Չգիտեմ՝ ով է այդ մտքերը տվել վարչապետին, ամեն դեպքում, դա հակասում է բժշկական, հումանիստական սկզբունքներին. Համաճարակաբան
Covid 19-ով վարակվածների ընդհանուր թիվը Հայաստանում մոտենում է 270.000-ի, աշխարհում այդ թիվը հատել է 237 միլիոնը: Համավարակը կանխելու համար պատվաստման գործընթացն, այդուհանդերձ, հարթ չի ընթանում. Աշխարհում շարունակվում են հակապատվաստումային բողոքի ցույցերը: Ակցիայի մասնակիցները կա՛մ չեն վստահում պատվաստանյութերին, կա՛մ դեմ են ժողովրդավարությանը հակասող սկզբունքով պարտադիր պատվաստմանը:
Ի դեպ, այս պարտադրանքի մասին դիտարկումներ է արել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդակցականը մարմինը՝ 2361 բանաձևում արձանագրելով, որ պետք է ապահովել, որպեսզի ոչ ոք խտրական վերաբերմունքի չարժանանա՝ առողջության հնարավոր ռիսկերի կամ պատվաստում չցանկանալու նկատառումներից ելնելով՝ չպատվաստված լինելու պատճառով:
Հայաստանում ևս՝ պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել հարցը դեռևս թեժ քննարկումներ է առաջ բերում. պաշտոնական մարմիններին չի գոհացնում պատվաստվողների թիվը: Երեկ՝ Կառավարության հերթական նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, 2020թ․ դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու մասին հարցի քննարկման ժամանակ հարցը զեկուցող Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադառնալով պատվաստման գործընթացին՝ մասնավորապես նշեց.
«Ցավոք սրտի, դեռ կան որոշ անձինք, ովքեր չարամտորեն վնասարարությամբ են զբաղված և անընդհատ խաթարում են այն ինֆորմացիոն դաշտը, որը մեր քաղաքացիներին շփոթության մեջ է գցում և անհիմն վախեր ներշնչում»:
Այս դիտարկումներին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով. «Ինչո՞ւ ենք ընդհանրապես բողոքում, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են անում՝ կա հստակ պետության պարտավորություն, վարչական լծակները գործադրեք, պետք է՝ պատվաստումը գնա առաջ: Եվ, կներեք, ես ԱՆ-ից չեմ ուզում լսել բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին. պետությունն ունի իր բոլոր լծակները՝ ընդունել անհրաժեշտ իրավական ակտեր, եթե անհրաժեշտ է՝ ընդունել օրենքներ և իրականացնել պատվաստման գործընթացը»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, այս միտումներին հակառակ՝ Հայաստանում ձևավորվում է այլ շարժում ևս. կան «մարդիկ, որոնք ասում են՝ վճարովի դարձրեք կորոնավիրուսից բուժումը՝ ինչո՞ւ պետք է մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն»:
Նա համոզված է՝ այդ մարդկանց ձայնն ավելի ու ավելի բարձր է հնչելու:
Նկատենք՝ այս ելույթում covid 19-ով վարակված անձանց բուժումը վճարովի դարձնելու Փաշինյանի դիտարկումներն ընդամենը ժամեր անց ցանկալիից վերածվեցին իրականության. նախարարությունից հենց Փաշինյանի ընտանեկան կայքին տված հարցազրույցում հաստատել էին լուրերը, թե չպատվաստված քաղաքացիների դեպքում քովիդի բուժումը ՀՀ-ում, հնարավոր է, դառնա վճարովի. գինը միջինում կարժենա 800 հազար դրամ։
Մինչդեռ ընդամենը ապրիլին Առողջապահության նախարարությունից 168.am-ին հայտնել էին՝ COVID-19-ով վարակված 1 անձի բուժման համար առավելագույն գինը կարող է տատանվել 120.000-ից մինչև 650.000 դրամի սահմաններում:
Առանձին հաշվարկներով՝ սոմատիկ բաժանմունքներում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման մեկ օրը արժենում է 45.000 դրամ, երրորդ օրվանից սկսած՝ մեկ օրի արժեքը հաշվվում է 30.000 դրամ: Առաջին և երկրորդ մակարդակի վերակենդանացման բաժանմունքում մեկ օրի արժեքը 45.000 դրամի սահմաններում է, երրորդ մակարդակի վերակենդանացման բաժանմունքում՝ 65.000 դրամ է: Երեխաների դեպքում՝ մեկ օրը հաշվվում է 8800 դրամի սահմաններում:
Այս ամենում բաց է մնում հարցը՝ արդյո՞ք պետության պարտականությունը չէ համավարակային, համաճարակային իրավիճակում հոգալ քաղաքացու ծախսերն անվճար:
Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանին, օրինակ, զարմացրել է այս խտրական մոտեցումը:
«Ես չգիտեմ՝ ով է այդ մտքերը տվել վարչապետին, ամեն դեպքում, դա հակասում է բժշկական, հումանիստական սկզբունքներին: Մարդիկ կարող են չպատվաստվել. դա իրենց իրավունքն է: Բայց մենք կարող ենք բացատրել մարդկանց, թե դա ինչով է լավ՝ հասցեական փոխելով այդ մարդկանց ցանկությունները: Եթե չունեն փող, ի՞նչ է՝ թողնելու են մահանա՞, կամ այլ հարց՝ արդեն մեկ տարի ու կես է՝ կորոնավիրուսը մեր երկրում է, բոլոր մարդիկ, ովքեր բուժում են ստացել, պետությունը հոգացե՞լ է նրանց ծախսերը. ինչքա՞ն մարդ է սեփական գումարով բուժվել. բազմաթի՛վ:
Փաստորեն, սահմանափակում է մտնելու, և այն մարդիկ, որոնք չկարողանան վճարել, մահանալու են: Ի՞նչ է դրանից ստանալու պետությունը. ավելորդ վախի մթնոլորտ, որն ավելի շատ է վանելու մարդկանց այդ խնդրից և ավելի է բարդացնելու պատվաստման գործընթացը, մարդկանց մոտ մեծանալու է կասկածամտությունը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց համաճարակաբանը։
Անդրադառնալով «պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել» հարցին՝ նա պատասխանեց. «Պատվաստվելու որոշումը մարդիկ պետք է կայացնեն ինքնուրույն՝ այն դեպքում, երբ համոզված են, որ պատվաստումն ավելի մեծ օգուտ է բերելու, քան կարող է վնաս տալ տեսականորեն: Ավելի պարզ՝ առաջին հերթին պետությունը պետք է թիրախային մոտեցմամբ հաշվեր այն մարդկանց, ռիսկի խմբերին (թոշակառուներ, բարձր տարիքի քաղաքացիներ, դիաբետով հիվանդներ, ճարպակալման բարձր աստիճանով քաղաքացիներ, և այլն), որոնց շրջանում հիվանդությունն ավելի ծանր կարող է ընթանալ և, բնականաբար, հանգեցնել մահվան: Եվ հենց այսպես իջեցնելով հոսպիտալացման, մահացության ցուցանիշները՝ համոզել բնակչությանը, որ դա հանրային բարիք է:
Իսկ մենք սկսում ենք երիտասարդներից, աշխատող մարդկանցից, որոնք կա՛մ՝ եթե վարակվեն, թեթև կտանեն, կա՛մ՝ վաղուց հիվանդացել-ապաքինվել են, ունեն իմունիտետ և վտանգ չեն հանդիսանում հասարակության համար: Ստացվում է՝ մենք ընկել ենք ցուցանիշների և ոչ թե՝ իմաստի հետևից, ինչը մարդկանց մոտ առաջացնում է անվստահություն, և պատվաստումային ամբողջ գործընթացը ձախողվում է հենց նրա համար, որ ի սկզբանե սխալ է կազմակերպված»:
Մասնագետից հետաքրքրվեցինք նաև՝ խնդրահարույց իրավիճակ չէ՞, երբ հակամարմինների բարձր քանակ ունեցող մարդիկ կառավարության հորդորով ևս պետք է պատվաստվեն, նա պատասխանեց.
«Կան վիճակներ, երբ կարող են նաև խնդիրներ առաջանալ. կա վտանգ, որ արդեն իսկ վարակված և ապաքինված մարդիկ, որոնք ունեն բարձր բնական լարված իմունիտետ, պատվաստվելու դեպքում որոշ իրավիճակներում կարող է հանգել առողջական խնդիրների՝ հատկապես, եթե այդ պահին հանդիպի վիրուսին: Դա ռիսկային է և միևնույն ժամանակ՝ անիմաստ։ Եթե ասում են, որ պետությունը գումար է ծախսում այդ պատվաստանյութերի վրա, ուրեմն՝ այդ գումարն անիմաստ ենք ծախսում՝ պատվաստելով հիվանդացած-ապաքինված մարդկանց, որոնց իմունիտետն արդեն ապացուցված է՝ ամենաքիչը մեկ տարի արդյունավետ է և գուցե մի քանի տարի՝ դեռ պարզ չէ դա: Եթե մտնում ենք այն դաշտը, որ, ինչպես նշում էին՝ բուժումը հարկատուներիս գումարներով է, ապա մենք էլ ասում ենք՝ պատվաստումը հարկատուներիս գումարներով է, ինչո՞ւ եք անիմաստ պատվաստում արդեն իսկ հիվանդացած մարդկանց: Եվ հետո՝ ո՞վ է հետազոտել, գուցե մենք 1 միլիոն, 1.5 միլիոն հիվանդացած և ապաքինված մարդ ունենք Հայաստանում»:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել այն որոշումը, ըստ որի՝ գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։