Ես մտածում էի, որ սա վերջն է, դրա համար այն ժամանակ մի գործ եմ գրել՝ որպես իմ «կարապի երգ». Պարույր Հայրիկյան

Ազգերի ինքնորոշման սկզբունքը միջազգային իրավունքի և քաղաքակրթության առանցքային դրույթներից էր և որպես հասկացություն՝ շրջանառության մեջ է մտել 1870-ական թվականներին: Ազգերի ինքնորոշման գաղափարի հետևողական պաշտպանը ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնն էր (1913–1921թթ․), ով ձևակերպեց «արտաքին ինքնորոշման» սկզբունքը։ Համաձայն դրա՝ ցանկացած ժողովուրդ կարող էր ընտրել ինքնիշխանության այն ձևը, որը ցանկանում էր՝ ընդհուպ մինչև անկախ պետականության կազմավորումը։

Միաժամանակ նա առաջ քաշեց պետության տարածքային ամբողջականության և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։ Խորհրդային Միության պայմաններում ազգերի անկախության հանրաքվե իրականացնելու մասին գործնականորեն առաջին անգամ 1960-ական թվականներին խոսել է Ուկրաինայի հերոս Լևկո Լուկիանենկոն, 1968թ․՝ Անդրեյ Սախարովը, սակայն անկախության հանրաքվեի գաղափարը՝ որպես կազմակերպված պայքարի նպատակ, ասպարեզ է իջել 1973թ․՝ Հայաստանում: Հայ անկախականների պայքարը մեծ դեր է կատարել ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների համար, ուստի, ՊԱԿ-ի ուշադրության կենտրոնում եղել է Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ)-ն և նրա ղեկավար Պարույր Հայրիկյանը, ով ԱՄԿ-ի հիմնադիր Հայկազ Խաչատրյանի և մյուս ղեկավարների ձերբակալությունից հետո դառնում է ԱՄԿ-ի ղեկավարը։ Պայքարում էր անհապաղ ազգային բանակ ստեղծելու, ժողովրդի կողմից ընտրված գործադիր իշխանություն հաստատելու, սահմանադիր ժողովի միջոցով սահմանադրություն ընդունելու և կարևոր այլ նպատակների համար։

1987թ. Հայրիկյանը սեպտեմբերին հիմնում է Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կազմակերպությունը։ Վերջինս ԽՍՀՄ ամբողջ տարածքում բացահայտ պայքարող առաջին ազգային-քաղաքական-ժողովրդավարական կազմակերպությունն էր՝ իր «Անկախություն» շաբաթաթերթով։ ԱԻՄ-ի նպատակն էր ազգային պետականության վերականգնումը, առաջնահերթ խնդիրը՝ Հայաստանի անկախացումը հանրաքվեի միջոցով։

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ զրուցել ենք դպրոցական տարիքից արդեն Հայրենիքի անկախացման մասին մտածելու, ծնողների, ուսուցիչների արձագանքի, կալանավորման, պատժախցերում անցկացրած օրերի, մեծ երազանքի և այլ հարցերի շուրջ։

 – Պարոն Հայրիկյան, Հայաստանի անկախության մասին մտածելը, դրա համար պայքարելը, կարելի է ասել, սկսել եք դպրոցական տարիներից։ Անգամ 7-րդ դասարանում դասի ժամանակ երդվել եք, որ չեք ծխելու, չեք խմելու, մինչև հայկական հարցը չլուծվի։ Կպատմե՞ք, թե ո՞ր առարկայի ժամին էր Ձեր այդ «երդման արարողությունը» տեղի ունեցել և ինչպիսի՞ արձագանք գտավ։

– Շնորհակալություն, ինձ միանգամից հիշեցրիք այդ իրավիճակը։ Հանուն ճշմարտության ասեմ, որ այդ տարիքում դեռ անկախության մասին չէ, որ մտածում էի, այլ գիտեի, որ անարդար ինչ-որ մի բան կա։ Այդ ժամանակներում գրել էի «Հայի վիշտը» բանաստեղծությունը, և ավելի շատ հայրենասիրական հայացքներ էին, քան գրագետ անկախական հայացքներ։ Ֆրանսերենի ուսուցչուհի ունեինք՝ Լուսին Չաքգուշյան, իր դասի ժամանակ տարված էի այդ մտքերով ու հանկարծ տեսա՝ հայտնվել է իմ գլխավերևում ու ասում է՝ տուր ինչ որ գրում ես։ Ես լաց եղա ու ոչ թե նրա համար, որ ուզեց թուղթը, այլ ուրիշ տեղ էի, ապրումների մեջ։ Գլուխս դրել էի ձեռքերիս, հեկեկում էի։ Ինքն այնքան վատ զգաց, որ ասաց՝ լավ, լավ, պետք չէ։

Մի երկու օր հետո մայրս ասում է՝ չես ամաչո՞ւմ, այդ ո՞ր աղջկան էիր նամակ գրում։ Ուրեմն իմ ուսուցչուհին մեր բարեկամին, ով նույնպես ուսուցչուհի էր, այդ մասին ասել էր, նա էլ՝ մայրիկիս, թե Պարույրը դասի ժամանակ ինչ-որ աղջկա նամակ գրելիս է եղել, դասատուն մոտեցել, ուզել է, ինքն էլ ամոթից լացել է։ Այնինչ ես ուրիշ աշխարհում էի և, իհարկե, չէի կարող ասել իրենց։ Այնպես որ, դա եղել է ֆրանսերենի դասի ժամանակ։

Ունեինք ռուսերենի ուսուցչուհի՝ Փաշաևա ազգանունով։ Դասերին գնում, նստում, լսում էի, բայց իմ հույզերն ունեի, իմ ապրումները, իմ կյանքը, և էլի այդպես գրում էի։ Հանկարծակի հայտնվեց ինձ մոտ, թաքցրի։ Ինքը խիստ ուսուցչուհիներից էր։ Այսօրվա պես հիշում եմ՝ ասաց՝ դու իմ դասերի ժամանակ ինչով ուզես՝ կարող ես զբաղվել։ Ազատ զգա, երբեք չմտածես, որ դասն ավելի կարևոր է, քան այն, ինչ դու անում ես։ Այդ ժամանակ արդեն 9-րդ դասարանում էի սովորում։ 60 և ավելի տարի անց երբ հիշում եմ՝ մտածում եմ, լավ, այդ ի՞նչ զգացողություն էր այդ ազնվական տիկնոջ մոտ։

– Այսինքն, ուսուցչուհին ոգևորիչ դեր է կատարել, և եթե ինքը չլիներ, գուցե ինչ-որ բաներ փոխվեին Ձեր մեջ։

– Ուսուցիչները, իհարկե, շատ մեծ դեր են կատարում։ Երբ իրենք զգացին, որ ես արդեն պայքարի փուլ եմ մտնում, բոլորը, հատկապես դպրոցի ուսմասվարը՝ Սեթ Հովհաննիսյանը, դեմ էին, որ այդպիսի գործերով զբաղվենք։ Բայց հիշեցի մի դրվագ, որը նկարագրել եմ իմ «Լույսի ճանապարհին» գրքում․ Սեթ Հովհաննիսյանը, ով նաև մեր հայերենի ուսուցիչն էր, ասաց՝ պետք է բնութագրեր ներկայացնեք և որպեսզի ժամանակ չկորցնեք, ես կթելադրեմ, կգրեք, կստորագրեմ, կկնքեմ։ Սկսեց թելադրել, ես էլ էի գրում։ Ինձ ասաց՝ դու մի՛ գրիր։ Ես էլ իր հետ միշտ վիճել էի, մի քանի անգամ ինձ դասից հեռացրել էր՝ հակասովետական էին ասում, բայց իրականում հայրենասիրական ելույթներիս համար։ Գիտեք, երեխաները մաքսիմալիստ են լինում։ Ասում էի, թե՝ դուք վախենում եք, տեսնում եք անարդարություն, բայց մեզ չեք սովորեցնում, որ դրա դեմ կարելի է պայքարել։ Ինքն էլ հեռացնում էր դասերից։ Մտածեցի՝ պետք է վատ բնութագիր գրի, բայց այնպիսի բնութագիր էր գրել, երբ տվեցի Պոլիտեխնիկական ինստիտուտ, այնտեղ կարդացին, որ ի դեմս այս երիտասարդի՝ մենք մեր ապագայի մեծ մտավորականներից մեկն ունենք՝ որպես բանաստեղծ, գրող և այլն։

Հանձնաժողովից ասացին՝ քո մասին գրված է, որ պետք է գնաս բանասիրական։ Այդ բնութագիրն այնքան զորեղ էր, որ ես առաջին կալանքս 4 տարի անցկացնելուց հետո վերադարձա՝ օրենքով թույլատրվում էր 3 տարվա ընդմիջումից հետո շարունակել ուսումը, բայց դա կարդալով՝ Պոլիտեխնիկի երեկոյան բաժնի դեկան Հակոբյանն ինձ ասաց՝  դու ռեկտորին դիմում գրի, թող նա թողնի իմ հայեցողությանը, ու ես ինձ վրա կվերցնեմ, որ 4 տարով ես բացակայել, բայց վերականգնում ենք։

– Ասացիք, որ այլ աշխարհում եք ապրել, ունեցել եք Ձեր հույզերը։ Ի՞նչն է տարել այդ աշխարհկարդացած գրքե՞րը, թե՞ մարդկանց հետ շփումները։

– Հիմնականում պետք է ասեմ՝ կարդացած գրքերը, սակայն, իհարկե՝ հայրիկս։ Հիշում եմ՝ խեղճ հորս հետ որքան էի վիճում բոլշևիկների համար։ Եվ քանի որ շատ կարդացած էի և կարդացածս հիմնականում բոլշևիկյան գրականություն էր, եղել է պահեր, ասել եմ՝ հայրի՛կ, դու Լենինի մասին ասում ես այն, ինչ կոմունիզմի թշնամիները։ Դե, 7-8-րդ դասարանի երեխա էի։ Պատասխանում էր՝ կմեծանաս, ինքդ կկողմնորոշվես։ Հայրիկս շատ հարուստ ընկերական շրջապատ ուներ՝ մտավորականներ։ Նրանք ինձ տալիս էին գրքեր, հատկապես Անդրանիկ Չավուշյանը, ով ռադիոյում էր աշխատում, արգելված գրականություն էր տալիս՝ Լևոն Շանթ, Ավետիս Ահարոնյան։

Զգում էին, որ ընթերցասեր երեխա եմ, ուզում էին, որ շատ բան իմանամ, բայց այն պահին, երբ զգացին, որ գնում եմ դեպի պայքար, բոլորն ասացին, թե՝ գործ չունես, դու չես հասկանում, թե ինչ ես անում։ Նույն Սեթ Հովհաննիսյանը մի օր մայրիկիս ներկայությամբ ասաց՝ դու հասկանո՞ւմ ես, ձեզ ամբողջ գերդաստանով կքշեն։ Իրենք կա՛մ գիտեին, կա՛մ զգում էին, որ ես արդեն խումբ եմ ստեղծել։ Դպրոցում նախ ստեղծեցի «Անխախտ եռյակ»-ը, որը մեկ շաբաթ տևեց, հետո դարձավ Հայկական երիտասարդական միություն (ՀԵՄ)։

– Իսկ հետ պահելու քայլեր չէի՞ն անում, թե՞ չէր ստացվում։

– Ամեն ինչ անում էին։ Հիշում եմ առաջին լուրջ դեպքը․ հայրիկս ասում էր՝ պետք է վերջ տաս, դու իրավունք չունես, ուզո՞ւմ ես քեզ զոհաբերել։ Դե, արդեն երկու անգամ ինձ հարցաքննել էին ԿԳԲ-ում, բայց բավարար փաստեր չէին գտել։

Օրինակ, Ազատ Արշակյանն այնքան գեղեցիկ բան մտածեց․ մեր աղջիկների մոտի թռուցիկներն էին բռնել, ասացինք, թե իբր ինքն ինձ է սիրում, ես էլ՝ իրեն, ու ես եմ այդ թռուցիկները տվել։ Է՜, բայց այդ թռուցիկները որտեղի՞ց, մեր պատրաստածներն էին։ Ազատն ասաց՝ արի այսպես անենք․ դու ցուցմունք տուր, իբր ես եմ դրանք քեզ տվել, ես էլ կասեմ՝ մեր դպրոցում եմ գտել։ Իրենց դպրոցում ինքը տարածել էր, ու ԿԳԲ-ի համար շղթան փակվեց։ Ազատ Արշակյանը Շենգավիթում, իրենց դպրոցում գտել է թռուցիկներ, տվել է իր ընկերոջը՝ Պարույրին, նա էլ տվել է սիրած աղջկան, վերջինն էլ բաժանել է, իրենք էլ բռնել են։ Այսինքն, երեխաներ են, որոնք բան չեն հասկանում։ Հիմա որ հիշում եմ, թե ինչպես կարողացանք ԿԳԲ-ին 17 տարեկանում մոլորեցնել՝ զարմանում եմ։

Ի դեպ, հայրս մի անգամ ասաց՝ դու իրավունք չունես, որովհետև մեզ ես զոհաբերում, պատասխանեցի, որ ես դրան պատրաստ եմ, գնում եմ։ Քանի որ գաղտնի կազմակերպություն էինք, ունեինք կոնսպիրատիվ բնակարան, մնալու տեղ կար։ Զարմացավ, բայց ոչինչ չասաց։

Որոշ իրեր հավաքեցի՝ դուրս էի գալիս, մեկ էլ մայրս, որ երբեք այդ տոնով ինձ հետ չէր խոսել, ասաց՝ հիմա այնպես կապտակեմ, մարդ է՞լ իր հայրիկից նեղանա։ Ասացի՝ ես չեմ նեղանում, ուղղակի գնում եմ, որ ձեզ չվտանգեմ, որովհետև մեկ է՝ այն, ինչ անում եմ, պետք է անեմ։ Չէ, չէ, հետ արի։ Այսպես պայմանավորվեցին՝ ինչ ուզում ես արա, ամեն օր տուն ես գալու, երբ տուն գալու չլինես՝ մեզ զանգահարում և ասում ես, որ այսօր չես գալու։ Մենակ տնից մի գնա։ Բայց մեկ է՝ մի վեց ամիս հետո ԿԳԲ-ն տարավ։

– Դուք այդ տարիքից սկսած՝ փորձել եք պաշտպանել նաև ձեզ հետ թռուցիկներ բաժանող աղջիկներին։ Ինչպե՞ս էիք կազմակերպում դա։

– Բնականաբար։ Նախ՝ աղջիկներն իրենց շատ լավ էին պահում։ Մեր գործերով անցած աղջիկներից որևէ մեկը ԿԳԲ-ի գործակալ չդարձավ, այսինքն՝ մեր դեմ չաշխատեցին։ Նույնիսկ մի աղջիկ կար՝ Ազատուհի Չոլակյան, իրեն համոզել էին, որ ես իր գրությունը պահպանել եմ և իրեն էլ խաբել եմ, համարյա ԿԳԲ-ի մարդն եմ։ 26 հոգի էինք ՀԵՄ-ում, ամեն մեկը գրել էր, թե իր պատկերացմամբ մենք ինչ պետք է անենք, ինչ խնդիրներ կան մեր ազգի առջև, և ինչպես կարող ենք օգտակար լինել։ Այդ բոլորին ծանոթանալուց հետո ես այրեցի՝ բացի մեկից, որն այնքան լավ էր գրված։ Դա Ազատուհի Չոլակյանինն էր։

Հետո Շահեն Հարությունյանի գործը փակելու համար Հայկազ Խաչատրյանն իրեն ասել էր՝ գրամեքենան տուր, բայց նա չէր իմացել, որ նույն տանը նաև իմ արխիվն եմ պահում։ Եկել, գտել էին այդ թուղթը ևս, Ազատուհուն համոզել էին, թե՝ տե՛ս, Պարույրը քեզ մատնել է, դե հիմա ինչ գիտես՝ դու պատմի։ Բայց դրանով հանդերձ՝ ինքը չէր պատմել և միայն ամիսներ հետո ասաց՝ բայց թուղթն ինչո՞ւ էիր պահել, ես համոզված էի, որ դու ես մատնել։ Ու ես իրեն բացատրեցի։ Այսինքն, խաբված լինելով, որ ես եմ մատնել՝ ինքն իրեն պինդ էր պահել՝ այդպես գրեթե բոլոր աղջիկները։ Հետո մենք աղջիկների առանձին խումբ ստեղծեցինք։ ՀՀԿ-ից Անահիտ Կիրակոսյանն ակտիվ գործիչներից մեկն էր, սակայն խմբի ղեկավարը Էլիզա Մարգարյանն էր։ Այդ խումբն այդպես էլ չբացահայտվեց։ Ինչ ուզում է լիներ՝ աղջիկների անունը չպետք է տայինք, դա գիտեինք։

– Խոսեցիք գործակալներից։ Ընդհանրապես Դուք հիմա հեշտությա՞մբ եք տարբերում, թե ով է գործակալ, ով՝ ոչ, և հաճախ, հատկապես սոցիալական ցանցերում, նաև Ձեզ են համարում ԿԳԲ-ի գործակալ։

– Ո՞վ, այդ ո՞ր հոգեկան հիվադը (ծիծաղում է։- Ա․Կ.)։ Դե, ԿԳԲ-ի գործակալներն ուզում են, որ ինձ հավասարվեն, իմ մասին ասում են՝ ԿԳԲ-ի գործակալ։ Ճիշտն ասած, ԿԳԲ-ն ինձ շատ էր հարգում։ Իրենք սովոր էին ձերբակալել, վախեցնել, բայց հանկարծ տեսան մեկին, ում 5 անգամ կալանավորում են, չի կոտրվում, ու վերջում Ռեյգանն է դիմում Գորբաչովին, և Մոսկվայից ասում են՝ այս մարդուն համոզեք, որ դիմում գրի, բանտից գնա արտասահման։

Այսպես էր․ 10-15 տարվա նոր կալանք էր սպառնում, իրենք ասում էին՝ այս անգամ քեզ դատելու ենք որպես դավաճան, կամ էլ գնալու ես արտասահման։ Ես էլ ասում էի՝ ով սխալ է, թող նա գնա, ես չեմ գնա։ Այդ բոլորը ԿԳԲ-ն տեսնում էր, ավելին՝ փորձում էին հավաքագրել մերոնց, իրենց լծակները շատ էին, սակայն տեսնում էին, որ ես եմ իրենց աշխատակիցներին հավաքագրում։ Եվ երբեմն այնքան հասարակ ձևերով։ Մի լավ դեպք եմ հիշում։ Հսկիչի անունը չտամ՝ կարող է հիմա բարձր պաշտոնի լինի, որովհետև իրավաբանականում էր սովորում, նրան կանչեցի՝ ասելով, որ նամակը տա Աշոտին։ Նա թե՝ ինձ ինչի՞ տեղ ես դրել։ Ասի՝ քե՞զ, մարդու տեղ եմ դրել։ Դուռը շխկոցով փակեց, 5 րոպե հետո մոտեցավ, ասում է, թե՝ տուր այդ նամակը, բայց քո համար չեմ տանում, Աշոտի խաթր եմ տանում (ծիծաղում է։- Ա․Կ.)։ Դե, իհարկե, նամակում ես վտանգավոր բաներ չէի գրի։

ԱՄԿ երկրորդ ծրագիրը ԿԳԲ բանտում գրվեց․ կազմել էինք 3 հոգով՝ ես, Ազատ Արշակյանն ու Աշոտ Նավասարդյանը։ Այդ փաստաթղթերը ես դուրս եմ ուղարկել նույն հսկիչների միջոցով։ Եվ այն ընկերս, ով պետք է ստանար այդ փաթեթը, ասում է՝ աներևակայելի է, որ ԿԳԲ-ից ինչ-որ մեկը կարողանա բան ուղարկել։ Իր երևակայությունից դուրս էր, ու ինքն իրեն ճիշտ չի պահում, չնայած չեմ էլ կարող մեղադրել իրեն։ Բերեցին առերեսման և այլն։ Այդ բոլոր նյութերը կցված են Անդրանիկ Մարգարյանի գործերին ու հետագայում տպագրվեցին, որովհետև ես նոր օրինակներ պատրաստեցի։ Արտասահմանում բոլոր հայկական թերթերում տպագրել են՝ չիմանալով, որ հեղինակը ես եմ։

Գործակալների մասին որ ասում եք․․․ գիտեք, կռիվը շատ անհավասար էր։ Մի կողմում 300 միլիոնանոց բռնապետություն էր, մյուս կողմում՝ հիմնականում երիտասարդներ, որոնց վրա ճնշում գործադրելու հազարավոր միջոցներ կային։ Եթե բանտում ես, քեզ ասում են՝ ազատություն կտանք, կթողնենք գնաս, աշխատես, կայանաս, միայն ստորագրիր, որ մեր մարդն ես, ինչ իմանաս՝ կասես։

Հայաստանի անկախությունից հետո, երբ հին կադրերն աշխատում էին պետական համակարգում՝ որպես մանկավարժներ կամ ԱԱԾ նոր ծառայողներ պատրաստողներ, իրենք այսպիսի տեսություն են ներկայացրել, որ չկա մարդ, ում հավաքագրել հնարավոր չլինի։ Հետաքրքիր է, որ ուսանողներից մեկը հարցնում է, թե այդ այլախոհները, որոնց ձերբակալո՞ւմ էիք, պատասխանում է՝ ընդհանուր առմամբ նրանց բոլորին հավաքագրում էինք, լինում էին նաև բացառություններ։

Հարցնում է՝ Հայրիկյանը հավաքագրվա՞ծ է, ասում է՝ ոչ, Հայրիկյանի տարբերությունն այն էր, որ բանտերում եղած ժամանակ ինքն էր մեր մարդկանց հավաքագրում։ Մի ֆիլմ կա՝ կարծեմ «Վերադարձ» անունով, Ազատ Արշակյանն ասում է՝ Հայրիկյանի համար իրեն շրջապատող բոլոր հայ մարդիկ պոտենցիալ գործընկերներ էին։ Ում հետ որ խոսում էր, խոսում էր՝ որպես մարդ, որի հետ հետո պետք է աշխատի, իհարկե, անկախություն հանրաքվեի ճանապարհով հիմնական նպատակի համար։

– Իսկ Ձեր հավաքագրած ԿԳԲ-ի աշխատակիցները բացահայտվո՞ւմ էին։

Այդ մի տղան բացահայտվեց, հասցրեց ներկայանալ որպես հավատարիմ աշխատակից, որ իբր բան է ստացել։ Չգիտեմ՝ ինչով ավարտվեց իր ճակատագիրը։ Իրեն հեռացրին աշխատանքից, կարող է՝ նաև պատժեցին։ Օրինակ, Ռուսաստանում՝ սիբիրյան բանտերում, ռուս աղջիկները՝ որը գրադարանավար, որը բուժքույր, նրանք էին օգնում, բայց այդտեղ ազգայինը գործոնը չէր, մարդկային հարաբերություններն էին նպաստում։ Մի աղջիկ տուժել է՝ Տատյանան։ Նրան կապավորի դեր կատարելու համար 40 ռուբլի տուգանք էին գրել ու աշխատանքից հեռացրել։

Այնպես որ՝ սրտի ցավ ունեմ։ Փորձեցի ազատվելուց հետո իր հետ կապ հաստատել, օգտակար լինել, բայց երևի լավ էին վախեցրել, որովհետև ուղարկածս նամակը հետ ուղարկեց։

– Ձեր «Ազատության ճանապարհի բանտերում» գրքում անկեղծանում եք, որ հաճախ եք լացել հատկապես աղջիկների համար, ովքեր կալանավորված են։ Ինչպե՞ս էին վերաբերվում նրանց, և ընդհանրապես կանայք մեծ ո՞ւժ էին տալիս հետագա պայքարի համար։

Չեմ հիշում, որ այդպիսի բան գրած լինեմ, որ հաճախ եմ լացել, դա պատիվ չի բերում, բայց, իհարկե, լացել եմ, ո՞նց կարող ես չլացել։ Օրինակ, «Զինվորի աղոթքը» երգը գրելիս լացել եմ։

«Բախտ անգութ, ինչո՞ւ ես ինձ հալածում,

Զինվորիս ինչո՞ւ ես բանտում փակում։

Ես հայրենիքիս փրկության ելքն եմ փնտրում

Իսկ դու ինձ անափ օվկիանն ես նետում։

Սուրբ Աստված, ո՞րն է մեղքը քո որդու և ինչում

Թե մեղավոր եմ, գեթ առայժմ գթա՛ ինձ

Թող կռվեմ և կռվելով տամ հոգիս»։

Սա երևի իսկապես աղոթք էր, տեղ հասավ, ու Աստված ինձ պահպանեց, որովհետև իմ ժամկետի կեսը նստած մարդկանց 90 տոկոսը մահացավ բանտերում։

Ինչ վերաբերում է աղջիկներին, ապա ընդհատակյա առանձին խմբեր կային, և այն խմբերում, որտեղ աղջիկներ կային, որակը բարձրանում էր։ Տղաներն ավելի զգաստ էին լինում, հասկանում էին, որ իրենք զբաղված են մի գործով, որտեղ իրենց քույրերն են, պետք է զգույշ, վճռական, գաղտնապահ, նվիրյալ լինեն։

Աղջիկները մեծ դեր են կատարել, չնայած այն ժամանակ իրենք մոտավորապես երդվյալ ԱՄԿ-ականների 1/3-ն էին։ ԱՄԿ-ում կային շարքային անդամներ և երդվյալներ։ 1968թ․, երբ ղեկավարներին կալանավորեցին, ու քանի որ իմ տրամադրության տակ ավելի շատ մարդ կար, ակամա դարձա ԱՄԿ-ի ղեկավարը և այդ շրջանում նկատել էի, որ երբ նրանք փորձության առջև են կանգնում՝ ոնց որ տղաներից ավելի պինդ են լինում։ Հատկապես պինդ էին այն աղջիկները, ովքեր նաև սիրահարված էին լինում տղաներից մեկին։ Հետաքրքիր օրինաչափություն էի նկատել։

Երևի սերը լրացուցիչ ուժ էր տալիս։ Իմ կյանքը փրկել է մի աղջիկ, ով մեր գործերի հետ կապ չուներ։ Ես իմ երկրորդ կալանքի ժամանակ արդեն 18 տարեկան էի, զգալով, որ արդեն էլ չեմ դիմանում, կոտրվում եմ, պետք է իրենց ուզածներն ասեմ, նայեցի պատուհանին, ասացի՝ լավ, հիմա այստեղից կթռնեմ, ոտքերով կխփեմ ապակիներին ու կընկնեմ ցած երրորդ հարկից։ Արդեն այդ որոշում ընդունել եմ ու մտածում եմ՝ մամաս պետք է լաց լինի, քույրիկներս պետք է լաց լինեն, մեկ էլ սիրածս աղջկան տեսա լաց լինելուց։ Գիտե՞ք ինչ կատարվեց․ ո՞նց, ես իրեն պետք է լացացնե՞մ, ու կանգ առա։ Բայց ի՞նչն էր հետաքրքիր։ Իմ ներսում մի բան էր կատարվում, որն ինձ համար տեսանելի չէր, բայց կողքից տեսանելի էր, որովհետև քննիչ Ենգիբարյանն ասաց․ «Պարույր, քեզ ի՞նչ պատահեց»։

Ես իմ մտքերի հետ էի, հետ վերադարձա այդ իրավիճակ, բայց արդեն հաղթած։

Այսինքն, ես ինձ արդեն տեսել էի մեռած, ու մեռնելուց հետո սրանց հարցաքննությունն ի՞նչ է։ Այդ աղջիկն ինքն էլ չգիտի, որ իմ կյանքը փրկել է։ Իմ պատկերացմամբ՝ ինքն ինձ այնքան էր սիրում, որ պետք է տառապեր, դրա համար ես պետք է չմեռնեի։ Այդպես դիմացա։ Այն ժամանակ դեռ քրիստոնյա չէի, չգիտեի, որ ինքնասպանությունն անթույլատրելի է։ Հենց ԿԳԲ-ում դժվարության մեջ էի հայտնվում, մտածում էի ինքնասպանություն գործելու մասին։ Պատահում է, չէ՞, որ դեպրեսիան քեզ խեղդում է, բայց գործը դրան չհասավ։ Հետո դարձա հավատացյալ ու հասկացա, որ ոչ թե պետք է կյանքդ ընդհատես, այլ հավատաս Աստծուն, գնաս մինչև վերջ։ Փոխվեց տարբերակը։

– Այդ աղջիկը Ձեր առաջի՞ն սերն է եղել, ում կարծես թե անդրադառնում եք Ձեր «Լույսի ճանապարհին» գրքում։

– Այն աղջիկը, ով հետ պահեց ինձ ինքնասպանությունից՝ երևի իմ առաջին մեծ սերն էր, բաց ես իր հանդեպ ինձ լավ չպահեցի։ Կալանավորվելուց մոտ 6 ամիս առաջ՝ զգալով, որ ինձ, մեկ է՝ կալանավորելու են, իսկ ինքը սիրում էր ինձ, բայց գաղափարակից չէր, մեր գործի աղջիկներից չէր, իրեն ասացի, որ ծանր, անբուժելի հիվանդություն ունեմ, և մենք պետք է բաժանվենք։ Հետո իմացել էր, որ դա իր համար եմ ասել։ Երբ բանտում էի՝ նամակ ստացա, որ շարունակում է սիրել․ որպեսզի կանխեմ՝ շատ ստոր բան արեցի․ հուզմունքից նամակում երկու սխալ ուներ, ես չոր ու ցամաք նամակը դրեցի ծրարի մեջ, կարմիր գրիչով ընդգծեցի սխալները՝ ասելով․ «Աղջիկ ջան, փոխանակ ինձ նամակներ գրես, ավելի լավ է՝ հայերենով զբաղվիր» (ծիծաղում է։- Ա․Կ.)։

Իհարկե, ազնիվ չէր արածս, բայց նա խիստ նեղացավ, վիրավորվեց, որ պարզվում է՝ ես չոր, անպետք մարդ եմ։ Ես մտածում էի, որ պետք է ազատ լինեմ, կաշկանդված չլինեմ որևէ բանով։ Այդպես այդ աղջիկը գնաց։ Հետագայում եղել է դեպք, որ սիրած աղջկա հետ շփվելիս՝ մեկ էլ նկատում եմ, որ Նրա անունն եմ տալիս։ Բայց դա երկար չտևեց, երևի մի 10 տարի։ Լավ է, ինքը կայացավ, ընտանիք, երեխաներ, այնպես որ․․․։

– Այնպես որ՝ հայտնվեց գրքում․․․

– … (Ժպտում է.- Ա․Կ․)

– Դուք խոստովանում եք, որ մահվան զգացողություն ունեցել եք, երբ թմրամոլների և մարդասպանների հետ պահել են միևնույն խցում, այո՞։

Երրորդ կալանքիս վերջում արդեն գրեթե 11 տարի անցկացրել էի բանտերում և կալանավայրերում, մնացել էր 3 ամիս, որ գնամ աքսորավայր, մեկ էլ ինձ տեղափոխում են Պերմի բանտ։ Ըստ օրենքի, ինձ, որպես պետական հատուկ վտանգավոր հանցագործի, չպետք է քրեական կալանավորների հետ նույն խցում պահեին։ Շատ հայտնի կարգ էր և օրենք։ Բայց իմ խցում քրեական տարբեր կերպարներ էին, որոնց հետ լեզու գտնում էինք, խնդիր չէր, բերել էին նաև մեկին, ում հետ նույնպես նորմալ հարաբերություններ ունեի։ Հետո մի ռուս տղա՝ Սոլովյով ազգանունով, նամակ գրեց, թե գիտես՝ Բարինովը մինչև քեզ հետ նույն խցում հայտնվելը անցյալում 3 անգամ դատվել է՝ այլազգիների նկատմամբ բռնություն կիրառելու համար, և այդ պահին ինքն արդեն դատապարտված էր գնդակահարության։ Ներման դիմում էր գրել՝ սպասում էր պատասխանի։ Բացի Ստեփան Զատիկյանից, ում գնդակահարեցին, Սովետական Միությունում ընդհանրապես կարգն այսպիսին էր՝ քեզ գնդակահարության են դատապարտում, դու դիմում ես ներման համար։

Եթե 6 ամիս հետո քեզ մերժում էին, մեկ անգամ էլ դիմում գրելու իրավունք ունես՝ ուղղված երկրի գերագույն ղեկավարին։ Ուրեմն, սա այդ դիմումը գրելու ընթացքում էր, բերել էին իմ խուց։ Եվ մի պահ եղավ, որ Բարինովի հետ լուրջ ընդհարվեցինք։ Ինքն էր և ևս երկուսը։ 3-ով վրա տվեցին, բայց կարողացա իրավիճակը փոխել։ Պառկած էի մահճակալին, մեկ էլ ականջիս մոտ ուժեղ հազաց։ Ասացի՝ տեսնում ես, քնած եմ, մի քիչ այն կողմ հազա, սա թե՝ սպանեցիր-թողեցիր՝ սա մի արեք, նա մի արեք, պատուհանի մոտ ծխի․․։ Հերի՛ք եղավ, ես քո նման քաղաքական գործիչներին տարել եմ ծովը, ծարավ հետ եմ բերել։

Հասկացա, որ իրավիճակը շատ է վատանում, երեքի դեմ դժվար կլիներ, ասացի՝ բայց հանգստացիր, եթե սխալ բան եմ արել՝ կներես, ու կամաց երկրորդ հարկի մահճակալից իջնում եմ։ Ինքն էլ ավելի ոգևորվել էր, հետ էր գնում-գալիս, հարմար պահ որսացի ու, կարճ ասած՝ նոկաուտ արեցի։ Նախ՝ դեմքին, հետո կպավ դռանն ու ընկավ, այդ պահին էլ ոտքով կրծքին խփեցի։ Խցակիցներից մեկը՝ Մուզիրովը, եկավ, թե՝ այս ի՞նչ արեցիր, «он как тебе уважал»։ Դուռը բացեցին, ինձ տարան պատժախուց։ Այդ ծանր դրվագը եղել է։ Ես մտածում էի, որ սա վերջն է, դրա համար այն ժամանակ մի գործ եմ գրել, երևի մեկ օր կգտնեմ։ Դա ԿԳԲ-ի արխիվում է․ որպես իմ «կարապի երգ»՝ ինքնակենսագրական գրեցի։

Թարգմանիչը, ով իրենց մարդն էր, բռնեցին, թղթերն էլ հետը տարան։ Սակայն մի ռուս կին հսկիչ կար, ով բավական մեծ ծավալի մի հուշագրություն կարողացավ հասցնել Հայաստան։ Պերմի բանտում ինձ պահեցին մոտավորապես 1,5 տարի, հետո տեղափոխեցին քրեական ճամբար, որի իրավունքը չունեին։ Ազատելու փոխարեն՝ ժամկետն ավելացրին, նոր կալանք տվեցին և պետք է հետ տանեին քաղաքական ճամբար, բայց քանի որ որոշել էին ինձ վերացնել՝ տարան թմրամոլների ճամբար, որը, պարզվեց, խիստ մեկուսացված է, սակայն նրանց թմրանյութի որոշակի քանակ տալիս էին։ Ինձ բերելուց հետո դադարեցնում են տալ, և կալանավորների մեջ լուր են տարածում, թե քաղաքական գործիչ կա ձեզ հետ, բա որ ինքը հայտնի։ Եվ իմ բախտից «զոնը» նայող մարդիկ կային՝ երեք հոգի՝ Գիզոն, ով քուրդ էր, թիֆլիսցի Ռոբերտը, ով հայերեն գրեթե չգիտեր, և երևանցի Արթուրը։ Բացի այլ հանցագործ լինելուց՝ երեքն էլ թմրամոլ էին։ Նրանք կանչում են իրենց լավ դրսևորողներին, ասում, որ եթե նրան որևէ մեկը կպնի՝ իմացեք, որ մեզ հետ գործ կունենաք, մեզ նման տղա է։ Հետո, որ մտերմացա՝ հարցրի, թե ինչո՞ւ էին ինձ իրենց նման տղա համարում, ասացին, թե դու ոնց որ գողական լինեիր, իշխանություններին «պրիզնատ» չէիր գալիս, ինչ ուզում, դա էիր անում։

Միակ բանը, որ չէինք հասկանում, այն էր, որ դրանց դիմում էիր գրում։ Ո՞նց կարելի է դրանց դիմում գրել։ Բայց մեծ հանձնաժողով եկավ Մոսկվայից այդ ճամբար և իմ դիմումի հիման վրա սկսեց ուսումնասիրություններ անել։ Սովոր չէին, որ այդպիսի լուրջ բողոք կարող են ստանալ։ Ես աշխատանքային պայմաններն էի նկարագրել, որ սրանք խախտում են։ Ադմինիստրացիային փոխեցին, կարգ ու կանոն հաստատեցին, ու պարզվում է՝ սրանց աչքում ես դարձել էի չգիտեմ՝ ով։ Ու կալանավորները մոտենում էին, թե՝ իմ համար դիմում կգրե՞ս, պատասխանում էի, որ փաստաբան չեմ, ուղղակի անարդարություն տեսա։ Այս դեպքերը հիշելով էի ասում, որ իմ դեմ մահափորձը (2013թ. հունվարի 31), կարծում եմ՝ ԿԳԲ-ի սարքածն է, կարող է՝ ոչ թե Պուտինի հանձնարարությամբ, այլ տեղական որևէ չեկիստական խմբակի։

Իմ ամբողջ կյանքում զբաղված են եղել ինձ վերացնելու քայլերով։ Բայց Աստված երևի համարում էր, որ ես անելիքներ ունեմ, դրա համար թողեց, չնայած իմ հիմնական անելիքը ես գտել եմ 1973թ․, երբ ԱՄԿ ընտրված ղեկավարն էի։ Առաջին կալանքից հետո խորհուրդ ձևավորեցի, ԱՄԿ հիմնադիր Հայկազ Խաչատրյանից օրհնությունը ստացա, որ պետք է շարունակեմ այս գործը։ Ինքը դեմ էր ինքնորոշման գաղափարին, բայց դա մեծագույն բանն էր, ինչը ես գտել էի։ Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի ինքնորոշման օրն է, ոչ թե անկախության։ Մեր անկախության օրը Հայկի ու Բելի կռվի օրն է, իսկ անկախության վերականգնման օրը՝ Մայիսի 28-ը։ Իսկ ինչքան տուպոյ իդիոտ կա՝ իրար պետք է շնորհավորեն անկախության տոնի առթիվ։

«Անկախություն՝ հանրաքվեի ճանապարհովը» դարձրել ենք մեր առաջնային խնդիրը և հիմա էլ, որ Սահմանադրության նոր նախագիծ եմ գրում, հիմքում ևս ընկած է ինքնորոշման սկզբունքը։ «Մենք ենք տերը մեր երկրի»-ն նշանակում է, որ քաղաքացին ինքն է որոշում, թե ինչ արվի, օրինակ՝ Շուշին հանձնե՞լ, թե՞ դիմադրել, կազմակերպված նահանջ նախաձեռնել։ Այդ բոլորը պետք է որոշեր հանրությունը՝ իր վերահսկողական կառույցի միջոցով։

– Մահվան ճիրաններից Ձեր հերթական փրկությունը եղել է 18 աստիճանից ցածր ջերմաստիճանում որոշ ժամանակ մնալուց հետո, ու կրկին Դուք եք Ձեզ փրկել։

– Չեմ կարծում, որ ես կարողացա։ Մարդը պետք է ընդառաջ գնա Ամենակարողին, հրեշտակներին։ Ե՛վ փրկողը, և՛ կործանողն իրենք են։ Վերջերս հասկացա, որ Աստված երբ քեզ զրկում է իր պաշտպանությունից՝ սատանան ազատություն է ստանում։

Այն, ինչի մասին ասում եք՝ Ստեփան Զատիկյանի և իր ընկերների գործով ինձ քաղաքական ճամբարից նախ տեղափոխեցին ճամբարային պատժաբանտ՝ 6 ամսով, սակայն չհասկացա, թե ինչի համար։ Ձեռնոցներ էի կարում, կարի մեքենայի ասեղը կոտրվել էր՝ փոխեցի ու շարունակեցի աշխատել։ Երեկոյան կարդում եմ՝ Հայրիկյանը սաբոտաժ է արել, ջարդել է կարի մեքենայի ասեղը։ Բայց այդ ասեղը ջարդվելու համար էր։

Ամեն մեկին մի 10 հատ տալիս էին, որ ջարդվելու դեպքում փոխի։ Հասկացա, որ ինչ-որ բան այն չէ։ Հետո տեղափոխեցին Մոսկվա՝ Լեֆորտովոյի բանտ, որտեղ հանգիստ մնալ չէի կարող, ուզում էի իմանալ, թե ի՞նչ է կատարվում, ու սուլեցի իմ «Հայ ենք մենք» երգից մի հատված։ Հսկիչները վերևից վազելով եկան, դե հսկում էին, ասացի՝ վայ, բա՞րձր էր, թե բա՝ այո։ Ասացի, լավ՝ եղավ։ Մեկ էլ լսում եմ երգի շարունակությունը։ Ուրեմն, մերոնցից էր, որովհետև իմ երգերը գիտեին ԱՄԿ-ականները։

Գոռացի՝ ես Պարույրն եմ, հայերից ո՞վ կա այստեղ։ Շահեն Հարությունյանն այն կողմից պատասխանեց՝ Պարույր, ես Շահենն եմ, հարցրի, թե ի՞նչ գործով են բերել այստեղ, մեկ էլ տագնապ տվեցին, աղմուկ-աղաղակ։ Դե, Լեֆորտովոն է, աշխարհի ահ ու սարսափ ԿԳԲ-ի կենտրոնը։ Եկան, թևերս մտան, տարան պատժախուց։ Շատ էի նման տեղ եղել ու գիտեի, որ եթե 16 աստիճանից ցածր է լինում, քեզ բուշլատ պետք է տան։ Դուռը կոտրում էի, թե այս ի՞նչ եք անում, իջավ հերթապահը, թե բա՝ ի՞նչ եք ուզում, պատասխանեցի, որ կանոններ կան, իսկ սա դրանց չի համապատասխանում ու, եթե որոշել եք սպանել՝ մարդավարի սպանեք, թե չէ այս ի՞նչ եք դանդաղ սպանում։ Սա թե՝ կանոնները չգիտեմ, բայց այս պատժախուցը մեզ մոտ վաղուց չի աշխատել, Ձեր պատճառով ենք բացել, ես ոչինչ անել չեմ կարող։ Ասացի՝ մի բան պետք է անեք, պատասխանեց, որ միակ բանը, որը կարող եմ անել՝ Ձեր կողքին նստելն է, որ մենակ չզգաք։ Հիմա դա կարող է ոչինչ թվալ, բայց մարդկայնորեն այնքան նուրբ քայլ էր։ Կարող է արդեն գեներալ դարձած լինի, բայց կուզեի մի անգամ տեսնել ու ասել՝ քո մեջ մարդ կար, ապրես դու։

Վերը հիշատակված Բարինովին, ում խփեցի, այդ ժամանակ ինձ տարան պատժախուց, այ այնտեղ ահավոր էր։ Ջուր ուզեցի, բերեցին, խմեցի, դրեցի մի կողմ, մի քիչ հետո ուզում էի խմել, մեկ էլ տեսնեմ՝ սառույց է։ Եվ կյանքումս առաջին անգամ զգացի, որ ոչ թե ես եմ մրսում, այլ ներսում ինչ-որ բան է ոսկորների մեջ սառում։ Հիմա ծիծաղում եմ, բայց սարսափելի էր։ Ասում էի՝ լավ, թող գան՝ ծեծեն, մենակ տաքանամ։ Բայց չգիտեմ՝ ինչ կատարվեց, առաջին կինս՝ Ելենան, ով այն ժամանակ նշանածս էր, երևի նա էր աղմուկ բարձրարցել կամ այդ ռուս կին հսկիչն էր լուր տվել։ Մեկ էլ եկան՝ տեղափոխեցին կանանց պատժախուց։ Այնտեղ էլ այնքան լավ տաք էր (ծիծաղում է։- Ա․Կ․)։ Նրանց հետ զրուցում, կապեր էի հաստատում։ Մի ընկեր ունեմ, ԱՄԿ-ից է՝ Յուրի Ֆեոդորով, ասում էր՝ այդ հեքիաթը պետք է բանտում ստեղծես, որ մթնոլորտը փոխվի մի քիչ, իսկ հետո կապրես նորմալ կյանքով։

– Խոսեցիք ծեծից, որից, բնականաբար, անմասն չեք մնացել։ Ձեր բանտային հուշերի մասին պատմող գրքում նշում եք, որ այդպես էլ ծեծվածի զգացողություն չեք ունեցել։ Գուցե ֆիզիկական ծեծի զգացողությունը փորձել եք մոռանալ, իսկ հոգեբանակա՞նը։

– Չէ, հոգեբանական տեսանկյունից ես էի ծեծողը։ Երրորդ կալանքի ժամանակ հետս մի սիրիացի տղա էր նստած՝ Սարգիս անունով, մի օր ասաց՝ «դուն բանտին մեջ չես, անոնք քուկին քովը բանտին մեջ են»։ Այսինքն, դու չես բանտարկյալ, նրանք են, որովհետև տեսնում էր, թե ինչ օյիններ էի բերում դրանց գլխին։

Օրինակ, դատավճիռը պետք է երեք օրվա ընթացքում հանձնեին, չորրորդ օրն էր՝ չկար, ասացի՝ գուլպաս ծակվել է, պետք է կարեմ, թե բա տուր, մենք կկարենք, ասացի՝ չէ, դուք սխալ կկարեք։ Ասացին՝ ասեղ մենք իրավունք չունենք տալու, ասացի, տվեք, այ մարդ։ Բերեցին, մի թել անցկացրի, որ հանկարծ իսկականից կուլ չգնա, կամաց անցկացրի ատամիս՝ ասացի՝  դատավճիռս չեք բերել, չէ՞, տեսակցություն պետք է տայիք, չեք տվել, այս ասեղը կուլ եմ տալիս, հետո ինձ տանելու եք մորթեք, ամբողջ աշխարհն էլ իմանա, որ Դուք՝ բոլշևիկներդ, Հայրիկյանին մորթեցիք։

Հսկիչները կանգնած էին, հետո բանտի պետն եկավ, որոշեց փորձել՝ ասելով, թե՝ կուլ տուր։ Ասեղը գնաց ուղիղ կոկորդս։ Սրանք, թե՝ բա չէ, մի արա։ Ներկայիս բնապահպան Կարինե Դանիելյանի հայրիկն այնքան լավ մարդ էր, դատախազը պահանջել էր 14 տարի, ինքը տվեց 10 տարի, բայց հիմա Կարինեից իմանում եմ, որ տանը կռիվներ են եղել, ասել է՝ ես ավելին անել չեմ կարող, ուրիշ մարդ կդատի, ավելի շատ կտա։ Մի խոսքով՝ դատավճիռս բերեցին, մերոնց հետ տեսակցություն տվեցին, ներողություն խնդրեցին։

Իհարկե, բարոյահոգեբանական տեսանկյունից եղել են պահեր, որ ելք չեմ ունեցել, բայց պատժախցերում եթե ոչինչ, ապա երգեր էի գրում։ Այնտեղ տանում են, որ քեզ տանջեն, չէ։ Գրել եմ․

«Ցուրտն է ջերմում, քաղցը սնում,

Եվ խավարը լուսավորում ինձ արդ։

Օ՜, հայրենիք, թեև հիմա ես հյուսիսի դառնությունն եմ ըմպում,

Բայց ամեն ցավ ու ամեն վիշտ

Լոկ երանություն են ինձ պարգևում,

Որ հանուն քեզ շղթա կրել հաճույք է և պատիվ»։

Այսինքն, շղթա ես կրում՝ հաճույք է և պատիվ, որովհետև սա հայրենիքի համար է։

Իսկ ֆիզիկական ծեծ Հայաստանում մեկ անգամ է եղել։ Միջանցքով քայլում ես, պետք է լուռ գնաս, ես զգում էի, որ ընկերներիցս մեկը կոտրված է, ցուցմունք է տալիս։ Զուգարանը միջանցքի ծայրում էր, և այդ ընթացքում պետք է լռես։ Հենց մի քանի քայլ առաջ գնացինք՝ սկսեցի գոռալ՝ Ազատ, Սուսան, Կարո, Անդո, բերաններդ փակ պահեք, ու վազում էի։ Երեք հսկիչ հետևիցս վազում էին, մեկն էլ մի քիչ թմբլիկ, արագ վազում էր, մի կողմ քաշվեցի, արմունկով պահեցի ու իր այդ արագությունից կպավ պատին, զխկաց գետնին։ Հետո թևերս ոլորեցին, սկսեցին ծեծելով տանել դեպի ելքը։ Ես էլ հավեսի համար գոռում էի։ Մահացու չէին խփում, բայց մի պահ աչքիս խփեց՝ ինձնից անկախ ասացի՝ մամա ջան։ Բանտի պետն ասաց՝ հերիք է։ Տարան, նստեցրին, թե՝ բացատրագիր գրիր, և այլն։

Այդ մի դեպքն է եղել Երևանում, իսկ ճամբարներում դե մի երկու անխոհեմ կռիվ արել եմ։ Մեկը կար՝ իմ երկու քաշին էր, այն էլ՝ նավաստի, թե ինչու ես դրան վրա տվեցի։ Այն պահին, որ մեզ եկան բռնեցին, ստացվեց, որ ես ներքևում եմ, ինքն է ինձ ճնշում։ Հարցաքննության ժամանակ ես էի տուժածը, շրթունքիցս արյուն էր գալիս, բայց երկու ժամ հետո դրան տեսնողները չէին ճանաչել։ Ինքը ծանր առաջ էր գալիս, ես էլ աջ ու ձախ էի գնում, խփում դեմքին, բայց չէր ընկնում։

Մեկ-երկու խփում էր, ես ձեռքի տակով անցնում էի, հետո հասկացա, որ որովայնը բաց է մնում, թռա, գլխով խփեցի փորին, ընկավ, ու ես ինքնավստահ, որ գցել եմ գետին, դանդաղ վեր եմ կենում, մեկ էլ միանգամից թռավ վրաս․․․

Հանուն հայրենիքի Դուք տարել եք նվաստացումներ, զրկանքներ, տառապանքներ։ Ի՞նչ է պարտք Ձեզ Հայրենիքը։

Ընդհանրապես մենք ենք պարտք հայրենիքին, այդտեղ այլընտրանք չկա, բայց պետությունը՝ որպես հայրենիքի կազմակերպական մի մաս, կարող է ինչ-որ ուշադրություն հատկացնել նրանց, ովքեր պետության կայացման, հայրենիքի համար ինչ-որ բան արել են: Դա աշխարհում ընդունված կարգ է: Իմ շատ ընկերներ իրենց երկրներում ճանաչված դեմքեր են:

Երեկ դրամատանը մի տղայի հանդիպեցի՝ Արման անունով, ասում է, պարոն Հայրիկյան, Դուք գիտե՞ք, որ Վրաստանում լավ ճանաչված եք, պատասխանեցի՝ անցյալում գիտեմ, որ լավ ճանաչված էի, հիմա՝ չէ: Ասում է՝ անցած տարի հանդիպեցի մեկին, ասաց՝ Հայրիկյանին ճանաչո՞ւմ ես, ինքն է քանդել Սովետական Միությունը: Մեր Մերաբ Կոստավան, Գամսախուրդիան իր ընկերներից են եղել ու նրանից են սովորել, թե ինչ պետք է արվի: Ու այս տղան ինձ հարցնում է՝ ճի՞շտ է, որ հայերս ենք առաջինը սկսել պայքարը:

Պատասխանում եմ՝ տես, 1987թ., հայերը հրատարակում են «Անկախություն» թերթը, ստեղծում են Ազգային ինքնորոշում միավորում: Իսկապես, համադրելի չէ հայ ազգի ներդրումը: ԱՄԿ-ն դա հայ ազգի ներդրումն էր: Միակ կազմակերպությունն էր Սովետում, որ դիմացավ:

Երբեմն երիտասարդներ կան, որ սխալ են ասում, թե Սովետական Միության միակ կազմակերպությունն էր: Չէ, միակը չէր, բոլոր ազգերն էլ ունեին, բայց ստեղծում էին ու բռնվում: Այստեղ ստեղծում էին՝ շարունակվում էր: Անահիտ Կիրակոսյանի մասին խոսեցինք քիչ առաջ, գիտե՞ք, թե ինչ ֆանտաստիկ բան արեց: Ներկայացավ՝ որպես իմ նշանածը, եկավ տեսակցության, բայց ազատ չէին թողնում: ԿԳԲ-ի պետը ներս ու դուրս էր անում: Ինձ տեսակցության ժամանակ երկու անգամ մերկացրել, վերից վար խուզարկել են, բայց տարա հոդվածաշար՝ «Հայաստանի անկախության կազմակերպությունը իր գործունեության 10-րդ տարում»: Ծրագրային ամենահզոր փաստաթուղթն էր, 24 լեզվով թարգմանվել է, սփյուռքի հայկական բոլոր թերթերում տպագրվել և տարբեր լեզուներով հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը: Այն, թե ինչպես ես դա տվեցի Անահիտին ու ինչպես դուրս տարավ, նա ասաց՝ թող մնա իմ և Պարույրի գաղտնիքը:

Նայեք, տեսակցությունը քննչական բաժնի պետի սենյակում էր: Ասացի՝ զուգարան եմ ուզում գնալ: Ես մտածել էի, որ ինչ ուզում է լինի՝ սրանք ինձ կալանավոր են հաշվում, հետ կտանեն կալանավորական զուգարան, իսկ եթե տանեին իրենց զուգարան, նախապես զուգարանի վերևի հատվածում պոլիէթիլենային տոպարկով փաթաթել, թողել էի: Ինձ որ վերից վար խուզարկեցին՝ ոչինչ չգտան: Հիմա ես ասացի, որ գնում եմ զուգարան, հո խուց չեմ գնում: Այնտեղից վերցրի, ու հետ գալուց որ սկսեցին շոշափել՝ ասացի՝ լսի՛ր, կարող է ես քո դուրը շատ եմ գալիս, բայց մոռացար երևի, որ ինձ քիչ առաջ խուզարկել եք, թե՞ ուզում ես անպայման ձեռք տալ: Սա «հուշտ» եղավ: Ես երբեք այդ տոնով չէի խոսում, բայց անակնկալ էր, թե սա ի՞նչ է ասում:

Հետո սրան ասացի՝ ի՞նչ ես նստել այդտեղ, դուրս արի, թող մի հատ համբուրվենք, ջահել չես եղե՞լ: Ասաց՝ լավ էլի: Իրենք տեսել էին խելոք, զուսպ, համեստ Հայրիկյանի, մեկ էլ հանկարծ ասում եմ՝ չես կարո՞ղ շուռ գալ, որ համբուրեմ սիրածս աղջկան: Անահիտն էլ շշմած նայում է, թե ի՞նչ սիրած աղջիկ․․․ Հերոսաբար բերեց. դրանք մեր ազգի քաղաքական պատմության ամենահզոր փաստաթղթերն են: Գործը վերջանում է գիտե՞ք՝ ինչով. եթե 3 միլիոն հայության մեջ յուրաքանչյուր 1000-երորդը միանա մեր պայքարին, ապա մեր հաղթանակն անկասելի է:

– Սկզբնական շրջանում մեծ մասը չի հավատացել, որ հնարավոր է հասնել անկախության: Ի՞նչն էր հույս տալիս, որ, ի վերջո, կիրականանա Ձեր երազանքը:

– Ոչ միայն սկզբնական, այլև վերջնական շրջանում էլ: Երբ 1988թ. մայիսի 28-ին ԱԻՄ-ը ցույց կազմակերպեց, ամբողջ կայսրության մեջ անկախության ազգային դրոշը հայերն են պարզել առաջինը: Մի հատ տեսնեիք՝ այդ «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամները ոնց էին իրենց պահում: Ասում էին՝ եռագույնը կխանգարի արցախյան շարժմանը: Այնքան տուպոյ, իդիոտ էին, որ չէին հասկանում, որ Արցախին կարող է օգնել միայն անկախ Հայաստանը:

Մի տարի տևեց, մինչև ես դա բացատրեցի, ու, ի վերջո, հասկացան: Անգամ 1990 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը Փարիզի ստրատեգիական ուսումնասիրությունների կենտրոնում խոսքի ժամանակ ասել է՝ հա, «Ղարաբաղ կոմիտե»-ից եմ, ես անկախությանը դեմ եմ: Ու ասել է, բայց եթե Հայաստանն անկախանա՝ ես ժողովրդիս ընտրությունը կընդունեմ: Բայց դու ո՞նց ես դեմ անկախությանը: Ամբողջ «Ղարաբաղ կոմիտե»-ն դեմ էր, Վազգեն Մանուկյանն էր երբեմն կողմ խոսում, մեկ էլ ԱԻՄ-ից «Ղարաբաղ կոմիտե» գնացած Սամվել Գևորգյանը:

ԱԻՄ-ն էր հիմնական քաղաքական ուժը, «Ղարաբաղ կոմիտե»-ն պետք է ընդամենը լիներ ԱԻՄ-ի մի մասնաճյուղ, հանձնաժողով՝ Արցախի հարցերով, որովհետև Արցախի հարցն ինքնուրույն գերխնդիր չէր, դա հայկական հարցի մի մասն էր: Հայության գերխնդիրը դրանք հայության խնդիրներն են, այդ թվում՝ Արցախի խնդիրը: Դրա համար էլ այս պատժին արժանացանք: Իսկ ի՞նչն է ինձ պահել: Ես այլընտրանք չունեի․ երբ հասնում ես լույսին, դու պարզապես չես պատկերացնում այլ կյանք: Այնպես չէ, որ ես մեծ կամքի տեր էի: Երևի ինձ մոտ մեծ էր սերը, մեկ էլ ստեղծագործելու հատկությունը: 1974թ. ԿԳԲ-ի բանտում գրել եմ.

«Մենք ուզում ենք, որ անկախ լինի հայրենիքը,

Որ ոչ մի հայ էլ պանդուխտ չլինի»:

Սա հո ե՞ս չեմ գրել, հրեշտակները եկել, ինձ տվել են, ասել են՝ տղա ջան, քեզ լավ ես պահում, ցույց տվեցիր, որ հավատում ես ազգիդ ապագային, իսկապես սիրում ես, քո հավատը մենք գնահատում ենք, ու այդ երգերի շարքը սկսվեց:

Կամ «Գերված զինվորի երգը» (երգում է։- Ա.Կ․)

«Մենք գերված ենք, աքսորված ենք,

Բայց երկիր, դու ազատ կլինես»:

Այնպես որ, առանձնահատուկ որևէ բան ես չեմ ունեցել, պարզապես ինձ հաջողվել է տեսնել լույսը, ունենալ Հայկազ Խաչատրյանի պես կազմակերպության հիմնադիր, Ստեփան Զատիկյանի պես ոգի կրող մարդու օրինակ: Նախնական փուլում Ստեփանն էր մեր ղեկավարը, Հայկազին չէինք էլ ճանաչում: Հետո, նրանք ինքնորոշման վտանգավորությունից վախենալով, քանի որ կարող էր լինել անկախության հանրաքվ,ե և հայերը դեմ քվեարկեին, ասում էին՝ բա որ այդպիսի բան լինի, ասում էի՝ կապ չունի, եթե անգամ այդպես լինի՝ ինքնորոշումից կարևոր ոչինչ չկա:

Հետագայում ԱԻՄ-ական մտավորական Ժորա Մովսիսյանից իմացա, որ ես իրենից եմ սովորել ինքնորոշման սկզբունքի կարևորությունը: Ասում է՝ Աստված Ադամին ստեղծեց մեկ՝ ինքնորոշման իրավունք տալով: Մնացած իրավունքները հետո ինքն է ստեղծել՝ դրա հիման վրա:

Հիմա ես որ ասում եմ՝ բացարձակ ժողովրդավարություն, դեբիլներն ասում են՝ բայց մենք այլ խնդիրներ ունենք, անվտանգություն և այլն: Այ դեբիլ, մինչև դու քո տերը չլինես՝ քեզ ինչ էլ տան՝ զրո է:

Դրա համար Սահմանադրության նախագիծը տվել եմ, Արդարադատության նախարարը փոխանակ քննարկի՝ հավաքում է անգրագետներին, ասում է՝ Սահմանադրության վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:

Սահմանադրության վերաբերյալ կարծիքը 200 տարի առաջ ասված է. սահման դնել իշխանությունների առջև, քաղաքացուն դարձնել երկրի տերը: Չունե՞ս մոդել, Հայրիկյանը տվել է մաթեմատիկական բանաձևով, 7 կուսակցություն է միացել: Այնպես որ, երբ դու հասնում ես լույսին, ճշմարտությանը, այդ պահից հետո դու գրեթե անելիք չունես, ինքդ քեզ հավատարիմ պետք է մնաս: Երեխա էի, երբ մեր հաճնցի հարևաները երգում էին «Մեր հայրենիք»-ը, և այնտեղ, գիտե՞ք, թե ինձ ինչը գրավեց.

«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»:

Այսինքն, մահանալու միլիոնավոր տարբերակներ կան, բայց երանի, երբ դու քո ազգի ազատության համար ես զոհվում: Հաջողությունը՝ ազգիդ որևէ տեղ հասցնելն է: 17 տարեկանում եմ սովորել այս երգը, ու դրանք ինձ համար լույս են եղել: Լույսը տեսնող մարդը դրանից կարող է հրաժարվել միայն վախենալու դեպքում, ես էլ վախը հաղթահարում էի տիրոջ կամքով՝ մի առանձնահատուկ մարդ չեմ եղել:

Ասենք, կան առանձնահատուկ բաներ, ծխող ընկերներս մահացել են: 15 տարի է՝ նրանք չկան: Ուրեմն, ծխելը վնասակար է, եթե երեխաներիդ սիրում ես, ուրեմն պետք է չծխես: Այդտեղ ես եմ ներդրում արել ու լուրջ խնդիրներ եմ ունեցել: Խուցընկերներս ծխում էին, ասում էի՝ ծխել եք ուզում, ուրիշ խուց գնացեք: Մի վրացի ասում էր՝ ընկեր, ես քեզ հասկանում եմ, բայց ես խուց եմ մտնում, դու ինձ ասում ես՝ եթե ծխող ես, չմտնես: Հասկանո՞ւմ ես, եթե ես խուց չմտնեմ, դառնում եմ թռած: Մտնեմ, խոսենք: Դե ես էլ սկզբից պայմանը դնում էի:

– Երբ պայքարի էիք դուրս եկել՝ երիտասարդ էիք, ու այդ տարիքում գրեթե միշտ մտածում են փառքի մասին: Ձեր մտքով անցե՞լ է, որ սա փառք կբերի:

– Ես իմ միջավայրում տեսնում էի, թե այդ որակները դրական ինչ արձագանք են տալիս: Տեսեք, 19 տարեկանում ունենում ես 64 հոգիանոց ընդհատակյա կազմակերպություն աղջիկների առանձին խմբով, իսկ նրանցից 15-ը՝ երդվյալ: Դու տեսնում ես, որ կարևոր գործով ես զբաղվում, մարդիկ քեզ հավատում են, պատրաստ են քեզ հետ գնալ դեպի մահը: Դա հիմա փառք համարե՞ս, թե՞ չէ: Մահվան գնալը փառք է, չէ՞: Հայրս մեկ անգամ ասաց՝ տղաս, էգոիստ ես, քեզ լավ ես զգում, դրա համար ես այս գործերով զբաղվում: Դե, ուզում էր ամեն կերպ կանխել, բայց, երբ դատարանում դատվում էի, մոտեցավ, ասաց. «Ինչ ուզում է լինի՝ չընկճվես, ես քեզ հետ եմ»:

Այսինքն, ամբողջ կյանքում ինձ ասում էր՝ սխալ ես, պետք չէ պայքարել, բայց երբ առաջին դատավճիռս կարդացին, լսում է, որ 20 տարեկան որդու համար 7 տարվա կալանք են պահանջում, պետք է գնա, մոտեցավ ու այս խոսքերն ասաց: Փառքի գագաթնակետին եղել եմ վերադառնալուց հետո, իսկ միջազգայնորեն այն փառքին, որին ես եմ արժանացել, որևէ այլախոհ չի արժանացել:

Միջազգային տեղեկատուներում երբ գրվում է Սովետական Միության ժողովրդական շարժումների հիմնադիր և առաջնորդ, դրանից մեծ բան լինել չի կարող։ Կամ Կոնգրեսի արձանագրություններից երևում է, որ սենատորները լսեցին Հայրիկյանին և նրա ասելով որոշեցին, որ Սովետական Միությանը չեն օգնելու։ Որովհետև Հայրիկյանն ասում է՝ որոշե՛ք՝ կոմունիստների՞ հետ եք, թե՞ ժողովրդական ուժերի։ Իսկ ժողովրդական ուժերը համախմբվել են Հայրիկյանի շուրջ։ Դա փառք գագաթն էր։

Ես եկա Հայաստան՝ ասացի, որ բանակ պետք է ստեղծվի։ Մեծահասակները կհիշեն՝ ինչ կռիվ էր գնում։ Ասում էին՝ Հայրիկյանն ուզում է ձեր երեխաներին կոտորել։ Սահմանադրություն է պետք, չէ՜, Հայրիկյանը հետին նկատառումներ ունի։ Ժողովուրդը պետք է ընտրի իր առաջնորդին, Հայրիկյանն աթոռակռիվ է տալիս։ Այ այսպիսի ստորություններ։

Այ մարդ, 5 անգամ դատվել է այդ մարդը, նրան հատուկ օդանավով Եթովպիա են տարել՝ դա փառքի գագաթն էր։ Արտաքսումից հետո Փարիզում փողոցով քայլում էի, ամեն քայլափոխի մոտենում, ասում էին՝ Ձեզ հեռուստացույցով տեսել ենք, կարելի՞ է նկարվել։ Բայց ինձ դա երբեք չի հետաքրքրել։

Գիտեմ, որ երեխա ժամանակ հաճախ եք նայել Արարատին ու զրուցել։ Հիմա այդ ավանդույթը շարունակվո՞ւմ է ու ինչի՞ մասին եք խոսում։

– Տանս ամենավերևի հարթակն այնպես է կառուցվել, որ Արարատը երևա։ Սկզբում ես ծրագրել էի, որ սա դառնա Հայրիկյանի տուն-թանգարան, քանի որ Հայաստանը չունի անկախության թանգարան, մտածում էի համատեղել, ու արխիվային նյութերս մեծ մասամբ փոխանցել եմ պետությանը։ Այստեղ մեր գերդաստանից 7 ընտանիք է ապրում և երբ գալիս են, հաճախ հարցնում են՝ իսկ Արարատն ո՞ւր է։ Ասում եմ՝ բարձրացեք աշտարակի վերևը, գագաթը կտեսնեք։

Բայց երեխա ժամանակ նայելս այլ էր։ Կարդում էի մեր դասականներին, լսում էի մեր մեծերին ու տեսնում էի, որ ոչ ոք պայքարի տրամադրված չէ։ Առավոտյան վազում էի Նուբարաշենից դեպի ձորը, որպես մարզանք, հետո մենակ էինք մնում ես ու Արարատը։ Այն կարծես մի սրբավայր լիներ, նայում ու ինձնից անկախ լաց էի լինում, որ դու գերության մեջ ես, բայց կներես, մենք այդ հարցը կլուծենք։ Լացում էի, որ մեծերը բան չէին անում։

Ամենահարազատ զրույցներս եղել են Արարատի հետ։ Արարատին նայելու մեջ այն խորհուրդը կար, որ ինքը երևի դարեր շարունակ լինելով մեր խորհրդանիշը, իր մեջ կրում էր իրեն հառած հայացքների ինչ-որ մի բան, որը բացատրելի չէ։

4-րդ դասարանում առաջին բանաստեղծությունս այսպիսին էր․ «Երբ նայում եմ Մասիս սարին, սիրտս է լցվում թախիծով, ամեն անգամ ես նայում եմ՝ Աբովյանին հիշելով»։

Հետո արդեն եկան լուրջ բանաստեղծություններ․ «Որպեսզի Մասիսն հայության խորհուրդն հավիտենական, անշղթա, ազատ ու հայկյան լինի․․․»։

Անկախության օրը այս բանաստեղծությունը չեն հնչեցնում, այնինչ իր պահպանվելը հրաշքի պես մի բան է։ Ես եղել եմ պատժախցում, որտեղ գրելն արգելված էր։ Դատախազություն դիմում գրելու համար թուղթ եմ ուզել, կեսի վրա գրել եմ դիմումը, մյուս կեսին՝ այս բանաստեղծությունները։ Ու եթե գտնեին, էլի էին ժամկետն ավելացնելու, տեղ էի գտել՝ քոթուկը հանել էի, այնտեղ թաղել։ Սա՝ Մորդովիայում։ Անցնում է 10 տարի, ԱԻՄ-ի հիմնադիրներից Սուսաննան գալիս է Սիբիր՝ աքսորավայր, հարցնում է, թե նոր երգեր, բանաստեղծություններ գրո՞ւմ եմ, ասում եմ՝ շատ բաներ ունեմ գրած, բայց մի բանի համար շատ եմ ցավում։ Հարցնում է, թե ի՞նչը։

Արտասանում եմ, թե բա գիտեմ, 5 տուն է, վերջանում է այսպես՝ կեցցե ազատ ու անկախ Հայաստանը։ Ոնց որ մեկը գլխիս տար։ Ասաց, հետը 15 հատ ուրիշ բանաստեղծություններ էլ կային։

Օրինակ՝ Տերյանի հետ պատժախցում․ «Գարունը այնքան ծաղիկ է վառել, փշալարերն են ձյունից ազատվել»։ Եվ դրանց մեջ ամենաուժեղը՝ «Բա՛նտ, ազատության մայրն ես միշտ եղել և սիրում է քեզ կալանավորը»։ Սա ըստ երևույթին իմ այն հատկությունն է, որ կարողանում էի մարմնիցս դուրս գալ, կողքից նայել, իհարկե, ինձնից անկախ։ Դա բացառիկ բան է։ Ես պատժախցերը չեմ հիշում։ Հիշում եմ պատժախցերում հնարածս հեքիաթները, թե ինչպես եմ այնտեղից դուրս գալիս, գնում Գեղարդի սարերը։

Իսկ այդ տողերը, որ թաքցրել էի, ինձ տեղափոխել էին այլ կալանավայր, այդ խուց են բերում Ռազմիկ Մարկոսյանին, ով ԱԻՄ-ի հիմնադիրներից մեկն է։ Ասում են՝ գիտես, այդ խցում Պարույրն էր նստած, իսկ Ռազմիկը Երևանի ԿԳԲ-ի բանտի օրինակով հիշում է, որ Պարույրն ուր էլ լինի, անպայման մի բան պետք է թողնի։ Սկսել է քրքրել, մեկ էլ տեսել է՝ քոթուկը շարժվում է։ Հանել, տեսել է թղթեր ու այդ բանաստեղծությունը՝ դրանց թվում։ Ինքը դա կարողանում է հասցնել Սիբիր՝ եղբոր միջոցով։ Հիմա անկախության տոնն են նշում, այդ բանաստեղծությունը չի հնչում։

Հաճախ անծանոթների հետ ծանոթանալիս ներկայացել եք Վրեժ անունով։ Ձեր սրտում հիմա կա՞ վրեժի ցանկություն և ո՞ւմ նկատմամբ։

– Մինչև առաջին կալանքս։ Նույնիսկ մի դեպք է եղել․ Պարույրը կալանավայրից պետք է վերադառնա, գալիս են հյուրեր, նրանցից մեկի կինը, թե՝ նա Վրեժն է։ Ես դատարանում մեզնից առաջ դատված տղաներին ներկայանում էի՝ որպես Վրեժ։ Երեխա ժամանակ «Վրեժ Սիփան» գրական ծածկանունն էի ընտրել ավելի շուտ։ Հետո հասկացա, որ «վրեժ» բառը հակաքրիստոնեական է, անառողջ։ Վրեժը մարդուն է սպանում, ոչ թե ուժ տալիս, այն թույն է, ու հրաժարվեցի այդ անունից։ Սակայն, երբ քրոջս որդին ծնվում է, Ստեփան Զատիկյանի հետ որոշում են, որ Պարույրի փոխարեն անունը Վրեժ դնեն։ Ես քրիստոնեական արժեքների կարևորությունը հասկացա այն ժամանակ, երբ հասկացա, որ Տրդատ Մեծից ավելի խելոք չեմ։ Տրդատ Մեծը գիտեր և՛ հինը, և՛ նորը։

Իմ առաջին երգը՝ «Հայ ենք մենք»-ը, որտեղ ասվում է՝ հայ ենք մենք, լինենք զինվոր, երկրին պաշտպան, երրորդ տունն ավարատվում էր արյուն, վրեժ և հատուցում տողերով։ Ես առաջին կալանքից հետ գալուց հետո բաժանում եմ տեքստն ու ասում՝ բառերը փոխեք, հույս, հավատ, սեր և հարություն բառերով։ Փառք եմ տալիս Աստծուն, որ 20 տարեկանում հասկացել եմ մեր հայրերի մեծությունը, գնացել եմ նրանց որդեգրած արժեքային համակարգին հետևելու ճանապարհով՝ ինչպես Գևորգ կաթողիկոսը, ով քրիստոենությանը հավատարիմ մնալով՝ ասաց՝ եթե բոլորդ հեռանաք, ես մենակ կմնամ ու որպես զինվոր կզոհվեմ, ու մենք հասանք հաջողության։

Անկախ Հայաստանը դրա շնորհիվ ստեղծեց, ոչ թե Արամ Մանուկյանը, դաշնակցությունը կամ հեղափոխականները։ Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսն է ստեղծել։ Ես քրիստոնեական արժեքային համակարգը որդեգրեցի, դրան հավատարիմ մնացի, դրա համար Ուկրաինայի ազգային հերոս Վասիլ Ստուսը եկավ, ասաց, կարո՞ղ եմ քո կազմակերպության անդամ դառնալ։ Նշանավոր Էդիկ Կուզնեցովը, լեգենդ է, եկան դարձան ԱՄԿ անդամ։ Դա իմ շնո՞րհքն էր, ոչ, դա իմ ազգի շնորհքն էր, և իմ ազգի քրիստոենական արժեքային համակարգը, որի դեմ այսօր բարբաջում ու բառաչում են բոլոր տհասները՝ իրենց Տրդատ Մեծից ավելի խելոք համարելով։

– Իսկ հիմա ինչի՞ մասին եք երազում։

– Շատ բաների մասին՝ սկսած մեծից մինչև ամենափոքրը։ Փոքրերի մասին ասեմ․ մտածում եմ, որ այս ամսվա վարկն էլ վճարեմ, որովհետև գումար էի վերցրել՝ այս տները կառուցելու համար՝ մտածում էի, որ Հայաստանն անկախության թանգարան չունի։ Շատ կարևոր է սերունդին ճիշտ դաստիարակել կարողանալը, օրինակ, կերտելը։ 1988թ․ վերելքի հիմնական բանը գիտե՞ք որն էր․ այն, որ կա Հայրիկյան, ով 17 տարի նստել, հետ է եկել ու էլի պայքարում է։ Դա ոնց էր ոգևորում մարդկանց, ասում էին՝ 4 անգամ դատվել է, էլի պայքարում է, դե, մի անգամ էլ ես կարող եմ նստել։ Դա էր մարդկանց ոտքի հանողը, ոչ թե Լենին, Պարտիա, Գորբաչով։ Այս պրիմիտիվ իդիոտներն ասում են՝ Ղարաբաղյան շարժումը։ Եթե ասում ես՝ ղարաբաղյան շարժում, արդեն թուրք ես։ Լեզուները չէր պտտվում, որ Արցախ անունն օգտագործեին։

Իսկ այն, թե ինչի մասին եմ երազում․․․ հիմնականը, կարծում եմ՝ արել եմ․ գրական, երաժշտական գործեր, ֆիլմեր եմ պատրաստել՝ նաև մահացած ընկերներիս անունները նշելով։ Զբաղվում եմ տարբեր ոլորտի աշխատանքներով, բայց կարևորը համարում եմ նույն ինքնորոշման սկզբունքի կայացումը Հայաստանում, որովհետև Հայաստանն այդ հարցում մեկ անգամ եղել է առաջատարը։ Առաջինն ենք քրիստոնեությունը ընդունել, բայց տեր չենք կանգնել մեր ձեռքբերմանը, սկսել ենք պղծել քրիստոնեական պատկերացումները։

Վարդան Մամիկոնյանը մեր սուրբն է, չէ՞, բայց այդ սուրբը որ սխալ է թույլ տվել, երբեք չեն ասում։ Ինքն ուրացավ քրիստոնեությունը։ Էլի ասա չդիմացավ, մարդկայնորեն վախեցավ, ինչպես Պետրոս առաքյալը, բայց մի ասա, որ լավ արեց։ Մի ասա՝ խաբելը լավ բան է, դու փչացնում ես ազգդ։ Այդ նույն քրիստոնեական ինքնորոշման սկզբունքը, որից ես հիմա ստացել եմ բացարձակ ժողովրդավարության մաթեմատիկական բանաձև, մեծագույն ցանկությունս է, որ դա իմ կենդանության օրոք կյանքի կոչվի։ Այն կփոխի աշխարհը, որովհետև աշխարհում ժողովրդավարությունը ճգնաժամ է ապրում։ Բացի դա՝ Հայաստանն իր քաղաքակրթական ներդրումը կունենա։ Դա շատ բան է փոխելու և՛ մեր կյանքում, և՛ աշխարհում, այնպես որ՝ դա իմ հիմնական երազանքն է։

Տեսանյութեր

Լրահոս