Ինչու պիտի սեփականատերը վերցներ ու իր բիզնեսը կիսեր կառավարության հետ. որտեղ է գաղտնիքը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերի վաճառքի ու դրանց մի մասը «սեփական կամքով» կառավարությանը նվիրաբերելու հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջանում։ Այդ հարցերի պատասխաններն առայժմ մնում են անորոշ։

Ո՛չ նվիրաբերողը, և ո՛չ էլ կառավարությունը չեն ուզում բացահայտել գաղտնիքը։ Բայց դա չի նշանակում, թե գաղտնիք չկա կամ չի բացահայտվելու։

Ինչո՞ւ պիտի սեփականատերը հենց այնպես վերցներ ու իր սեփականությունը կիսեր կառավարության հետ։

Եթե խոսքը մի քանի հազար դրամանոց բաժնեմասի մասին լիներ, դեռ կարելի էր հասկանալ։ Բայց խոսքը ոչ թե հազարների, այլ տասնյակ միլիոն դոլարների մասին է։ Որտե՞ղ է տրամաբանությունը, որ սեփականատերը, հենց այնպես, այդ միլիոները պիտի նվիրաբերեր կառավարությանը։

Դեռ չենք ասում, թե ինչպե՞ս ստացվեց, որ նախկին բաժնետերը հանկարծ որոշվեց հրաժարվել իր շահութաբեր բաժնեմասից։ Այն էլ՝ միջազգային շուկայում պղնձի այսպիսի բարձր գների պայմաններում։ Առավել ևս, որ բոլոր կանխատեսումներով, պղնձի գներն առաջիկայում դեռ շարունակելու են ոչ միայն բարձր մնալ, այլև էլ ավելի են բարձրանալու։

Դժվար է պատկերացնել ավելի նպաստավոր իրավիճակ պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետիրոջ համար, քան հիմա է։ Բայց այդ պայմաններում նա հանկարծ վերցնում է ու իր բաժնեմասը վաճառում է։ Գնորդն էլ գնում է ու մի մասը նվիրում կառավարությանը։

Նման բան հենց այնպես չի լինում։ Այս ամենի տակ թաքնված են մութ պատմություններ, որոնք մի օր անպայման ջրի երես են դուրս գալու։

Որ կառավարությունը վաղուց աչք ուներ կոմբինատի վրա և անընդհատ մատ էր թափ տալիս, նոր բան չէ։ Տևական ժամանակ այն գտնվում էր իշխանության ուժեղ պրեսինգի տակ։

Ընկերությանը ճնշելու վերջին փորձերից մեկն էլ արտահանման նոր տուրք մտցնելն էր։

Պղնձամոլիբդենայինի նկատմամբ իշխանությունների ճնշումները, անշուշտ, քաղաքական էին։ Դա արվում էր ընկերությունից ժողովրդի փայը ժողովրդին վերադարձնելու անվան տակ։ Բայց իրական նպատակները, իհարկե, այլ էին։

Այսպես թե այնպես, ժողովուրդը դրանից ոչինչ չի ստանա։ Փոխարենը՝ վաղը կառավարությունը կարող է վերցնել ու այն կրկին վաճառել, այս անգամ, բնականաբար, նրան, ում նպատակահարմար կհամարի։

Սա սեփականության կլասիկ վերաբաշխում է, որի հետևանքները հետագայում ենք տեսնելու՝ ներդրումների վրա ազդեցության տեսքով։ Կապ չունի, որ այս ամենը ներկայացվում է պնձամոլիբդենայինի 60 տոկոս բանժնեմասը ձեռք բերած և 15 տոկոսը կառավարությանը նվիրաբերած ընկերության կողմից նոր ներդրումներ կատարելու խոստումներով։

«Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, և սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է: Այս ամենից կշահի Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդն ու մեր բաժնետերերը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության համար կբացվեն նոր հնարավորություններ: Նպատակ ունենք առաջիկա տարիներին Հայաստանում սկսել նոր պղնձաձուլարանի կառուցումը»,- ասում է պղնձմոլիբդենայինի 60 տոկոս բաժնեմասը ձեռք բերած «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամը։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ էլ նա հայտարարեց 4 մլրդ դոլար ներդրումներ կատարելու մասին՝ «Դա թույլ կտա վերամշակել արտադրանքը, կառուցել նոր արտադրամասեր, որպեսզի Հայաստանն արտադրի պղինձ, այլ ոչ թե խտանյութ, ինչպես նաև՝ նոր ատոմային էլեկտրակայան»։

Ի՞նչ ատոմային էլեկտրակայանի կառուցման մասին է խոսքը, երբ հիմա ատոմակայանի գործող էներգաբլոկում իրականացվում են շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներ, որի արդյունքում նախատեսվում է այն շահագործել մինչև 2036թ.։ Այսինքն՝ ևս 15 տարի։

Սա նշանակում է, որ առաջիկա գոնե 10 տարում Հայաստանը մտադիր չէ սկսել նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման աշխատանքներ։

Այդ ի՞նչ ատոմակայանի կառուցման ու 4 մլրդ դոլար ներդրումների մասին են խոսում։

Ինչևէ, «Գեոպրոմայնինգի» կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բանետոմսերի ձեռքբերումը ոլորտը կենտրոնացնելու փորձ է, որը նաև լուրջ ռիսկեր է պարունակում։ Առավել ևս, որ նոր սեփականատերը չի պատրաստվում սահմանափակվել դրանով։ Մտադիր է նաև պղնձաձուլարան կառուցել։ Եվ ոչ միայն պղնձաձուլարան։

Չի բացառվում, որ այս ամենի տակ շատ ավելի խորքային պրոցեսներ են թաքնված, ու դրանք կապված են ոչ միայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», այլև Ամուլսարի հանքի շահագործման հետ։

Արդեն տևական ժամանակ խոսակցություններ կան, որ Ամուլսարով հետաքրքրված է ռուսական կապիտալը, մասնավորապես՝ «Գեոպրոմայնինգը», որը մեկ այլ ընկերության հետ մտադիր է ձեռք բերել «Լիդիանը»։ Այդ գործարքը, որոշ տեղեկություններով, նույնիսկ արդեն կայացել է։

Ու եթե իրականում այդպես է, ապա շատ հնարավոր է, որ այս երկու գործարքները կապված են իրար հետ։

Ամուլսարից ևս կառավարությունը կարող է «նվիրատվություն» ստանալ՝ հանքի անխափան շահագործումն ապահովելու դիմաց։ Հատկապես որ, իշխանությունները վաղուց մտմտում են Ամուլսարի շահագործման հարցում, բայց հասարակական դժգոհությունից ելնելով՝ չեն համաձակվում որոշում կայացնել։ Չնայած, տնտեսական աճի այն ցուցանիշները, որոնք դրված են կառավարության ծրագրում ու պետական բյուջեում, նաև Ամուլսարի շահագործման ակնկալիքների հետ են կապված։

Որ այդ ծրագիրը տնտեսական առումով շահավետ է և կարող է նպաստել տնտեսական աճին, այդպես էլ կա։ Այլ հարց, թե 3 տարի շարունակ ինչու այն սառեցվեց, և միայն հիմա են ուզում վերակենդանացնել։

Չէ՞ որ Ամուլսարի շահագործման արդյունքում, միայն հարկերի տեսքով, տարեկան մի քանի տասնյակ միլիարդ դրամ կարող էր մտնել պետական բյուջե ու ծառայել երկրի, եթե ոչ՝ սոցիալական, ապա առնվազն՝ պաշտպանական խնդիրների լուծմանը։ Երեք տարի շարունակ դա չի արվել, ու իշխանությունների անգործության պատճառով՝ ծրագիրը դոփել է տեղում։

Թե դրանով ինչպիսի վնասներ են տվել երկրին, բազմիցս ասվել է։ Միայն այն, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրումից հետո ծրագիրը 3 տարի սառեցված վիճակում է, բավական է՝ պատկերացում կազմելու մեր երկրի ներդրումային կլիմայի վերաբերյալ։ Պոտենցիալ ներդրողներին վախեցնելու համար ավել բան պետք չէր անել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս