«Էրիկս վերջին անգամ ասաց՝ մամ, քեզ շատ եմ սիրում, պաչում եմ, բարի գիշեր․․․»․ զոհված զինծառայողի մայր

«Ամեն զինվորի մեջ ես իմ Էրիկին եմ տեսնում․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Խաչատրյանի մայրը՝ Լեյլի Խաչատրյանը։

Էրիկը Լոռու մարզի Մղարթ գյուղից էր, ընտանիքի կրտսեր որդին, ունի իրենից մեծ քույր և եղբայր։

«Մեծ տղաս 30 տարեկան է, աղջիկս՝ 28, իսկ Էրիկս հիմա 19 տարեկան կլիներ, Ես 32 տարեկանում եմ իրեն ունեցել․․․ միայնակ մեծացրել․․․»,- ասաց տիկին Լեյլին։

Էրիկը սովորել և ավարտել է Մղարթի 9-ամյա դպրոցը, այնուհետև ընդունվել էր Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ։ Տիկին Լեյլին պատմեց, որ որդին շատ-շատ նպատակներ ուներ, բայց միշտ բանակից, ծառայությունից էր խոսում․

«18 տարին դեռ չէր լրացել, բայց ինքը կարծես շտապում էր, ուզում էր բանակ գնար, զենք վերցներ․․․ Չնայած առողջական խնդիրներին, ինքը համառեց ու մեկնեց ծառայության։ 2020 թվականի օգոստոսի 24-ն էր, ընդամենը 1 ամսվա ծառայող էր՝ կռիվը սկսվեց»։

Էրիկը նախ Մատաղիսում էր ծառայել, իսկ 14 օր տևած կարանտինից հետո տեղափոխվել էր Մարտակերտի զորամաս․

«Եղանակից հոդերի այտուց էր Էրիկիս մոտ, բուժկետում էր։ Անընդհատ զանգում էր, մենակ «դժգոհում» էր, թե երբ է դուրս գրվելու, երբ է զենք վերցնելու, ոչ մի բանից չէր բողոքում, ոչ մի խնդիր չուներ, լավ միջավայր էր, լավ ընկերներ էր ձեռք բերել այդ մի քանի օրվա մեջ, ամեն օր զանգում էր, Անգամ սեպտեմբերի 26-ին առավոտից մինչև իրիկուն զանգեց, խոսեց հետս, հարցրեց՝ ո՞նց եք, ի՞նչ եք անում․․․»։

Էրիկը վերջին անգամ հենց սեպտեմբերի 26-ի երեկոյան էր զանգահարել մորը, և ինչպես մեզ հետ զրույցում ասաց տիկին Լեյլին, այդ զանգը մյուս բոլոր զանգերից տարբերվում էր։

«Կարծես ինչ-որ տեղ էր շտապում, արագ-արագ ասաց՝ մամ, քեզ շատ եմ սիրում, պաչում եմ, բարի գիշեր․ ախպորս ու քրոջս կասես, որ չեմ կարող զանգել, դու իրենց բարևներ կփոխանցես․․․ ու Էրիկիս հետ կապը կորավ»,- հիշեց զոհված զինվորի մայրը։

Սեպտեմբերի 28-ն էր, Էրիկից ոչ մի լուր չկար: Եղբայրը որպես կամավոր զինվորագրվել ու շտապ մեկնել է Արցախ, որպեսզի կանգնի եղբոր և մյուս ժամկետային զինծառայողների կողքին, սակայն երեկոյան, երբ արդեն հասել էր Բերձոր, իմացել է, որ եղբայրը զոհվել է։

«Իմացանք՝ սեպտեմբերի 28-ի երեկոյան Էրիկիս անունը հրապարակվել է զոհվածների ցուցակում, բայց ես չեմ իմացել, մեր բարեկամներն են տեսել, զանգել մեծ տղուս, ասել, որ Էրիկը զոհվել է․․․ Պարզվեց, որ սեպտեմբերի 27-ին՝ առավոտ շուտ, թշնամին պայթեցրել է Մարտակերտի բուժկետը, 6 թե 8 հոգի են եղել, տղաս հետաքրքրվել էր, իմացել, որ Էրիկիս հետ բուժկետում եղած տղաները բոլորը զոհվել են, իրենց մարմիններն էլ են գտել․․․

Սեպտեմբերի 29-ին՝ առավոտ շուտ, ոնց որ մեկն ասեր՝ շուտ վեր կաց, հեռուստացույցը միացրու, միացրի ու իմ երեխու անունը կարդացի․․․ Ես ինչ-որ բան զգացի այդ օրը, լրիվ անկողնային պառկած էի, ո՞ր մի մայրը չէր զգա․․․ Հետո սեպտեմբերի 29-ին երեխուս մարմինը բերեցին Վանաձոր։ Տղաս ընկերների հետ գնացել էր դիահերձարան, բայց մարմինը շատ այտուցված էր, չէին ճանաչել։ Էրիկս խալեր ուներ, բայց այդ խալերն էլ չէին երևում, այրվածքն այնքան շատ էր՝ ուսերից վերև այրված էր, ընդհանրապես անճանաչելի էր․ ԴՆԹ հանձնեցի, ու այդպես մարմինը մնաց»,- պատմեց տիկին Լեյլին։

Հոկտեմբերի 22-ին, երբ ԴՆԹ-ն համընկել էր, տիկին Լեյլին խնդրել էր, որ ամեն դեպքում իրեն ցույց տան որդու մարմինը, որը լուսանկարել էին, երբ տեղափոխել էին Վանաձոր․

«Տղաս ասեց՝ մա՛մ, չե՛ս կարա, բայց ես պնդեցի։ Էրիկիս մարմինն ինձ ցույց տվեցին ու ճանաչեցի․ միայն ես ճանաչեցի իմ երեխուն․․․ Ես բժիշկներին նաև ասել էի, որ Էրիկիս ճակատին փոքրիկ շռամ կար, երեխես փոքր ժամանակ ընկել էր՝ 4 կար էին դրել, այդ մարդիկ ասացին, որ չնայած այրվածքները շատ են եղել, բայց ստուգման ժամանակ զգացել են, որ ճակատին շռամ է եղել․․․

Մի քանի օրից 1 տարին կլրանա, որ Էրիկս զոհվել է, բայց երազում չէի տեսնում երեխուս։ Շատ էի խնդրում, որ երազիս գար, մի բան ասեր, եսիմ, էլի․ բոլոր ծնողները կուզեին, որ գոնե երազում իրենց երեխեքին տենային․․․ Այս 1 տարվա մեջ ոչ մի անգամ երազիս չեմ տեսել, բայց այսօր առաջին անգամ երազիս մեջ Էրիկիս տեսել եմ․․․ Եկել, կանգնել էր տան շեմին, գրկել էի, բայց չէի համբուրում, ասում էր՝ մա՛մ, հավատա, ես եմ, ես․․․

Մեր բոլոր տղերքը յուրահատուկ էին, Էրիկս այդ յուրահատուկներից մեկն էր․․․ Շատ կենսուրախ, նպատակասլաց, աշխատասեր, ամենալավ հատկանիշներն իր մեջ կար, ընկերասեր, հարևանասեր, մեծասեր, ծնողասեր․․․»։

Էրիկ Խաչատյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Մղարթ գյուղում։

Տեսանյութեր

Լրահոս