«ՔՊ-ն գրավում է Մայր բուհը. պետք է ներքին ընդվզում լինի». Մենուա Սողոմոնյան
ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանի գնահատմամբ՝ ՔՊ-ի կողմից Մայր բուհի գրավման գործընթացը սկսվել է 2018թ. իշխանափոխությունից հետո, և ըստ նրա՝ ամբողջ գործընթացն ապօրինությունների շղթա է:
«Իմ մեջ նույնիսկ ծրագրվել է այդ ապօրինությունների շղթան, որովհետև Մայր բուհը տոտալ վերահսկողության տակ վերցնելու բոլոր գործողություններն ապօրինի միջամտությունների գործողությունների ձևով իրականացվեցին: Հիմա եզրափակիչ փուլն է, որը հատկանշական էր այն առումով, որ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո համալսարանականներն արդարացիորեն իրենց բողոքը արտահայտելով՝ գիտական խորհուրդը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչը տեղի չունեցավ, ավելին, նույն քաղաքական ուժը՝ Փաշինյանի գլխավորությամբ, 2020թ. ընտրություններին հաղթեց, և սա այն ազդակը եղավ, որ Մայր բուհը պետք է վերցնել տոտալ վերահսկողության ներքո՝ հնարավոր ըմբոստության, ոչ ցանկալի իրավիճակների առաջը առնելու համար: Դա արտահայտվեց նրանով, որ քաղաքական իշխանության ներկայացուցիչը իրենց կողմից գործուղվեց ԵՊՀ՝ որպես ռեկտորի ժ/պ: Այդ գործընթացը ամբողջովին ապօրինի էր՝ երեք հոգանոց ժամանակավոր կառավարման խորհուրդ ստեղծվեց, որն էլ առանց մրցույթի, փակ, գաղտնի պայմաններում նշանակեց ժ/պ-ին, որն էլ հիմա պատրաստվում է իրականացնել ռեկտորի ընտրություններ: Այսինքն՝ ինքը իրականացնելու է ռեկտորի ընտրություն, ինքը առաջադրվելու է, ինքն էլ անելու է ամեն ինչ, որ անցնի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ ապօրինի գործընթացի արդյունքում տեղի ունեցած իրավիճակը լեգիտիմացվում է:
Նա հիշեցրեց, որ ժամանակավոր կառավարման խորհրդի ստեղծումը ՄԻՊ-ի կողմից վիճարկվել է ՍԴ-ում. «ՍԴ-ն պետք է սեպտեմբերի 23-ին նիստ գումարեր և քններ այդ հարցը, բայց անհասկանալի պայմաններում այն հետաձգվեց: Դրան անմիջապես հաջորդեց հոգաբարձուների խորհրդի կազմավորման վերաբերյալ հայտարարությունը: Ռեկտորի ժ/պ-ն մի քանի օր առաջ եթերներից մեկում ասաց, որ նոյեմբերին կլինեն ռեկտորի ընտրությունները»:
ԵՊՀ դասախոսը շեշտեց՝ համալսարականները պետք է ցույց տան իրենց դիրքորոշումը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Պետք է ներքին ընդվզում լինի: Մի քանի հոգուց բացի, որոնք հիմնականում մեր «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամներ են, կարծես համակերպված վիճակ է: Չի երևում, որ ում հրաժարականը որ պահանջել են, այդ մարդու կողմից անմիջապես նշանակում է տեղի ունենում: Սա նշանակում է, որ եթե ԵՊՀ-ին պարտադրվում է այն իշխանությունների կողմից, որի հրաժարականը պահանջում է բուհը, որին բուհը մեղադրում է ապիկարության մեջ, շատ ու շատ այլ բաներում, այդ իշխանության կողմից իրենց մարդուն բերել՝ այստեղ նստեցնելը եթե հաջողվում է, ուրեմն՝ ԵՊՀ-ի հետ ցանկացած այլ բան կարող են այսուհետ անել: Ի զարմանս ինձ՝ այս ապօրինությունները ադեկվատ գնահատական չեն ստանում ԵՊՀ-ում: Իրականում, հասկանալի է, որ աշխատանքը կորցնելու, պաշտոնը կորցնելու վախը կա, աղմուկ չհանելու կոմպլեքսը կա, բայց պետք է գիտակցել, որ լուռ մնալու պարագայում հետո ոչ ցանկալի մարդկանցից ազատվելու են: Կա Տնտեսագիտական համալսարանի օրինակը, երբ մի խումբ դասախոսներ, ովքեր լավ համարում ունեին բուհում, երիտասարդ, նորարարական մեթոդներով դասավանդող մարդիկ արհեստական կազմակերպված մրցույթով դուրս մնացին դասավանդումից»:
Մենուա Սողոմոնյանը նկատեց, որ անձամբ ինքն ավելի բարձր աշխատավարձով աշխատանք գտնելու խնդիր չունի, պարզապես համալսարանը նրա ինքնության մի մասն է. «Իմ ամբողջ կռվի, պայքարի իմաստն այն է, որ ես չեմ ուզում հանձնվել, ես չեմ ուզում հոսանքի ուղղությամբ գնալ, ինչպես որ իմ ավագ գործընկերներից մեկը սրանից 2 տարի առաջ ինձ խորհուրդ էր տալիս, որ՝ պետք է որ ուղղությամբ քամին փչում է, դրա ուղղությամբ թեքել նավի կայմը: Համալսարանը իմ ինքնության մի մասն է, և ես ուզում եմ պայքարել լավ համալսարանի համար: Ես կարող էի շատ հանգիստ համակերպվել, իմ ժամերն ունենալ, ավելի այլ բաների հավակնել, բայց ինձ ի՞նչ կասեն իմ ուսանողները, ինձ չեն ասի՞՝ դու քանի՞ երես ունես, եթե այդպես խոսում ես, խոսում ես սկզբունքի, արդարության մասին, բա ո՞նց եղավ, որ Փաշինյանի դրածոյի հետ գործարքների մեջ ես մտնում»:
Նա ընդգծեց, որ այս ապօրինության վերջին արարը սկզիբն է հանդիսանալու ազգային կառույց ԵՊՀ-ի սորոսականացման. «Սորոս բառի, որը հասարակ անուն է արդեն դարձել, իմաստն այն է, որ՝ ազգային ինքնության դեմ տարվող նախագծեր, միջոցառումներ: Այսինքն՝ հիմնականում երիտասարդության շրջանում տանել գաղափարական այնպիսի աշխատանք, որի արդյունքում երիտասարդության ինքնությունից կնվազի ազգային բաղադրիչը և փոխարենը՝ կոսմոպոլիտական, գլոբալիստական օրակարգ կգնան երիտասարդները: Պայմանական Սորոսը սա է: Այսինքն՝ բոլոր այն կազմակերպությունները, որոնք տարբեր անվանումների (մարդու իրավունքներ, կոռուպցիա և այն) տակ իրականացնում են ծրագրեր, այդ ծրագրերի բաղադրիչների մեջ շատ պարզ և հստակ երևում է և ապացուցվել է ազգային ինքնության դեմ պայքարի գիծը: Հիմա ես կնշեմ երեք էպիզոդի մասին, որոնք տեղի են ունեցել այս կարճ ժամանակաշրջանում, ինչ Հովհաննես Հովհաննիսյանը դարձել է ռեկտորի ժ/պ:
Կարծեմ օգոստոսի վերջերին էր, որ ԵՊՀ ռեկտորատից մեր համալսարանական էլեկտրոնային հասցեներին հաղորդագրություն եկավ, որ «Թրանսփերենսի ինթերնեյշընըլ» ընկերության հետ միասին Արցախում համալսարանականները հանդես գան տարբեր թեմաներով դասախոսությամբ: Երկրորդ՝ համալսարանական գործընկերներիցս նկատել են այդ նույն գաղափարախոսական դաշտում հանդես եկող պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին՝ ելումուտ անելիս համալսարան, համալսարանի հոգաբարձուների խորհրդի աշխատասենյակ. Ինչո՞ւ է ելումուտ անում, ունի՞ այդ իրավունքը, սրանք հարցեր են, որ պետք է պարզվեն: Եթե նման բան չի եղել, թող նա հայտարարի: Երրորդ էպիզոդը՝ Դանիել Իոաննիսյանին են նկատել համալսարանում՝ հերթով ուսանողների խմբերին մոտենալով, նրանց հետ շփվելով… Այդ «քաղհասարակության» դառը պտուղները մենք այսօր ճաշակում ենք»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում