Նիկոլի հայտնի բանաձևումը, կամ՝ ուղիղ «պաս» Ալիևին
Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո արված շատ հայտարարություններ և արտահայտություններ դարձել են շահարկման ու սուր քննադատության առարկա, սակայն «Արցախի հարցի լուծումը և վերջնական կարգավորումը պետք է ընդունելի լինի հայկական կողմի համար, ղարաբաղյան կողմի և ադրբեջանական կողմի համար» արտահայտությունը տարբերվում է բոլորից։ Փաշինյանի այս հայտնի արտահայտությունը, որը նա հնչեցրել էր իր հրապարակային ելույթներից մեկում, հանրության մտածող հատվածի մոտ անհանգստությամբ ընդունվեց։
Ըստ էության Փաշինյանին ճանաչողները միանշանակ գիտեն, որ նա էքսցենտրիկ է, ոչ մի անգամ աչքի չի ընկել խորքային և բովանդակային վերլուծություններով, սակայն քանիցս ապացուցել է, որ իր արտահայտությունները երբեք հենց այնպես օդում ասված մտքեր չեն, այլ աստիճանաբար կյանքի կոչվող ինչ-ինչ կենտրոններից թելադրվող գաղափարներ։ Այս անգամ ևս նա մնաց իր ամպլուայի մեջ և բոլորին ապացուցեց, որ «սեփական կետից» բանակցություններ վարելով՝ կարող է «վերջնականապես» լուծել Արցախի հիմնախնդիրը՝ հանձնելով Արցախի 75 տոկոսը և հազարավոր զոհեր տալով, վտանգելով Հայաստանի անվտանգությունը։
Օրերս, 44-օրյա պատերազմի տարելիցից առաջ տրված իր ծավալուն հարցազրույցներից մեկում Իլհամ Ալիևը բավականին հետաքրքիր շեշտադրումներ ու դիտարկումներ ներկայացրեց՝ ապացուցելով Փաշինյանի անհեռատես քաղաքականության հետևանքները։ Իրականում այնպես չէ, որ Ալիևի ասածները բացարձակ ճշմարտություններ են, սակայն դրանք տեղի ունեցած զարգացումների հետ համադրելով՝ ունենում ենք մեկ ամբողջական փազլ։
Ալիևի այն դիտարկումը, թե «Շուշիի գրավումը մեր հաղթանակի պսակն է, որին մենք ձգտել ենք շատ երկար՝ քայլելով անտառներով, վատ եղանակային պայմաններում, ճանապարհների բացակայությամբ, թեթև տեխնիկայով՝ մինչև Շուշի», խոսում է այն մասին, որ Արցախի հարավային հատվածում տեղի ունեցած անհասկանալի ու մինչ օրս ոչ մի բացատրություն չստացած ձախողումներն ունեն արհեստական բնույթ և մինչ այդ նախապես պլանավորած օպերացիայի բաղկացուցիչ տարր են։
Խոսելով պատերազմի ընթացքի և հայկական զինուժի իրականացրած գործողությունների մասին՝ Ալիևն ասել է, թե «պատերազմի ընթացքում հայերը հակահարձակման նպատակով երկու հիմար օպերացիաներ են կազմակերպել, որով կոտրել են հայկական կողմի պաշտպանական գիծը և տվել մեծ կորուստներ»։
Ըստ էության, խոսքը Լելե Թեփեի մոտ տեղի ունեցած գործողության մասին է, ինչի հետ կապված վերջերս իր ելույթներից մեկում Փաշինյանը նշել էր, թե ինքը ոչ մի միջամտություն չի ունեցել, ավելին՝ իրեն զեկուցել են, որ այդ գործողությունը կարող է բեկում մտցնել պատերազմում։ Իրականում, սակայն, տեղի ունեցածը բացարձակ քաղաքական ենթատեքստ ունեցող արկածախնդրություն է եղել, քանի որ Փաշինյանն ու իր թիմը, հաշվի չառնելով իրական ռիսկերը, հնարավոր մարդկային և տեխնիկական կորուստները, փորձել էին ընդամենը ստեղծված իրավիճակում իրենց խարխլված հեղինակությունը վերականգնել և հետ բերել «Սերժի ժամանակ» հակառակորդի վերահսկողության տակ անցած բարձունքը, որի վերաբերյալ Երրորդ նախագահը դեռևս 2016-ի իր հայտնի հարցազրույցում էր նշել, որ «դա իրենից ոչ մի ստրատեգիական նշանակություն չունեցող բարձունք է, և չարժեր մարդկային կորուստների գնով այն հետ բերել»։
Շատ կարևոր է ալիևյան հարցազրույցի՝ պատերազմի դադարեցման հետ կապված արված դիտարկումները, որոնց մասին քանիցս բարձրաձայնվել էին տարբեր շրջանակների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, որ հայկական կողմը պատերազմը կանգնեցնելու մի քանի հնարավորություն է ունեցել, սակայն անհասկանալի, ինչպես նաև շատերի համար զարմանալիորեն՝ Փաշինյանն ուղղակի հրաժարվել է։ Ալիևի խոսքից պարզ է դառնում, որ, եթե «Հայաստանի ղեկավարությունն ընդուներ հոկտեմբերի 7-ի ադրբեջանական կողմի առաջարկը, ապա պարտությունը հայկական կողմի համար այսքան նվաստացուցիչ չէր լինի»։ Սրան հավելենք, որ, բացի հարմար պայմաններով համաձայնագրի ստորագրումից, կխնայվեր հազարավոր երիտասարդների կյանք, որոնք ուղղակիորեն հենց Փաշինյանի խղճի վրա են։
Ընդհանուր տեղի ունեցածի ընդհանրական պատկերը համադրելով՝ ստացվում է այնպիսի մի տեսարան, որ Փաշինյանի ասված լուծումը փաստացի կա, և այդ մասին այսօր բաց տեքստով հայտարարում է ադրբեջանական կողմը՝ հայտարարելով, թե «Լեռնային Ղարաբաղի» հակամարտություն ասվածն այլևս անցյալում է, ավելին՝ նման ձևակեպում այլևս գոյություն չունի։ Փաստացի ստացվում է այնպես, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման մասին Նիկոլի հայտնի բանաձևն ընդունելի է միայն Ադրբեջանի հանրության համար, և ոչ մի աղերս չունի հայկական և արցախյան հասարակության շահերի հետ։
Արմեն Հովասափյան