Պուտին-Էրդողան բանակցությունների հարավկովկասյան ուղղությամբ իրավիճակն այնքան բարդ չէ, որքան մյուս բոլոր տարածաշրջաններում. վերլուծաբան

Մինչ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փորձում է Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական հարցերի կարգավորման հարթակ ստեղծել կամ իրագործել «Խաղաղ հարևանության նախաձեռնությունը»` Սևծովյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար, Սոչիում նախօրեին տեղի ունեցան Պուտին-Էրդողան երկար սպասված բանակցությունները: Հանդիպման հրապարակային մեկնարկային հատվածը բավականին կարճ ու քիչ ինֆորմատիվ էր:

Կողմերն անդրադարձան տնտեսական կապերին, զբոսաշրջային հարցերին, քաղաքական համագործակցությանը Սիրիայում, Լիբիայում, մասնակիորեն՝ Հարավային Կովկասում, «Ակկույու» ատոմակայանի շինարարությանը, փոխզիջումներ գտնելու ունակությանը և այլ հարցերի: Հանդիպումից հետո ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ խոսվել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման մասին, ռուսական կողմից ընդգծվել է, որ կողմերը պետք է փոխզիջումային լուծում փնտրեն սահմանազատման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ:

Ուշագրավն այն է, որ հանդիպումը, ըստ վերլուծաբանների, տեղի էր ունենում լարված մթնոլորտում, երբ Թուրքիայի նախագահը Ղրիմի վերաբերյալ քաղաքական հայտարարություններ էր արել, որը Մոսկվան բացասաբար ընդունեց: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիբ Էրդողանի սպասվելիք հանդիպումից հաշված օրեր առաջ ռուսական կողմը սկսել էր թիրախավորել Աֆրինի շրջակայքի գյուղերը և մեջբերում է ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակի» խոսնակ Յուսեֆ Համուդի խոսքերը, որ ռուսական կողմի հարվածներն Իդլիբի շրջանից սահմանային գծով ձգվում են մինչև Հալեպի հյուսիս։ Միաժամանակ հաղորդվում էր, որ, ըստ թուրքական բանակի հետ համատեղ գործող ստորաբաժանումների հրամանատարների, Թուրքիան վերջին երկու շաբաթվա ընթացքում մեծաթիվ զորք, զրահատեխնիկա և սպառազինություն է ուղարկել շրջան՝ այդպիսով ցույց տալով հնարավոր հարձակումներին հակազդելու իր վճռականությունը։

Սակայն Սոչիի բանակցություններից հետո Սիրիայի ռազմական շրջանակներից տեղեկություններ տարածվեցին, թե թուրքական բանակը նահանջում է Սիրիայի Իդլիբ նահանգի հարավային հատվածից դեպի հյուսիս: Իդլիբի մի մասից արդեն դուրս են եկել թուրքական տանկերը և այլ զրահատեխնիկան: Զորամասերի տեղաշարժը տեղի է ունենում M4 մայրուղով: Միևնույն ժամանակ, թուրքական բանակը պահպանում է վերահսկողությունն այդ մայրուղու վրա: Հանդիպման օրը ռուսական ուժերը ևս Իդլիբում հարվածներ չեն հասցրել թուրքամետ ուժերին:

168.amի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ հանդիպումը որևէ նորությամբ չի ավարտվել։

Ըստ նրա, կողմերը կրկին փորձեցին խուսափել ամենաթեժ օջախում ուղիղ բախումներից:

«Խոսքը Սիրիայի մասին է, որտեղ կրկին պայթյունավտանգ իրավիճակին մոտ դրություն էր ստեղծվել, և կողմերի գործողություններն անհանգստացնում էին միմյանց: Հանդիպման արդյունքներով կարծես այդ սուր լարումը թուլացավ, ինչը այնուամենայնիվ դրական է, քանի որ էլ ավելի մեծ սրացում չի լինի, և կողմերը հասկանում են, թե որտեղ է հարկավոր կանգ առնել:

Հերթական անգամ տեսնում ենք, թե որքան կարևոր նշանակություն ունի տնտեսությունը, հետևաբար՝ զբոսաշրջային հարաբերությունները, որոնց նման բարձրաստիճան հանդիպման ընթացքում բավականին երկար անդրադարձ է կատարվում: Կա փոխըմբռնում նաև Արևմուտքի հետ հարաբերություններում, ինչպես նաև միջազգային հարթակներում աշխատանքում: Այնուամենայնիվ կարծում եմ՝ գլխավոր հարցը Սիրիան էր, որի շուրջ փոխհամաձայնություն՝ որոշակի, եղավ, թեև ռուսական կողմն ակնկալում է, որ պետք է ավելի վաղ կնքված համաձայնագրի դրույթներն իրագործվեն, դա տեղի չի ունենա, քանի որ Թուրքիան իր շահերն ունի»,- ասաց վերլուծաբանը:

Նրա խոսքով, հանդիպման գլխավոր ձեռքբերումն այն է, որ կայուն ընթացքը, աշխատանքը կշարունակվի, հարաբերություններում բեկում չի գրանցվի ո՛չ դրական, ո՛չ բացասական ուղղությամբ:

«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա դա կարևոր ուղղություն է, որտեղ իրավիճակն այնքան բարդ չէ, որքան մյուս բոլոր տարածաշրջաններում: Այստեղ խնդիրները շատ ավելի փոքր են, իսկ շահերը՝ մոտ: Հարավային Կովկասում միանշանակ փոխըմբռնումն ավելի շատ է, քան Սիրիայում:

Տարածաշրջանային ճանապարհների բացումը շահավետ է բոլորի համար, իսկ դրան հասնելու ճանապարհին կոնկրետ քաղաքական խնդիրներ է հարկավոր լուծել, բնական է, որ այստեղ համընկնումները շատ են, բայց ամեն ինչ լիովին հարթ չէ, և ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս տարաձայնությունները, քանի որ հավակնությունները խանգարում են ընդհանուր շահերին:

Այս ամենի ֆոնին ուշագրավ են նաև Իրանի քաղաքականությունում ի հայտ եկող փոփոխությունները, քանի որ տարածաշրջանային քարտեզի փոփոխությանն արձագանքում է Իրանը բավականին կտրուկ կերպով՝ միանգամից ուժային հակազդեցությամբ, որը կարևոր է թե փոքր, թե մեծ խաղացողների համար: Կարևոր է հասկանալ նաև, թե ինչ կարող է անել այս ամենում վրացական կողմը, եթե կա նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ռուսական միջնորդությունը, որը համատեղելի չէ Վրաստանի հետ: Այս դեպքում, կարծում եմ, Վրաստանի ջանքերը կարող են սահմանափակ լինել, բայց Վրաստանն Արևմուտքի «ներկայացուցիչն» է այս հարցերում, և ինչ-որ դեր նրան կվերապահվի, թե ո՞ր հարցերը՝ կդժվարանամ ասել»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս