Ռուս-թուրքական, իրանա-ադրբեջանական սրացումներ, 6 զորավարժություն Հայաստանի շուրջ. աշխարհաքաղաքական իրավիճակը ռեգիոնում եռում է
Մինչ հայաստանյան հանրության մի ստվար զանգված շարունակում է քննարկել Հանրապետության հրապարակում ՀՀ Անկախության 30-ամյակին նվիրված տոն կազմակերպել-չկազմակերպելու հարցը և դրա հետ կապված այլ մանրամասներ ու մանրուքներ, աշխարհաքաղաքական «կաթսան» Հայաստանի շուրջ եռում է բարձր ինտենսիվությամբ և ոչ ի օգուտ Հայաստանի:
44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությամբ սկսված գործընթացը երկրորդ և վճռական փուլ է մտել, այն է՝ տարածաշրջանի կապուղիների ապաշրջափակումն իրականացնելու և հայ-ադրբեջանական բոլոր խնդիրները Խաղաղության համաձայնագրով «փակելու» փուլը: Հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի՝ Հայաստանից միջանցքներ կորզելու ակնկալիքը, լրջագույն աշխարհագրական ու աշխարհաքաղաքական խնդիրներ են ստեղծվելու՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար, որոնք ի նպաստ Հայաստանի լուծելու հնարավորություններ՝ հատկապես Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, գրեթե չեն երևակվում:
Իրանը զորավարժություն է նախաձեռնել
Զգուշավոր դիվանագիտությամբ հայտնի Իրանի ռազմաքաղաքական և փորձագիտական շրջանակները լրջորեն անհանգստացած են. սեպտեմբերի 12-ից Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանությունը կանգնեցնում և ստուգում է իրանական համարանիշներով բեռնատար մեքենաների վարորդներին՝ «Ադրբեջանի տարածք մուտք գործելու համար», ավելին, հարկում է վարորդներին, դա փաթեթավորելով Ադրբեջանին բնորոշ անորոշ պատճառաբանություններով, իրականում վնասելով Իրանին, ինչպես նաև Հայաստանին: ՀՀ իշխանությունները գործնականում այս ամենի դեմ ոչ մի քայլ չեն ձեռնարկում՝ Ադրբեջանի գործողությունները դիտարկելով բացառապես Իրանի դեմ: Վերջին օրերի պաշտոնական հաղորդագրություններից կարելի է ենթադրել, որ Իրանն ակտիվացրել է աշխատանքները Երևանի և Բաքվի հետ, ինչպես նաև հայտարարել, որ Իրանի հարևանների տարածքային ամբողջականությունը Իրանի համար ավելի կարևոր է, քան որևէ այլ բան: Ավելին, սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ՝ Իրանը լայնածավալ զորավարժություններ է նախաձեռնել Ադրբեջանի, Արցախի օկուպացված տարածքների և Հայաստանի սահմանի երկայնքով, որի համար Իրանի զինված ուժերը զգալի կենդանի ուժ ու տեխնիկա են տեղափոխել Ադրբեջանի հետ սահման՝ Արաքս գետի հովիտ:
Զուգահեռաբար՝ թուրք-ադրբեջանական ինտենսիվ զորավարժություններ
Իրանին զուգահեռ՝ նույն օրը տեղեկատվություն տարածվեց, որ թուրք և ադրբեջանցի զինվորականները կրկին զորավարժություններ են սկսել Նախիջևանում: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, համատեղ մարտավարական զորավարժություններին մասնակցում են մոտոհրաձգային ստորաբաժանումները, հատուկ նշանակության ուժերը և այլ զորատեսակներ։
Սեպտեմբերի 12-ից մեկնարկել էին «Երեք եղբայր-2021» կոչվող ադրբեջանա-թուրք-պակիստանյան զորավարժությունները։ Դրանց մասնակցում էին երեք երկրների զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները: Նույն օրը ավարտվել էին Կասպից ծովի ավազանում թուրքական և ադրբեջանական բանակների ծովային հետևակի ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները։ Սրանք ըստ էության զորավարժություններ էին ՌԴ-ի և Իրանի կենսական շահերի գոտում՝ Կասպից ծովի ավազանում:
Սեպտեմբերի 6-ին Լաչինի շրջանում էին մեկնարկել թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները: Հարկ է հիշեցնել, որ թուրքական Կոնյա քաղաքի մերձակայքում ևս այս ամիս տեղի են ունեցել երկու երկրների ռազմաօդային ուժերի TurAz Kartali 2021 զորավարժությունները։ Մեկ ամսվա ընթացքում Թուրքիան ու Ադրբեջանն արդեն հինգերորդ համատեղ զորավարժությունն են անցկացնում։
Ռուսական 2 ռազմանավերը՝ Բաքվում
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այս ամենի ֆոնին օրերս Մոսկվան անակնկալ մատուցեց Բաքվին. ՌԴ ռազմածովային ուժերի Կասպիական նավատորմի «Աստրախան» և «Անատոլի Գուժվին» ռազմանավերը բարեկամական այցով սեպտեմբերի 18-ին ժամանեցին Բաքու 2 օրով, ինչն Ադրբեջանում հստակ քաղաքական ուղերձ և ճնշման փորձ են որակում: Այս բոլոր զարգացումները ցույց են տալիս, թե աշխարհաքաղաքական ինչ մակարդակի խաղացողներ են ներքաշված տարածաշրջանային զարգացումներում, որոնցում հայկական գործոնը և այն, թե ինչպես կլուծվեն ապաշրջափակման հարցերը, էական դերակատարություն ունեցող հանգամանքներ են:
Ռուս-թուրքական սրացում՝ Ղրիմի շուրջ
Բացի տարածաշրջանում մկանների ցուցադրումից, Ղրիմի շուրջ ռուս-թուրքական սրացում է հասունանում: Եվ թեև ռուս-թուրքական դիվանագիտական ձևակերպումներն էապես սրվել են՝ արդեն հայտնի է, որ հաջորդ շաբաթ՝ չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 29-ին, Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը մեկօրյա աշխատանքային այցով լինելու է ՌԴ-ում, որտեղ հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Մյուս կողմից՝ ՀՀ իշխանությունների՝ Թուրքիային ուղղված խաղաղասիրական կոչերին Թուրքիայի նախագահ Էրդողանն արձագանքեց անակնկալ կերպով: «Տարակուսելի է, որ մի կողմից Փաշինյանը հայտարարում է, թե հայկական կողմը չի քննարկում այդ [Նախիջևանի միջանցքի] հարցը, մյուս կողմից՝ ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնում։ Եթե ուզում է հանդիպել Թայիբ Էրդողանի հետ, ապա պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն»,- օրերս՝ Նյու Յորք մեկնելուց առաջ, ասել էր նա: Հայտնի դարձավ, որ Նյու Յորքում Բլինքեն-Չավուշօղլու հանդիպում է տեղի ունեցել, որի շրջանակում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտարարել էր Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը: Աշխարհաքաղաքական այս բուռն զարգացումների ֆոնին Նիկոլ Փաշինյանը շարունակում է պոպուլիստական և ոչինչ չասող հայտարարություններն այն մասին, որ հաղթելու համար պարտադիր չէ եւ երբեմն պետք չէ հաղթել ուրիշներին, որոնք միայն մեծացնում են տագնապը:
«168 Ժամ»-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ Իրանում իսկապես անհանգստությամբ են հետևում տարածաշրջանային զարգացումներին: Ըստ նրա, նման զարգացումներն այդքան էլ անսպասելի չէին:
«Սակայն, ինչպես գիտեք, ԻԻՀ դիվանագիտությունը սկսել է բազմակողմ աշխատանքները թե հրապարակային, և թե ոչ հրապարակային, կուլիսային, ԻԻՀ-ն հայտնել է իր դիրքորոշումը՝ սահմանների փոփոխությունն անթույլատրելի է, ԻԻՀ-ն տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման կողմնակիցն է, դիվանագիտությանը կցվել են նաև այլ գործիքներ, այս պահին Իրանի կողմից այդ ճանապարհից հրաժարվելու մասին խոսք չի գնում, Իրանը փորձում է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ այս իրավիճակին լուծում տալու նպատակով: Իրանը հասկանում է նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան խնդիրներ, և դրանք պետք է լուծվեն: Իրանը պատրաստակամություն է հայտնում աջակցել այդ շփումներին, որոնք վերաբերում են նաև Իրանի կենսական շահերին»,- ասաց վերլուծաբանը:
Ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն իր հերթին ասաց, որ տարածաշրջանում «կրքեր» են բորբոքվում, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը կոնկրետ ակնկալիքներ ունեն և այդ ամենի ուղղությամբ առաջընթաց չեն տեսնում: Խոսքը, ըստ նրա, միջանցքի մասին է, որի մասին կողմերը ուղիղ խոսում են: Նրա խոսքով, պատահական չեն զորավարժությունները թե՛ Նախիջևանի կողմից, թե՛ Կասպից ծովում, դրանք ինչ-որ չափով ուղղված են նաև ՌԴ-ին:
«Այս ամենը, իհարկե, պատերազմի և դրանում հաղթանակի, էյֆորիայի հետևանք է: ՌԴ-ի համար իր հերթին նախընտրելի կլինի, որ այն մի փոքր իջնի, և կարծես այդ ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկվում են: Սակայն ներկայումս ամենաուշագրավ հանգրվանը Թեհրան-Բաքու տիրույթում է լինելու»,- ասաց նա: