«Եթե յուրաքանչյուր քաղաքում կարողանային անել այնքան, որքան մենք ենք Շուշիում արել, ամեն ինչ հոյակապ կլիներ». Շուշիի քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը Լիտվա պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 3-ին հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ անդրադարձել է 44-օրյա պատերազմին՝ մասնավորապես նշելով, որ միշտ էլ Շուշիի հարցը եղել է, որովհետև Ադրբեջանը երբեք չի հրաժարվել այն մտքից, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան և բնակվեն Ղարաբաղում, իսկ որտե՞ղ պետք է բնակվեն:
«Եվ հայկական կողմն էլ չի վիճարկել դա: Ավելին, երբ բանակցային սեղանի շուրջ եղել է հանրաքվեի կամ հարցման կամ պլեբիսցիտի տարբերակը, հայկական կողմն էլ է ընդունել, որ Ղարաբաղի ադրբեջանցիները դրան պետք է մասնակցեն՝ որպես ԼՂ բնակիչ: Բա Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ էին բնակվելու: Տրամաբանորեն այնտեղ, որտեղ բնակվել են: Շուշիի մասին այդքան խոսում են, 30 տարվա ընթացքում Շուշիում քանի՞ բնակելի շենք է կառուցվել, ոչ մի: Ինչի՞ չի կառուցվել, փող չեն ունեցե՞լ: Վստահ չեն եղել, որ մնալու է, ակնհայտ է պատասխանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը նկատեց՝ 30 տարիների ընթացքում Շուշիիում կառուցվել է այն ամենը, ինչն անհրաժեշտ էր քաղաքին, և շարունակվում էր կառուցվել։
«Շուշիում դպրոցներ են կառուցվել, նաև կապիտալ նորոգվել, շենքեր են կառուցվել ու վերակառուցվել։ Հին ու վառված շենքեր են եղել, որոնցից երկուսը «Հայաստան» հիմնադրամի միջոցներով է վերակառուցվել ու հիպոթեքով տրամադրվել բնակչությանը, շենքեր են վերակառուցվել ու տրվել բազմազավակներին, զոհվածների ընտանիքներին։ Ջրի հարցն էինք լուծում, բացումը պետք է լիներ հունվարին, բայց չհասցրեցինք։ Փողոցներ ենք ասֆալտապատել։ Հիվանդանոցի շենքն էր կիսով չափ վերանորոգվել։
Զրոյից սարքել ենք արհեստագործական ուսումնարանը՝ Ֆրանսիայի հովանավորությամբ, Ագրարային համալսարանն է կառուցվել, որը հետագայում փոխվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի։ Բացվել են թանգարաններ, նաև նորոգվել են, Շուշիում միայն հինգ թանգարան էր գործում, նորոգվել են նաև եկեղեցիներ, որոնք 90-ականների պատերազմից հետո քանդված վիճակում էին, դրան զուգահեռ՝ նորոգվել է նաև մզկիթը։
Շուշին ամեն ինչ ունեցել է՝ որպես քաղաք, ոչինչ չէր պակասում։ Ճիշտ է, եղել են բաներ, որոնք դեռևս չէինք հասցրել կառուցել, բայց սուտ է, երբ ասում են՝ Շուշիում ոչինչ չի արվել»,- հակադարձեց Արծվիկ Սարգսյանը։
Միաժամանակ նա հիշեցրեց, որ բազմաթիվ շենքերի տանիքներ փոխվել են, կառուցվել է նաև սպորտդահլիճ, խաղահրապարակ։ Մեկ շենքի ֆասադ փոխվել էր, մյուսինն էլ նախատեսում էին նախորդ տարի փոխել՝ չհասցրեցին։
«Կռվի մեջ գտնվող երկիր էինք, անում էինք այնքան, որքան կարողանում էինք։ Ես ասում եմ, եթե յուրաքանչյուր քաղաքում կարողանային անել այնքան, որքան մենք ենք Շուշիում արել, ապա ամեն ինչ հոյակապ կլիներ։ Մենք ձգտում էինք ավելին անել, ես մշտապես հայտարարել եմ, որ եթե այսօր Շուշիում քարը քարի վրա ենք դնում, ուրեմն հաշվեք, որ ամեն քար դնելուց ապտակում ենք Ալիևին։ Այդ տրամաբանությամբ էինք առաջնորդվում, ամեն ինչ տեղը տեղին անում էինք։
2013 թվականից Շուշիի քաղաքապետ եմ ընտրվել, այդ ընթացքում քիչ բան չենք արել, դրանից առաջ էլ քիչ բան չի արվել։ Մարդիկ, ամեն տարի գալով Շուշի, հայտարարում էին, որ տարեցտարի շատ բան է փոխվում քաղաքում, այդ ինչպե՞ս է, որ Նիկոլ Փաշինյանը չի նկատել։ Ով ուզում է նման հայտարարություն արած լինի, ինձ համար ընդունելի չէ։ Իրենք ասում են, թե «մարդիկ հանուն ոչնչի են զոհվել», ինչո՞ւ են հանուն ոչնչի զոհվել, նրանք հայրենիք են ազատագրել, բոլորն էլ իմացել են՝ ինչի համար են զոհվում, պայքարում։ Եղբայրս է զոհվել, բոլորն էլ գիտեին, ինչի համար են կռվում, բնակիչները չեն իմացել, որ հանձնվելու է»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։
Թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ անում՝ հարցին, Արծվիկ Սարգսյանը պատասխանեց, որ միայն մեկ պատասխան ունի՝ «հավանաբար ուզում է արդարացնել Շուշիի հանձնումը»։
Ըստ քաղաքապետի, առհասարակ 30 տարիների ընթացքում Շուշիի հարցը բանակցային սեղանի վրա չի եղել, մարդկանց համար այն ամենաապահով վայրն է եղել, նույնիսկ ապրիլյան պատերազմի ժամանակ շատ տեղերից մարդիկ գնացել էին Շուշի՝ գիտակցելով, որ ինչ էլ լինի՝ Շուշին ապահով է լինելու։
«Շուշին վերածվել էր շինհրապարակի, մարդիկ իրենց բնակարաներն էին նորոգում, հին ու քանդված Շուշիից գրեթե ոչինչ չէր մնացել։ Կոնկրետ ես Շուշիում երկու տուն եմ ունեցել, եթե իմանայի՝ հանձնելու են, ես չէի առնի։ Ո՞վ էր մտածում, որ կգան ու կտան, եթե այդպես մտածեինք, ապա ոչինչ չէինք անի։ Մինչև վերջին պահը վստահ էինք, որ Շուշին չեն տա, վերջին օրերին Քարին Տակում տեսա՝ թուրքերը լցված էին, ասել եմ, հենց այստեղից էլ սրանց ջարդը պետք է տանք ու քշենք։ Բայց չգիտեմ՝ ինչպես են կազմակերպել, որ հրետանին չի կրակել, մարդիկ նահաջել են․․․ դե, երևի արդեն նպատակ էին դրել, որ պետք է հանձնեն, նաև օգնություն չի եկել»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։