Մի նախարարություն, երկու նախարա՞ր… դատավոր Սերգեյ Մարաբյանի բացահայտումները

Երեկ հերթական կարգապահական վարույթն էր քննվում Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ): Այս անգամ հերթական «կարգազանցը», ըստ Արդարադատության նախարարության, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանն էր, և ինչպես մեր երկրի դատաիրավական իրողություններից քաջատեղյակ ընթերցողները կարող են եզրահանգում կատարել, ըստ ամենայնի, Սերգեյ Մարաբյանը, թերևս, հերթական անհնազանդ դատավորն էր, ով հայտնվել էր կառավարության մաս հանդիսացող քաղաքական մարմնի ուշադրության կենտրոնում:

Ինչպես վերջին կարգապահական վարույթների քննության ժամանակ, այս անգամ ևս ԲԴԽ օրակարգը կարգապահական վարույթներով լցնել սպառնացող ու դրանով հպարտացող արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը չէր ներկայացել վարույթի քննությանը: Կրկին նախարարության դիրքորոշումը պնդելու բեռը մնացել էր արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանի ուսերին:

Մի ուշագրավ հանգամանքի մասին, այնուամենայնիվ, պետք է հիշել. միջնորդությունը կրկին, ինչպես Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի՝ վերջերս կարճված վարույթի պարագայում, ներկայացրել էր տվյալ ժամանակահատվածում արդարադատության նախարարի պաշտոնակատար Քրիստինե Գրիգորյանը, և երեկ հենց այդ միջնորդության քննության շարունակությունն էր:

Հիշեցնենք՝  նախորդ նիստը հետաձգվել էր Սերգեյ Մարաբյանի միջնորդության հիման վրա՝ վերջինիս վատառողջ լինելու հիմքով:

Այս նիստին Սերգեյ Մարաբյանը ներկայացել էր իր ներկայացուցչի՝ փաստաբան Միքայել Շխիմյանի հետ միասին:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ, որպես դիմող կողմ, նիստին ներկա էր Դավիթ Գասպարյանի հետ, ով էլ ԲԴԽ-ին ներկայացրեց միջնորդության էությունը: Ըստ նրա՝ դատավոր Սերգեյ Մարաբյանն առնվազն կոպիտ անփութություն է թույլ տվել և խախտել դատավարական իրավունքի նորմեր ու դատավորի վարքագծի կանոններ, այն է՝ վերջինս անկողմնակալ և անաչառ չի եղել:

Չցանկանալով մեկնաբանել կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդության բովանդակությունը, քանի որ դա ԲԴԽ-ի միակ ու բացառիկ իրավունքն է, նկատենք միայն, որ մինչ դրա բովանդակային մասին մանրամասն անդրադարձն արդեն իսկ պարզ էր, որ խոսքը վերաբերում է դատավոր Սերգեյ Մարաբյանի կողմից կալանքը՝ որպես խափանման միջոց, Վերաքննիչ դատարանում բեկանելուն, որովհետև այլ վարույթներ ԲԴԽ-ում կարծես թե չեն քննվում, իսկ Արդարադատության նախարարության համար դատավորի անկողմնակալության ու անաչառության չափանիշը դա է. հերթական իրապես անկախ դատավորը ո՞ւմ կալանավորեց, իսկ ավելի հաճախ՝ ո՞ւմ կալանքից ազատեց:

Ավելորդ չէ նկատել, որ մեղադրյալը տվյալ դեպքում Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Արարատ Միրզոյանի՝ նոյեմբերի 9-10-ի գիշերը տեղի ունեցած ծեծի դեպքով անցնող անձ է՝ Ժիրիկ Սիրեկանյան անունով, և Արդարադատության նախարարությանը դուր չի եկել, որ դատավոր Մարաբյանը բեկանել է նրա կալանավորումը:

Բնականաբար, այս գործով Վճռաբեկ դատարանում հակառակ վճիռն է կայացվել, այդ ատյանը բեկանել է Սերգեյ Մարաբյանի կայացրած կալանքից ազատելու վճիռը և ուժի մեջ թողել Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Ավելորդ չէ հիշեցնել, որ Վճռաբեկ բողոք ներկայացրել է գլխավոր դատախազի տեղակալ, ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, այն Գևորգ Բաղդասարյանը, ում պաշտպանած մեղադրանքը, իսկ ավելի ճիշտ՝ այդ հանցակազմը պարունակող Քրեական օրենսգրքի համապատասխան 300.1 Հոդվածը Սահմանադրական դատարանը միաձայն ճանաչեց հակասահմանադրական:

Դավիթ Գասպարյանի կողմից կարգապահական միջնորդության հիմքերը ներկայացնելուց հետո նիստը նախագահող ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը դիմեց դատավոր Մարաբյանին՝ ցանկանալով ճշտել՝ կա՞ն արդյոք հարցեր:

Սերգեյ Մարաբյանը հարցեր ուներ, ավելի ստույգ՝ մեկ հարց, ինչի պատասխանն էլ, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը պատճառ դարձավ, որ վարույթի քննությունը կրկին հետաձգվի:

«2021թ. հուլիսի 26-ին համապատասխան փաստաթուղթը տիկին Քրիստինե Գրիգորյանը ստորագրել է՝ որպես պաշտոնակատարի պարտականությունները կատարող: Նույն օրվա դրությամբ պարոն Բադասյանը՝ որպես պաշտոնակատար, ստորագրել է մեկ այլ փաստաթուղթ՝ 26.07.2021թ.: Ես ուզում եմ հասկանալ՝ պարոն Բադասյա՞նն է հուլիսի 26-ին կատարել նախարարի պարտականությունները, թե՞ տիկին Քրիստինե Գրիգորյանը, որովհետև 2 պաշտոնական փաստաթուղթ կա ստորագրված, որոնցից մեկը ստորագրվել է Ռուստամ Բադասյանի կողմից, մյուսը՝ Քրիստինե Գրիգորյանի, երկուսն էլ՝ նույն ամսաթվով»,- դիմելով ԲԴԽ-ին և արդարադատության նախարարության ներկայացուցիչներին՝ ասաց Սերգեյ Մարաբյանը՝ ներկայացնելով նաև այդ պաշտոնական փաստաթղթերի ելքային համարները՝ 303, 307:

Դատավոր Սերգեյ Մարաբյանի հարցն ակնհայտորեն շփոթության մեջ գցեց հարցի հասցեատերերին, և ԲԴԽ անդամների դեմքի արտահայտությունն ու լրացուցիչ ճշտող հարցերն էլ դրա մասին էին խոսում: Ի վերջո, Գագիկ Ջհանգիրյանը խնդրեց այդ փաստաթղթերը պատճենահանելու համար, ինչը սիրով տրամադրեց դատավոր Մարաբյանը: Գագիկ Ջհանգիրյանն էլ արձանագրեց, որ այդ փաստաթղթերը նույն օրվա են:

Պարզ էր, որ մինչ այս հարցի պատասխանը ստանալը նիստի քննությունը չէր կարող շարունակվել:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչներն էլ ցանկացան ծանոթանալ փաստաթղթերին, ու քանի որ Սուրեն Գրիգորյանը չուներ հարցի պատասխանը, թե ո՞նց կարող էր նման բան լինել, ժամանակ խնդրեց, որ զանգի Քրիստինե Գրիգորյանին ու փորձի նրանից ճշտել՝ ինչ է տեղի ունեցել:

«Համենայն դեպս ուզում եմ արձանագրել, որ 2 բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկը կեղծիք է կատարել: Սա՝ ուղղակի արձանագրման համար»,- ասաց Սերգեյ Մարաբյանը:

Գագիկ Ջհանգիրյանը խնդրեց առայժմ քրեաիրավական որակումներ չտալ:

«Հլը տեսնենք, նոր»,- ասաց նա ու հայտարարեց 8 րոպե ընդմիջում, որպեսզի Սուրեն Գրիգորյանը փորձի պարզել խնդիրը:

Սուրեն Գրիգորյանը, սակայն, ընդմիջումից վերադարձավ ձեռնունայն. Քրիստինե Գրիգորյանի հետ նրան կապ հաստատել չէր հաջողվել. համենայն դեպս, այդպես ասաց, և խնդրեց մեկշաբաթյա ժամկետ՝ խնդիրը ճշտելու համար:

Սերգեյ Մարաբյանի հաջորդ հարցը, ավելի ճիշտ՝ դիտարկումը վերաբերում էր Արդարադատության նախարարության՝ ԲԴԽ բերած միջնորդության մեջ եղած ևս մեկ կեղծիքի կամ, ինչպես նախարարության ներկայացուցիչներն են նախընտրում ձևակերպել, առնվազն կոպիտ անփութության:

«Միջնորդության մեջ գրված է, որ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում դատավորն իրեն վերագրվող կարգապահական խախտման առնչությամբ բացատրություն չի ներկայացրել: Մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց դատավորը՝ պնդելով, որ ԲԴԽ ներկայացված նյութերի մեջ իր բացատրություն-պարզաբանումը չկա, կցված չէ:

«Ո՞նց, մեր նյութերի մեջ չկա՞»,- տարակուսեց Գագիկ Ջհանգիրյանը, ինչին ի պատասխան՝ Մարաբյանը մանրամասն ցույց տվեց ու ներկայացրեց իր պարզաբանումը:

Այդ փաստաթղթերի պատճենահանված օրինակները ևս հանձնվեցին Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին:

Խորհուրդը որոշեց նիստը հետաձգել մինչև 30.09.2021-ի ժամը 17:00-ն:

Այստեղ տեղին է կրկին հիշել արդարադատության նախարարի՝ Հ1-ին տված հարցազրույցի հետևյալ հատվածը. «…Հիմա ես ունեմ 200 բողոք, դրանց միջից արդեն ընտրել եմ ամենաուժեղ 10-12 գործերը, դրա վրա հիմա աշխատում են իմ լավագույն կադրերը, որ հետո ոչ մի ԲԴԽ անդամ, ոչ մի փաստաբան, էքսպերտ չասի՝ նախարարությունը թույլ բողոք է բերել: Մենք դա բերելու ենք, և ես հուսով եմ, որ մեր հաղթանակների տոկոսն աճելու է»:

Անշուշտ, հուսադրող լավատեսություն ունի Կարեն Անդրեասյանը, բայց, ինչպես ընդունված է ասել, փաստերն ինքնին խոսող են, և ԲԴԽ-ում քննվող կարգապահական վարույթների որակը թույլ չի տալիս կիսել արդարադատության նախարարի լավատեսությունը: Եթե անգամ փաստաթղթաշրջանառությունն է նման փնթի կերպով կատարվում, ի՞նչ կարելի է ասել արդեն բուն վարույթների մասին:

Իրականում երեկվա կարգապահական վարույթի ժամանակ ամենախոսունը ԲԴԽ նախագահի ժ/պ-ի ու անդամների դեմքի արտահայտությունն էր:

Տեսանյութեր

Լրահոս