Քաղաքական տեսարանի ակնհայտ փոփոխություն տարածաշրջանում, որը միանման աջակցություն է ստանում ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում. արդյո՞ք կողմերը հասել են ինչ-որ փոխզիջումային որոշման և ինչպիսի՞. Տարասով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին օրերին երկու հարցազրույց է տվել արտասահմանյան ԶԼՄ-ներին՝ թուրքական «Անադոլու» գործակալությանը և ֆրանսիական France 24 հեռուստաալիքին: Ինչպես «Ռեգնում» գործակալությունում հրապարակված հոդվածում նկատում է ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների խնդիրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը, այդ երկու հարցազրույցը միավորում է մեկ ընդհանուր թեմա՝ պատերազմը Լեռնային Ղարաբաղում և իրավիճակն այսպես կոչված՝ հետհակամարտային ժամանակաշրջանում, սակայն դրանց միջև կա նաև տարբերություն:
Փորձագետը նշում է, որ առաջին հարցազրույցում Ալիևը քննադատությունների տարափ է տեղացել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վրա, որն, ըստ ադրբեջանցի ղեկավարի, «նախապատվություն է տվել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» քաղաքականությանը: Ալիևի խոսքով՝ «44-օրյա պատերազմի ընթացքում ՄԽ որոշ համանախագահ երկրներ հարց են բարձրացրել ՄԱԿ-ում Ադրբեջանի դեմ», իսկ պատերազմի ավարտից հետո՝ մոտ մեկ տարվա ընթացքում ԵԱՀԿ ՄԽ-ն հանդես չի եկել որևէ առաջարկով:
Ավելին, Ալիևը ևս մեկ անգամ ընդգծել է, որ «ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է, իսկ հետագայում Մինսկի խումբը պետք է զբաղվի «ճանապարհների բացմամբ, միջանցքների բացմամբ, խաղաղ գործընթացին աջակցելով, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվի իրենց առաջարկած պայմանագիրը»:
Եվ հանկարծ, ինչպես նկատում է հոդվածագիրը, France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալիևը հայտարարում է հետևյալը. «Ադրբեջանը բազմիցս հայտարարել է Հայաստանի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին: Խոսքը ոչ միայն երկխոսություն սկսելու, այլև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ տարվելիք աշխտանքների մասին է: Պատերազմն ավարտվել է, հակամարտությունը՝ կարգավորվել: Մենք պետք է անցնենք նոր գործունեության, որպեսզի տարածաշրջանն առավել կանխատեսելի, կայուն և անվտանգ դարձնենք: Երկու երկրի արտգործնախարարների հանդիպումն այդ ջանքերի լավ ցուցիչ է: Հուսով եմ, որ դա պարզապես հանդիպում չէ, այլ հարաբերությունների կարգավորման նոր գործընթացի սկիզբ, որը նոր ծավալ կհաղորդի համագործակցությանը Հարավային Կովկասում: Ադրբեջանը երբեք չի առարկել բարձրագույն մակարդակով հանդիպումներին: Սովորաբար, երկու երկրի ղեկավարների միջև հանդիպումները կազմակերպվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Նրանք առաջարկել են օրակարգը, կազմակերպել հանդիպումները, սակայն եթե ՄԽ համանախագահները հանդես գան հանդիպման առաջարկով, ապա մենք, իհարկե, դեմ չենք լինի»:
«Քաղաքական տեսարանի ակնհայտ փոփոխություն տարածաշրջանում: Դրա առաջին տեսանելի նշանը ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի վերականգնումն է: Այս առնչությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ «Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Բաքվի և Երևանի հետ համաձայնեցրել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան աշխատանքային այցելությունների վերականգնումը»: Երկրորդ նշանն այն է, որ այդ ակցիան միանման աջակցություն է ստանում ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում, այսինքն կողմերը հասել են ինչ-որ փոխզիջումային որոշման: Սակայն՝ ինչպիսի՞: Նշանակում է դա արդյո՞ք, որ Հայաստանը, նախկինում ԵԱՀԿ ՄԽ գործունեության հետ էր կապում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման խնդիրը, փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է համանախագահներին Ադրբեջանի առաջարկած բանակցային օրակարգին: Թե՞, ընդհակառակը, փոփոխություններ են տեղի ունեցել Բաքվի մոտեցումներում բանակցային գործընթացին: Չէ, չի նշանակում: Ամենայն հավանականությամբ, սկսում է աշխատել ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի ներկայացրած սխեման»,- գրում է փորձագետը:
Ավելի վաղ վերջինս, ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում խոսելով ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերսկսման անհրաժեշտության մասին, ընդգծել էր, որ «համանախագահների եռյակը հզոր միջազգային աջակցություն ունի և կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում՝ կարգավիճակի հարցով փոխընդունելի մոտեցումների մշակման գործում, սակայն առանց շտապելու, երբ գա ժամանակը»:
«Այստեղից՝ ենթադրություն. Մինսկի խումբը դեռևս զերծ է մնում իր օրակարգի ձևավորումից և իր գլխավոր առաջադրանքը տեսնում է բանակցային գործընթացի վերականգնման մեջ՝ ուշադրությունը կենտրոնացնելով հայերի և ադրբեջանցիների միջև վստահության միջոցների ամպրապնդմանն ուղղված հարցերին, առանց որի դժվար է առաջ շարժվել քաղաքական կարգավորման ուղով: Նման մարտավարությունը ենթադրում է նախնական փուլում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության սկզբունքների պահպանումը և դրանց անցումը ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: Եվ միայն հետո՝ կարգավորման գործընաթացի երկրորդ կամ երրորդ փուլում կարող են նոր պայմաններ ի հայտ գալ նոր ձևաչափերի ձևավորման համար, որին կարող են մասնակցել նաև շահագրգիռ արտաքին խաղացողները»,- վերլուծում է Տարասովը:
Վերջինս ենթադրում է, որ պատահական չէ, որ Ալիևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հարցում իր պատրաստակամության մասին հայտնել է Ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում, քանի որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ակտիվորեն հետևում է ԼՂ շուրջ տիրող իրավիճակի զարգացմանը:
«Հետաքրքրական է, որ իրադարձությունների ընթացքին արագ արձագանքել է Եվրամիությունը: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նախօրեին ԵԽԽՎ նիստում հայտարարել է, որ «իրենք բանակցություններ են սկսել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ երկրների միջև փոխադարձ վստահության կառուցման համար»: Սակայն պատրաստ է արդյո՞ք ադրբեջանական դիվանագիտությունն իրադարձությունների նման ընթացքին: Չէ՞ որ նախկինում ԵՄ-ն չի մասնակցել ԼՂ հարցով բանակցություններին: Այժմ Բրյուսելը կարող է մեծացնել իր քաղաքական ակտիվությունն Անդրկովկասում և ներկայացնել իր հակամարտության կարգավորման իր ծրագիրն՝ այլընտրանքային լուծումների առաջարկներով՝ որպես հակակշիռ Բաքվի դիրքոորոշումներին, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ»,- եզրակացնում է մասնագետը:
Վերջինս նշում է նաև, որ պատահական չէ, որ Թբիլիսին, որն իրեն համարում է «միակ եվրոպացին Կովկասում», կրկին հանդես է եկել «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հարթակ ստեղծելու» առաջարկով:
Սակայն արտաքին նշաններով դեռևս Բաքուն և Երևանը փոխզիջումների գնալու պատրաստակամություն չեն դրսևորում, որպեսզի խաղաղության համաձայնագրի նախագիծ մշակվի, ինչը հնարավոր է միայն իրական բանակցությունների մեկնարկի պարագայում, իսկ դրան դեռ շատ կա, ինչպես գրում է Eurasianet ամերիկյան պարբերականը: