Գևորգ Նավոյանի գործով այսքան զուգադիպություններ չէին կարող լինել… դիտավորություն է եղել. փաստաբան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն նստավայր)՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, կայացավ «Պատիվ ունեմ» դաշինքի Քանաքեռ և Զեյթուն վարչական շրջանի շտաբի պետ Գևորգ Նավոյանի և Անահիտ Գրիգորյանի գործով դատական նիստը:
Նիստի ընթացքում Գևորգ Նավոյանի պաշտպանները դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին, ինչի հիմքում քրեական գործը դատավորին մակագրելու կարգն էր: Իսկ մակագրությունը՝ Մնացական Մարտիրոսյանին կատարվել էր ձեռքով, ու ինչպես դատական նիստի ընթացքում պնդում էին պաշտպանները, իրականացվել էր օրենքի խախտմամբ:
Գևորգ Նավոյանի շահերի պաշտպան Արտակ Նավասարդյանը միջնորդությունը ներկայացնելիս նշեց, որ Գևորգ Նավոյանի գործը մակագրելու ընթացքում կարգը խախտվել է, և դա ընդունել է թե՛ դատախազությունը, թե՛ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարը:
Միջնորդությունը ներկայացնելուց հետո դատախազ Հրանուշ Բաղդասարյանը նշեց, որ այս փաստի շրջանակներում դատախազությունը հանցագործության մասին հաղորդում է ստացել, ընթանում է նյութերի նախապատրաստման փուլը: Ու չնայած պաշտպանական կողմը հայտնեց, որ քրեական գործ հարուցել-չհարուցելը որևէ առնչությունը չունի դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության հետ, քանի որ դատախազությունը կատարված վրիպակի փաստն ընդունել է, դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում կայացրեց հետաձգել միջնորդության լուծումը՝ մինչև միջնորդությանն առնչվող փաստերի ստացումը: Արդյունքում՝ դատական նիստը հետաձգվեց:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գևորգ Նավոյանի փաստաբան Սլավիկ Պողոսյանը նշեց, որ մակագրման կարգի խախտման մեջ դիտավորություն են տեսնում, բացի այդ, Նավոյանին առնչվող մի քանի միջնորդություն կրկին Մնացական Մարտիրոսյանն է քննել:
«Գտնում ենք, որ այսքան պատահականություններ չէր կարող լինել: Գտնում ենք, որ հենց դիտավորությամբ են դատավորին մակագրելու կարգում խախտումներ եղել: Առաջինը, թե ինչու ենք գտնում, որ հենց դիտավորությամբ է եղել, այն է, որ, ըստ մեզ, գործը բավականին թույլ է, այսինքն՝ մեղադրանքը չի հաստատվում, ընդամենը մեկ աղբյուրից տեղեկատվություն է, հիմա չեմ ուզում դա մանրամասնել: Այնպիսի գործ է, որն ընդհանրապես չպետք է ուղարկվեր դատարան:
Երկրորդ, դատավոր Մարտիրոսյանն այս գործով արդեն մինչդատական վարույթում 3 անգամ Գևորգ Նավոյանի վերաբերյալ որոշում է կայացրել: Առաջին՝ սահմանափակել է Գևորգ Նավոյանի ազատության իրավունքը, այսինքն՝ կալանքն ինքն է տվել, երկրորդ՝ սահմանափակել է Գևորգ Նավոյանի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը, երրորդ՝ սահմանափակել է Գևորգ Նավոյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը: Գործով ընդամենը մեկ որոշում է կայացվել, որը չի կայացրել դատավոր Մնացական Մարտիրոսյանը, այլ կայացրել է դատարանի նախագահը: Ստացվում է, որ պատահականությունները եկան…. ու ամբողջությամբ գործի քննությունը մակագրվեց դատավոր Մարտիրոսյանին, մի հատ էլ վերջում գործը պատահական մակագրվեց ու պատահական սխալ մակագրվեց: Անհավատալի է, չեմ հավատում ես ուղղակի, որ այդքան զուգադիպություններ կարող են լինել: Մենք գտնում ենք, որ դիտավորություն է եղել»,- ասաց Սլավիկ Պողոսյանը:
Այս հարցին ավելի վաղ ԱԺ-ում անդրադարձել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ նշելով, որ օրենքը սահմանում է, որ այնպիսի իրավիճակներում, երբ քրեական գործի էլեկտրոնային մակագրում իրականացնել հնարավոր չէ, այն պետք է տեղի ունենա այբբենական կարգով, ինչն այս դեպքում չի արվել:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգ Նավոյանը մեղադրվում է, որ 2021 թվականի հունիսի 20-ին ՀՀ-ում կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրություններին մասնակցելու և առաջադրված կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողին տվել է կաշառք:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում