝ հյուսիսային հարևաններին ուշադրության կենտրոնում պահելը Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. «Հայաստանն ու Ադրբեջանն Իրանի լավ հարևաններն են, հետևաբար՝ մենք չենք կարող աշխատել նրանցից յուրաքանչյուրի դեմ: Իրանի արտաքին քաղաքականությունը բալանսավորված է»:

Արմինե Ադիբեկյանի գնահատմամբ՝ վերոնշյալը նշանակում է, որ իրանաադրբեջանական պատերազմ չի լինելու. «Մեր հայրենակիցները, որ ակնկալում էին, որ հես է՝ Իրանը Ադրբեջանին կջախջախի, իհարկե, ոչ: Իրանը այն վիճակում չէ, որ պատերազմ սկսի, և առհասարակ, Իրանն իր պատմության մեջ մեկ-երկու անգամ է եղել, երբ ինքն է պատերազմ սկսել: Հետևաբար, որևէ նախադրյալ չկա, որ Իրանը պատերազմ նախաձեռնի՝ հաղթանակ ակնկալելով»:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանը, նա նշեց, որ Փաշինյանն անելու է այն, ինչ Ալիևը նրան հրահանգի:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանն ասաց, որ պատրաստ է հանդիպել Ալիևի հետ, նա պատասխանեց. «Ոչխարին էլ է թվում, որ ինքը շատ կարևոր մարդ է հոտում, բայց վերջում իրեն մորթում և ուտում են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս