
ԱՄՆ-ը միջուկային մարտագլխիկների թիվը կրճատել է՝ հասցնելով 3750-ի

ԱՄՆ-ը շարունակում է աստիճանաբար կրճատել իր միջուկային մարտագլխիկների թիվը: Այդ մասին վկայում է Պետդեպարտամենտի հրապարակած վիճակագրությունը: 2020 թվականին Վաշինգտոնն ունեցել է 3750 մարտագլխիկ՝ 2019 թվականի 3805-ի եւ մեկ տարի առաջվա 3785-ի դիմաց:
Այդ թիվը չի հաշվառում շահագործումից դուրս եկածները եւ այն մարտալիցքերը, որոնք ոչնչացվելու են: Բացի այդ, անցյալ տարի Միացյալ նահանգները ոչնչացրել է 184 հին մարտաբաղադրիչներ: 2020 թվականի մակարդակը վերջին 60 տարվա ընթացքում ամենացածրն է եղել Ռուսաստանի հետ ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրերի շնորհիվ: 1967 թվականին ԽՍՀՄ-ի հետ սառը պատերազմի լարվածակետում ԱՄՆ-ի ունեցած միջուկային մարտագլխիկների առավելագույն թիվը եղել է 31 հազար 255:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ այժմ գործում է ՌՀՍ-3 (ռազմավարական հարձակողական սպառազինություն) համաձայնագիրը, որը ծավալված միջուկային մարտալիցքերի թիվը սահմանափակում է մինչեւ 1550՝ յուրաքանչյուր կողմի համար, բայց Վաշինգտոնի դաշնակիցների սպառազինության միջուկային մարտագլխիկները համաձայնագիրը չի լիմիտավորում: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել էր ռազմավարական կայունության շուրջ ռուս-ամերիկյան բանակցություններում ներգրավել Չինաստանին, բայց Պեկինը հայտարարել է, որ դրանով չի հետաքրքրվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: