Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՄԻԵԴ վճիռներով գլխավոր դերակատար ու շահառու. ինչո՞ւ չի դիմադրում պետությունը
Վերջին ժամանակներում, իսկ ավելի ստույգ՝ սկսած 2018թ. իշխանափոխությունից, Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մեկը մյուսի հետևից վճիռներ են գալիս՝ դրանցից բխող ֆինանսական, ինչպես նաև իրավաքաղաքական հետևանքներով:
Որևէ իշխանության օրոք (իհարկե, նաև այս հանգամանքին անդրադարձ կլինի, կկատարվեն վերլուծություններ), ի վերջո, պետությունը պետք է փորձի հասկանալ, թե այդ ինչպե՞ս է եղել, որ, օրինակ, 2018-2021թթ., միգուցե նաև դեռևս 1-2 տարի Հայաստանը շարունակաբար կպարտվի ՄԻԵԴ-ում, թերևս նաև կքննեն, թե ինչպե՞ս է պատահել, որ ՀՀ-ն հատկապես պարտվել է մեկ գործի շրջանակներում կամ դրանից որպես ածանցյալ բխող այլ քրեական գործերը ՄԻԵԴ հասցնելու արդյունքում:
Բայց դա՝ հետո, այլ իշխանության օրոք կարվի: Իսկ այժմ ՄԻԵԴ վճիռները Հայաստանի դեմ որոշակի շրջանակների համար դիտարկվում են՝ որպես արդարության վերականգնում, սակայն տարրական տրամաբանությունը հուշում է, որ իրականում այն իշխանությունները, որոնք այսօր ՀՀ-ն են ներկայացնում, այդ թվում՝ նաև Եվրոպական դատարանում, չեն պաշտպանում ՀՀ այն շահերը, մոտեցումները, որոնք հեռավոր 2008թ. ընկել են պետական քաղաքականության, ներառյալ՝ 2008թ. հետընտրական իրադարձությունների ժամանակ արտակարգ դրություն հայտարարելու որոշման հիմքում:
Սրանով է պայմանավորված, որ վերջին ժամանակահատվածում Մուշեղ Սաղաթելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Սասուն Միքայելյանի ներկայացրած հայցերը, իսկ օրերս՝ նաև «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի, իսկ ավելի պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի, իսկ իրականում փաստաբան Տիգրան Աթանեսյան կողմից գրված հայցը Ստրասբուրգյան դատարանը բավարարել է:
Հարց է առաջանում՝ ՄԻԵԴ-ն այս հայցերը բավարարել է, որովհետև դիմող կողմերն արդարացի ու հիմնավորված, իրավաբանորեն անթերի պահանջնե՞ր են ներկայացրել, թե՞ որովհետև պաշտպանվող կողմը նույն դիմող կողմն էր:
Եթե նայում ես վերը թվարկած անուններին, բոլորը Մարտի 1-ի գործով անցնող շահառուներ են, միմյանց ու Նիկոլ Փաշինյանի հետ փոխկապակցված անձինք, որոնց միավորում է ընդհանուր անցյալը, իսկ ավելի ճիշտ՝ 2008թ. Մարտի 1-ը:
Ակնհայտ է, որ այստեղ հստակ շահերի բախում կա դիմումատուների և այդ դիմումներից պետությունը պաշտպանողների միջև:
Ստացվել է այնպես, որ երկու դեպքում էլ գլխավոր խաղացողը Նիկոլ Փաշինյանն է, և մի՞թե որևէ մեկը կարծում է, որ իր ու իր հետ փոխկապակցված անձանց դիմումների հետևանքները ՄԻԵԴ-ում չեզոքացնելու համար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը որևէ քայլ պետք է ձեռնարկի, պաշտպանվի, հակադարձող պատասխաններ գրի ու Եվրոպական դատարանի համար հիմնավորի, որ պետությունը ճիշտ է եղել:
Պարզ է, որ Հայաստանի Հանրապետության դարպասը ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարությունը թողել է անպաշտպան, և Ստրասբուրգյան դատարանում հավուր պատշաճի չի ներկայացվել Հայաստանի Հանրապետության այն շահը, որն ընկած է եղել 2008թ. կայացված որոշումների հիմքում, այդ թվում՝ իրավական տեսանկյունից:
Ըստ էության, ինչպես Հայաստանի պետական սահմաններն են թողել անպաշտպան, այնպես էլ անպաշտպան են թողել երկրի իրավական սահմանները Ստրասբուրգում: Ավելին, մոռանալով իրենց բուն պարտականությունների մասին՝ որպես պետական այրեր, փոխանակ ներկայացնեն պետությունն ու պետական շահը, դարձել են իրենց իսկ կազմակերպած խաղի գլխավոր մասնակիցն ու շահառուն: Իրադարձությունների ընթացքն է բերել նրան, որ դիմումատուների ու պատասխանողների շահերը հատվում են այս գործերով, ու, փաստորեն, դիմումատուն, որ նաև պատասխանողն է, ամեն ինչ արել է, որ ՀՀ-ն պարտվի, կամ գոնե ոչինչ չի արել, որ չպարտվի:
Փաստորեն, ի դեմս ՄԻԵԴ կայացրած վճիռների, մենք հերթական անգամ ականատեսն ենք մեծ խաղի հերթական արարին, երբ պարտավորված լինելով պետության շահերը պաշտպանել, նախկին ընդդիմադիր ներկայիս իշխանությունները, մասնավորապես՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ընդամենը սեփական շահին են հետամուտ լինում, այդ թվում՝ նաև Մարտի 1-ի 10 զոհերի արյունն իրենց վրայից մաքրելու նկատառումներով:
Այնպես որ, այն խրախճանքը, որ այս իշխանությունները սարքել են ՄԻԵԴ-ից պարբերաբար եկող վճիռների առնչությամբ, ընդամենը հանցավոր անգործության հետևանք է՝ պայմանավորված բացառապես սեփական շահով: