Պետք է հարց ուղղել՝ պատրա՞ստ է արդյոք հայաստանյան հասարակությունը պայքարել հանուն Ղարաբաղի. Մարկեդոնով
«Արդյո՞ք Ղարաբաղը հայաստանյան պետական և քաղաքական ինքնության կենտրոնական բաղադրիչ է այսօր»,- այս մասին հռետորական հարց ուղղեց Երևանում կայացած «Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողովին ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով Ղարաբաղյան պարտությանը:
Նա նշեց, որ խոսքը միայն Հայաստանի ռազմական պարտությունը չէ և Ղարաբաղյան հակամարտության 20-ամյա ստատուս-քվոյի արմատական փոփոխությունը, այլ սա իրավիճակ է, որն առավելապես դարձավ ոչ թե պատճառ, այլ հետևանք նախորդ գործընթացների, որոնք վերաբերում են հետսովետական Հայաստանի ինքնությանը, պետական, քաղաքական ինքնությանը: Ըստ նրա, այս ամենը որպես անակնկալ չի կարելի դիտարկել:
«Ինչպե՞ս մի երկիր, որն իրեն դիրքավորում էր՝ որպես ամենաուժեղը Կովկասում՝ ռազմաքաղաքական իմաստով, որը ոգևորվել էր իր հաջողությամբ (կարելի է հիշել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խոսքերը՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, նկատի ունենալով Ադրբեջանի տարածքների կորուստ), և հանկարծ նման պարտություն ունենալ: Ամեն ինչ չէ, որ հանգում է պարտության, դա ավելի լայն կոնտեքստի հարց է: Ակնհայտ է, որ այսօր կարելի է ու պետք է հարց ուղղել այն մասին, թե որքանո՞վ է Ղարաբաղը մնում և մնալո՞ւ է արդյոք հայաստանյան պետական և քաղաքական ինքնության կենտրոնական բաղադրիչ, որքանո՞վ հայաստանյան հասարակությունը պատրաստ է կամ պատրաստ չէ դրա համար պայքարել, համարո՞ւմ է դա առաջնահերթություն ու արժեք: Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի արտաքին քաղաքական դիրքավորումը: Այս ամենը հասկանալու համար պետք է անդրադառնալ 30-ամյա իրադարձություններին՝ դիտարկելով նաև ԽՍՀՄ վերջին տարիները»,- ասաց Մարկեդոնովը:
Նրա կարծիքով, ծայրահեղ օգտակար կլինի այդ երկու փուլերի ուսումնասիրությունը, սակայն կենտրոնական հարցն այսօր հետևյալն է՝ պետք է հասկանալ Ղարաբաղի իրական կշիռն այսօր ՀՀ հասարակության համար: