Մորուք պահելը բարդույթները թաքցնելու, ինչպես նաև որոշակի ծուլության նշան է. Հոգեբանը՝ վերջին տարիների նորաձևության մասին
Վերջին տարիներին ամբողջ աշխարհում, այդ թվում և՝ Հայաստանում տղամարդկանց մոտ նորաձև է դարձել մորուք պահելը:
Հնում, երբ դեռ մարդկությունը կրում էր Աստծո ստեղծած տղամարդու և կնոջ տարբերությունների արտաքին նշանները, այսինքն` կինը երկար մազեր էր պահում, իսկ տղամարդը` մորուք, ծամը կտրած կինը հավասարեցվում էր անբարոյական կնոջը, իսկ ածիլված տղամարդը՝ ամենամեծ վիրավորանքը ստացած անձին, Հին Եգիպտոսի բոլոր տղամարդիկ սափրել են մորուքը։ Մորուքը կրելու իրավունք ունեցել է միայն փարավոնը (ի նշան երկրի տիրապետության)։
Իսկ ահա Ալեքսանդր Մակեդոնացին հրամայել է իր զինվորներին սափրել մորուքը, որպեսզի թշնամի զինվորները չկարողանան մարտի ընթացքում քաշել դրանք:
Հռոմեական կայսրությունում սափրված դեմքն ու կարճ սանրվածքը քաղաքակրթության նշաններից են եղել և հռոմեացիներին առանձնացրել են «վայրի» ժողովուրդներից։
Դեմքի մազերի նորաձևության պատմությունը նաև ցույց է տալիս սոցիալական գործոնի որոշիչ ազդեցությունը բեղերի և մորուքների, մորուքների թույլատրելի ոճերի, հասարակության կողմից դրանց նկատմամբ վերաբերմունքի վրա:
Տղամարդկանց մազերի փոփոխումը որպես նորաձևության և նախասիրությունների զանգվածային երևույթ՝ կարելի է դիտարկել այս կամ այն պատմական ժամանակաշրջանում գերակշռող արական իդեալի փոփոխության պատճառով։ Նորաձևության մեջ ուժեղ տղամարդու իդեալի գերակշռության դարաշրջանում առկա են բեղեր և մորուքներ, քանի որ դրանք ընկալվում են՝ որպես առնականության խորհրդանիշներ։
Ի դեպ, ամեն տարի սեպտեմբերի առաջին շաբաթ օրը նշվում է՝ որպես մորուքի համաշխարհային օր (World Beard Day):
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը խոսելով վերջին նորաձևության մասին՝ ասաց.
«Ընդհանրապես մորուք պահելը բարդույթները թաքցնելու, ինչպես նաև որոշակի ծուլության նշան է, ուրիշ ոչ մի խնդիր չկա: Երկու պարամետր կա՝ մորուքը թաքցնում է դեմքի միմիկան, որը թույլ է տալիս ավելի անբռնազբոս շփում: Ոչ վերբալ կոմունիկացիան ամբողջ կոմունիկացիայի 55 տոկոսն է: Մորուք պահելով՝ այդ 55 տոկոսի մեծ մասը կարծես չեզոքացնում ենք: Մորուք պահում են մարդիկ, ովքեր թաքցնելու բան ունեն, ովքեր բարդույթներ ունեն: Իսկ մյուսը դա փնթիությունն է, որը նույնպես այսօր ամբողջ աշխարհում ընդունված է: Այդպես է նաև հագուստի դեպքում: Եթե նկատել եք՝ 19-20-րդ դարերի կոկիկությունը չկա, հիմա պատռված ջինսեր են կրում և այլն: Նույնն էլ մորուքն է»:
Ազատամարտի տարիներին մորուքն ասոցիացվել է նաև արիության, քաջության հետ։
Միհրդատ Մադաթյանի խոսքով՝ պատերազմի ժամանակ, քանի որ միշտ չէ, որ սափրվելու հնարավորություն է լինում, 1990-ական թվականներին մեր ֆիդայիները մորուք էին պահում:
«Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ևս մորուք պահեցին, բայց նաև նրանք, ովքեր պատերազմի չեն էլ մասնակցել, փորձում են իրենց դասել ֆիդայիների շարքերը: Իրականում կանոնավոր բանակում սափրվելը եղել է պարտադիր պայման, այնպես չէ, որ Հայրենական պատերազմի ժամանակ մարդիկ չեն սափրվել: Ասենք, Անդրանիկ փաշան, Գարեգին Նժդեհը սափրված են եղել, այսինքն՝ այս էլեմենտները կախված են մարդու ոգուց: Հետո պատերազմի ժամանակ հոգեբանական խնդիրներ էլ են առաջանում, և դրանք ևս կարող են նպաստել, որ մարդը ձգտի չսափրվել»,- հավելեց հոգեբանը:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ևս այն կարծիքի է, որ սա ավելի շուտ փնթիություն է:
«Իհարկե, իմիջ է, բայց ես կարծում եմ՝ 2018 թվականից բոլորը սկսեցին մորուք պահել ոչ թե նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը մորուք էր պահում, այլ շատերը խնդիր ունեին մեծ երևալու, որովհետև այնքան փոքր էին տարիքով, որ չէին ուզում երեխա երևալ: Հետո չգիտեմ՝ ինչ եղավ, ընդդիմությունից էլ սկսեցին պահել, բայց ընդհանուր առմամբ դա փնթիություն է»,- եզրափակեց Կարեն Քոչարյանը: