Ալիևին համարժեք պատասխան տվողը պետք է ինքը գիտակցի, որ հանուն ազգի ես էդ բանակցողին պետք է փոխեմ՝ բանակցողին փոխելն է ամենակարևորը. Թևան Պողոսյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանից հարցրեց, թե կարո՞ղ է երեկ Ստրասբուրգում ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը դրական ազդեցություն ունենալ հայ գերիներին վերադարձնելու հարցում:
«Այն օրը, երբ տեղի կունենան այն տեսակի սանկցիոն մեխանիզմներ, որտեղ Ադրբեջանը կզգա ցավ, այո, բայց դա ԵԽԽՎ-ն չի կարող կիրառել, պետք է այլ երկրներ կիրառեն՝ ֆինանսական, տնտեսական, ինչպես նաև քաղաքական: Օրինակ՝ ԵԽԽՎ-ի այն երկրները, որոնք գիտակցել են դրա կարևորությունը, ասեն, օրինակ՝ հետևում ենք ՀՀ-ի օրինակին և ճանաչում ենք Արցախի Հանրապետությունը, բայց դրա համար Հայաստանն այդ օրինակը պետք է ծառայի: Մենք պետք է գործողություններ անենք, որ որևէ թուղթ դառնա իմաստային»,- ասաց Պողոսյանը:
Քաղաքագետի խոսքով անհնարին ոչինչ չկա, բայց հարցն այն է, թե ի՞նչ են անելու ՀՀ իշխանությունները: Պողոսյանը նկատեց, որ այս փաստաթղթում էլ շարունակում են անհասցե կոչեր անել՝ դիմելով երկու կողմերին, ինչը նշանակում է, որ չի փոխվել մոտեցումը:
«Փաստաթղթում ասվում է՝ ցավոք սրտի, միջազգային կազմակերպությունները դեռ չունեն հնարավորություն այցելել կամ գտնվել տարածաշրջանում, դիմում ենք կոչով երկու կողմերին՝ օգնելու, որ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները կարողանան այցելել: Այդ երկու կողմն ովքե՞ր են, Արցախի Հանրապետությա՞նն են դիմել, որ թույլ չի տալիս, թե՞ Ադրբեջանը, եթե ՀՀ-ին են դիմել, ապա դուք լսե՞լ եք, որ ՀՀ-ն ինչ-որ խնդիրներ է ձևավորում ինչ-որ մեկի՝ տարածաշրջան գնալու համար, խաղաղապահ ուժերի՞ն են դիմել, նրա՞նք են խոչընդոտներ ձևավորում: Եթե մի փաստաթուղթ է, որը նույն ձևով կրկնում է նախկին սխալը, երբ հասցեական չկա, թե ո՞վ է պրոբլեմը ձևավորել, ինչի՞ մասին է խոսում, պատասխանատվություն բարդելո՞ւ, լղոզելո՞ւ, տարածաշրջանը չընկալելո՞ւ: Ես չգիտեմ, թե ո՞ր երկու կողմին են դիմում, բայց եթե այդ փաստաթղթում այդ տեսակի բան է գրված, ուրեմն նաև կարող եք գնահատել, թե ինչպիսի՞ քաղաքական ցանկություն է մեջը եղել՝ «դե հիմա հայերին մի քիչ ծեծել են, ո՞նց անենք՝ խելոք պահեն, շատ չնեղվեն, եկեք մի հատ էլ սենց բան անենք, ո՞վ է էս թուղթը կատարելու, որ»: Նույն միջազգային կազմակերպություննե՞րը չեն, որ Սուրբ Ղազանչեցոցի ադրբեջանական տարբերակով անունն ընդունեցին»,- ասաց Պողոսյանը:
Քաղաքագետը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանի այցը Եռաբլուր միակողմանի չի եղել, եթե դեսպանությունն ինչ-որ բան է անում, նշանակում է, որ դա որոշել է երկիրը, իսկ եթե երկիրն է որոշել, ուրեմն միակողմանի չի եղել:
«Իսկ Ադրբեջանում ի՞նչ էր տեղի ունեցել, ԱՄՆ դեսպանն Ադրբեջանում ի՞նչ է արել այդ օրը: Եթե այլ արդյունք լիներ այս պատերազմին, գնալո՞ւ էին Եռաբլուր, 2016-ից հետո գնացե՞լ են: Վերաբերմունքներին մենք էլ պետք է մի քիչ ավելի լուրջ ու սառը վերաբերվենք, այլևս մենք էլ մեր վարքագիծը պետք է փոխենք, թույլ չտանք այդ երկերեսանի քաղաքականությունը, ամեն բառն ավելի ճիշտ ու ուղիղ հասկանանք՝ դրանց մեկնաբանությունների իմաստով: Մի բան կա, մինչև ինքդ հողի վրա որևէ փոփոխություն չես բերում, իրականություն չի դառնում: Ամենապարզ օրինակը՝ որևէ մեկն ուշադրություն դարձնո՞ւմ էր ՀՀ Տարածքային բաժանման մասին օրենքին որևէ բանակցային գործընթացում, ոչ, բայց հենց որ պետք է սխալներդ բացատրես, գնում ես օրենքներին ես անդրադառնում: Ադրբեջանն այսօր օրենք է ընդունել, ասում ա՝ Արցախ գոյություն չունի այլևս, ի՞նչ, չկա՞…եթե մենք չձևավորենք մեր պետական ինքնության, ազգային պետական ինքնության ընկալումը մեր մեջ, մենք տենց էլ պետություն չենք դառնալու, եթե չձևավորենք քաղաքական ազգի ընկալումը համաշխարհային իմաստով, այդպես էլ չենք կարողանալու ձևավորել ազգ, որն ունի ազգային պետություն»,- ասաց քաղաքագետը:
Թևան Պողոսյանը պնդեց՝ ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ մեր երկրում ստեղծված խնդիրների լավագույն լուծումն իրենց հեռանալն է:
«Ալիևն ու Էրդողանը պարզապես իրենց միասնական խաղն են խաղալու՝ ամեն ինչ տանելով առաջ: Իրենց ասածներին մի կողմից՝ կարելի է և հավատալ, բայց մյուս կողմից էլ՝ պետք է հասկանալ, որ ինչ-որ իրենք ասում են, իրենց շահերից է ելնելու, իրենք հենց դրանով են մեծագույն ճնշումը ցույց տալու, որ ՀՀ այսօրվա իշխանությունները հասկանան՝ ունեն խնդիր, իսկ այս խնդիրները լավագույնս լուծելու համար գիտակցված, ինքնակամ հեռացումն է: Հեռացեք, որ էդ մարդկանց համար էլ հնարավոր չլինի այն ճնշումային գործիքակազմը, որ ձեր առջև դրել են, ու պարտության եք տարել, թույլ տաք, հնարավորություն տաք նոր շնչի, նոր հնարավորության համար, որ տեղի ունենա Հայաստանում, և այդ նոր խոսքը նոր մարդիկ նոր իմաստով, հակաճգնաժամային կառավարիչներ կարողանան գան, ճգնաժամերը կառավարեն, որ դուրս գանք էս վիճակից… Ալիևին պատասխանողը չպետք է լինեմ ես կամ փողոցում որևէ մեկը, Ալիևին իր համարժեք պատասխան տվողը պետք է խոսի, իսկ էդ մարդու մոտ չի ստացվելու, դրա համար ինքը պետք է գիտակցի, որ հանուն ազգի ես էդ բանակցողին պետք է փոխեմ, ինքը գիտակցի, որ բանակցողին փոխելն է ամենակարևորը»,- ասաց Պողոսյանը և կարծիք հայտնեց, որ գործող իշխանության չհեռանալու պատճառը վախն է: