Վաճառվող Հայաստան. մեծ առևտրի մանր գործակատարները

Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ի թիվս այլ հարցերի, քննարկելով նաև իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։

Նույն օրը ներկայացուցչական պատվիրակությամբ Բաքու է այցելել Վրաստանի վարչապետը՝ Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկված հարցերի շարքում անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացին՝ ներկայացնելով այդ ուղղությամբ վրացական կողմի միջնորդական ջանքերը։ Հայաստանի վերաբերյալ հարցերին անդրադարձ է լինում նաև թուրք-ամերիկյան, ռուս-ամերիկյան, իրանաադրբեջանական, իրանաթուրքական  և այլ՝ ամենատարբեր մակարդակի հանդիպումներում։ Արցախյան վերջին պատերազմից ու դրան հաջորդած մի շարք աշխարհաքաղաքական գործընթացներից հետո Հայաստանը հետաքրքիր է դարձել գրեթե բոլոր տարածաշրջանային ու համաշխարհային խաղացողների համար։

Ակնհայտ է, սակայն, որ բոլոր նշված ու չնշված ձևաչափերով հանդիպումներում Հայաստանի մասին քննարկումներում առաջ է մղվում ոչ թե Հայաստանի, այլ քննարկողների շահը, որն իրացվում է, որպես կանոն, հայկական շահերի հաշվին։ Հայաստանի շահը բնականորեն ու օբյեկտիվորեն կարող է և պետք է առաջ մղի միայն մի սուբյեկտ, որի անունն է ՀՀ իշխանություն։ Վերջինս, սակայն, զբաղվում է գործնականում ամեն ինչով, բացի հայկական շահի սպասարկումից։

Նիկոլ Փաշինյանի իշխանության լռելյայն կամ գործուն համաձայնությամբ Հայաստանը միջազգային ու տարածաշրջանային հարաբերություններում ամբողջությամբ կորցրել է իր սուբյեկտայնությունը և հանդես է գալիս՝ որպես այդ հարաբերությունների առարկա, օբյեկտ։ Այդ իշխանությունը՝ անգործության մատնված լինելով Երևանում, պատրաստակամորեն սպասում է, թե ինչ որոշումներ կկայացվեն Հայաստանի վերաբերյալ աշխարհի ամենատարբեր մայրաքաղաքներում։ Պատրաստակամությունը, սակայն, վերաբերում է ոչ թե հայկական շահի պաշտպանությանը, այլ ուրիշների կողմից կայացված որոշումների իրագործմանը։

Այդ պատրաստակամության գինն իշխանությունն է, հանուն որի Նիկոլ Փաշինյանն ու նրա՝ քաղաքական կոչվող թիմը պատրաստ է գործնականում ամեն ինչի, այդ թվում՝ Հայաստանի մասին բոլոր քննարկումներ վարողների՝ ներառյալ Հայաստանի թշնամիների շահերի սպասարկմանը։ Իրերի այսպիսի դրությունը, կամ որ նույնն է՝ գործող այս իշխանությունը ձեռնտու է Հայաստանում ու Հայաստանի շուրջ հետաքրքրություն ունեցող բոլոր խաղացողներին, բացառությամբ Հայաստանի, քանի որ այդ իշխանությունը պատրաստ է բավարարել բոլորի շահերը, բացառությամբ Հայաստանի։

Այս իրավիճակն իրականություն է դարձել ՀՀ «հպարտ քաղաքացիների» պողպատյա քվեարկության արդյունքում․ հունիսի 20-ին այդ քաղաքացիներն ընտրել են ոչ թե Հայաստանի, այլ հնարավոր բոլոր այլոց շահերը սպասարկող մի իշխանություն, որի ներկայացուցիչներն իրականում ոչ թե իշխանություն են, այլ դրա տեղապահներ։ Այնքան ժամանակ, մինչև աշխարհի ամենատարբեր մայրաքաղաքներում կկայացվեն Հայաստանի վերաբերյալ վերջնական որոշումները։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս