Ակնկալում եմ, որ ԲԴԽ-ն այս իրավական զավեշտին կտա պատշաճ գնահատական. Հայկ Մամիջանյան

«Ես կուզենայի այս ամբիոնն օգտագործել մի շատ հետաքրքիր իրողության մասին ձեզ հետ կիսվելու համար»,- ԱԺ ամբիոնից հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ ցավ հայտնելով, որ ԲԴԽ նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ դահլիճում չէ և չի կարողանա լսել «իր համար հետաքրքրական ինֆորմացիան»:

Պատգամավորն անդրադարձավ ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրվող՝ «Պատիվ ունեմ» դաշինքի Քանաքեռ և Զեյթուն վարչական շրջանի շտաբի պետ Գևորգ Նավոյանի նկատմամբ հարուցված քրեական գործը դատավորին մակագրելու գործընթացին, որը ևս իրականացվել է ձեռքով (գործերի մակագրման համար նախատեսված համակարգիչը ամիսներ առաջ ԱԱԾ-ն առգրավել էր):

Գևորգ Նավոյանին առնչվող քրեական գործը մակագրվել է Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Օրենքը սահմանում է, որ այնպիսի իրավիճակներում, երբ քրեական գործի էլեկտրոնային մակագրում իրականացնել հնարավոր չէ, մակագրումը պետք է տեղի ունենա այբբենական կարգով:

«Դատալեքս դատական-տեղեկատվական համակագի ուսումնասիրության արդյունքում մենք տեսնում ենք, որ նախորդ բոլոր գործերի դատավորների բաշխումը տեղի է ունեցել գործի համար-(դատավորի.- Ա.Հ.) ազգանվան առաջին տառ այբբենական կարգով: Խնդրեմ՝ թիվ ԵԴ1074 քրեական գործը բաշխվել է պարոն Ֆարխոյանին, Ֆ-ն մեր այբուբենի վերջին տառն է, պիտի վերադառնանք սկզբին, 75, 76 գործերը բաշխվում են դատավորներ Գրիգորյանին և Դանիբեկյանին: Տրամաբանական է, չէ՞, որ թիվ ԵԴ1077 գործը, որը Գևորգ Նավոյանի գործն է, պիտի բաշխվեր ըստ հերթականության: Բայց միայն գործող իշխանական համակարգին հայտնի այբուբենով ինչ-որ կերպ այդ գործը հայտնվում է արդեն իսկ հայտնի Մնացական Մարտիրոսյանի սեղանին:

Բնականաբար, հաջորդ փուլում մեր փաստաբանները դիմում են՝ փորձելու հասկանալ՝ իսկ ի՞նչ է տեղի ունեցել: Պատասխանը լինում է հետևյալը, որ գործավարները օրական 500-600 մակագրում են անում, և տեղի է ունեցել տեխնիկական սխալ: Հաջորդ գրությունը, որը ստացվել է Ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմից, ես պիտի ընթերցեմ՝ «Հայտնում ենք, որ գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից, մակագրվել է դատավոր Մ. Մարտիրոսյանին՝ ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգին համապատասխան: Սակայն նշված քրեական գործը «Դատական համակարգ համակարգչային ծրագրում» գրանցելիս դատարանի գրասենյակի աշխատանքային գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ թույլ է տրվել տեխնիկական վրիպակ»:

Մի կողմից՝ օրենքին համապատասխան, և հաջորդ նախադասությունում նշվում է՝ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ: Բնականաբար, այս ամեն ինչը նաև գրավոր կերպով ուղարկվել է ԲԴԽ, և ակնկալում եմ, որ ԲԴԽ-ն հաշվի կառնի այս խնդրի վերաբերյալ նաև ԱԺ պատգամավորների ուշադրությունը… Ակնկալում եմ, ԲԴԽ-ն այս իրավական զավեշտը, իսկ այն փաստաթուղթը, որը ես նոր կարդացի, իրոք իրավական զավեշտ է, սրան կտա պատշաճ գնահատական, որովհետև նման մակագրումով մակագրված դատավորը չի կարող պահպանել անաչառությունը, մանավանդ հաշվի առնելով նշված դատավորի հետագիծը»,- ԱԺ ամբիոնից հայտնեց Հայկ Մամիջանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս