Ձերբակալե՛ք, կալանավորե՛ք… Խնդիր եմ դրել, գնացե՛ք, լուծե՛ք. Նիկոլ Փաշինյան

Կառավարության հերթական նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու մասին հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բարկացավ:

Հարցը զեկուցող Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնավորապես նշեց, որ նախագծով առաջարկվում է լրացուցիչ 2 միլիարդ 365 միլիոն դրամ հատկացնել ԱՆ-ին, որը պետք է ուղղվի հանրապետությունում կորոնավիրուսի  կանխարգելման, վերահսկման,  բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում անհրաժեշտ ծախսեր իրականացնելու համար, և հավելեց. «Ինչպես տեսնում ենք՝ կառավարությունը, ստանձնելով իր պարտավորությունները քաղաքացիների առջև, ամբողջությամբ հոգում է կորոնավիրուսային վարակով հիվանդ քաղաքացիների բուժման ծախսերը,  և, իհարկե, մենք շատ ուրախ կլինեինք, որ այս միջոցներն ուղղվեին այլ կարիքների բավարարմանը, այլ հիվանդությունների բուժմանը, որովհետև եթե  մենք բավարար չափով պատվաստման գործընթացը իրականացնեինք և իրականացնենք, պետք է որ նման գումարների ծախսման կարիք չունենանք:

Այս համատեքստոմ պետք է նշել, որ արդեն 20 բժշկական կազմակերպություն ընդգրկված են կովիդով պացիենտների բուժման գործընթացում, և, ընդհանուր առմամբ, 2226 մահճակալ այս պահին զբաղված է: Այս պահին առկա 14․000-ից ավել ակտիվ դեպքերի մեջ ընդամենը 176 հոգի ունենք, ովքեր հիվանդանոցային բուժման կարիք ունեն՝ պատվաստված լինելով հանդերձ: Սա ի՞նչ է ցույց տալիս՝ որ պատվաստումները կանխում են հիվանդացության ծայրահեղ ծանր ընթացքները, և բեռը հոսպիտալացման առողջապահական համակարգի վրա չի գոյանում»:

Նախարարը թեև նկատեց, որ պատվաստման գործընթացում առկա է ակտիվություն, սակայն այն բավարար չէ, ապա հիշեց այդ գործընթացը «խոչընդոտողների» մասին. «Ցավոք սրտի, դեռ կան որոշ անձինք, ովքեր չարամտորեն վնասարարությամբ են զբաղված և անընդհատ խաթարում են այն ինֆորմացիոն դաշտը, որը մեր քաղաքացիներին շփոթության մեջ է գցում և անհիմն վախեր ներշնչում: Ես ուզում եմ հայտարարել, որ նման գործունեությամբ զբաղվողներն իսկապես պատասխանատվության մեծ բաժին ունեն՝ օրինակ, երեկ էլ գրանցված 26 մահերի համար»:

Ի հակադրություն՝ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ եվրոպական և ասիական շատ երկրներում պատվաստումները հասցել են 90 տոկոսի, և այդ դեպքում, ըստ նրա, հարց է առաջանում, թե ինչի՞ դեմ են պայքարում, ի՞նչ շահ ունեն այն անձինք, որոնք ցանկանում են, որպեսզի Հայաստանում հնարավորինս դանդաղի պատվաստումային գործընթացը:

Այս դիտարկումներին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով. «Ասեմ՝ ինչ շահ ունեն. մենք կարող ենք հետ գնալ-տեսնել՝ այդ մարդկանց քարոզչությունն ինչ է: Սկզբում, երբ ՀՀ-ում սկեցին մարդիկ կորոնավիրուսից մահանալ, նրանք ի՞նչ էին անում. ամեն օր այդ մահերը վերցնում էին և քաղաքական շահարկման առարկա դարձնում: Նրանց պետք է, որ հնարավորինս շատ մարդ մահանա, որպեսզի ասեն՝ կառավարությունը չի կարողանում կորոնավիրուսի դեմ պայքարել: Է՛ս ա նրանց ուզածը: Ինչո՞ւ ենք ընդհանրապես բողոքում, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են անում՝ կա հստակ պետության պարտավորություն, վարչական լծակաները գործադրեք, պետք է՝ պատվաստումը գնա առաջ: Եվ, կներեք, ես ԱՆ-ից չեմ ուզում լսել բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին. պետությունն ունի իր բոլոր լծակները՝ ընդունել անհրաժեշտ իրավական ակտեր, եթե անհրաժեշտ է՝ ընդունել օրենքներ և իրականացնել պատվաստման գործընթացը»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս միտումներին հակառակ՝ Հայաստանում ձևավորվում է այլ շարժում ևս. կան «մարդիկ, որոնք ասում են՝ վճարովի դարձրեք կորոնավիրուսից բուժումը՝ ինչու պետք է մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն»: Նա համոզված է՝ այդ մարդկանց ձայնն ավելի ու ավելի բարձր է հնչելու:

«Այսինքն՝ մենք ինչո՞ւ ենք կենտրոնանում՝ ով ինչ է ասում. մարգինալ ուժեր են՝ ինչ ուզում են ասեն. մենք 3 ամիս առաջ ենք ընտրություն ունեցել, և կառավարությունը մանդատ է ստացել իր ծրագրերը իրականացնելու: Ես ձեր առաջ խնդիր եմ դրել, ինձ մի ասեք՝ ով է խանգարում-ով չի խանգարում, գնացեք լուծեք՝ ԱՆ-ն, պետական մնացած մարմինները… Մենք հո այստեղ չե՞նք հավաքվել՝ ասելու, որ ինչ-որ մարդիկ խանգարում են մեզ գործել.  Ոչ մեկը չի կարող մեզ խանգարել՝ գործել: Խնդիր եմ դրել,  գնացեք լուծեք: Վատ է, շատ վատ է պատվաստման թվերը, և որևէ ուրիշ մեկից չբողոքեք: Եվ վերաբերում է դահլիճում նստած բոլոր մարդկանց, որ գալիս եք միջնորդում եք, ասում եք՝ էսինչ աշխատողը վախենում է պատվաստվի. պետական կառավարման համակարգում մարդ չպիտի լինի, որը պատվաստված չլինի: Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար:

Եվ հերիք է նստենք-բողոքենք. ամբողջ աշխարհում էլ այդ նույն բանը կա, ամեն տեղ մի քանի հոգի հավաքվում են՝ հակապատվաստումային շարժում են անում,- ասաց Փաշինյանը՝ օրինակ բերելով իր ընտանիքի անդամներին, որոնք՝ բացառությամբ մանկահասակ երեխաները, բոլորը պատվաստված են՝ տարբեր պատվաստանյութերով: Նա հրահանգեց,- Գնացե՛ք և ձեր դրած խնդիրները լուծե՛ք. Արդարադատության նախարարություն, Ոստիկանություն, աշխատակազմ:  Երեկ թիվ եք տվել, որ 6000 մարդ է պատվաստվել: Երկրորդը՝ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ. ձերբակալեք, կալանավորեք: էդ բժիշկների հանդեպ, ովքեր օգտվում են առիթից՝ չպատվաստելու մարդկանց և պատվաստանյութը փչացնելու համար, շատ խիստ միջոցներ է պետք ձեռնարկել: Ես Գլխավոր դատախազին եմ դիմում, նաև մեր քննչական մարմիններին: Կառավարությունը չի կարող գա-նստի, ասի՝ վայ, խանգարում են մեզ. ո՞վ է խանգարում, չլսե՛մ մյուս անգամ այս դահլիճում, կզեկուցեք միայն, որ խնդիրները լուծված են»:

 

Տեսանյութեր

Լրահոս