Ինչո՞վ կավարտվի ԵՄ-ի նոր «ցանկությունը»
ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիացի համանախագահի և Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի փոխտնօրենի այցին զուգահեռ՝ օրերս Հայաստանում էր Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությունը, ում հայաստանյան հանդիպումները պատշաճ ուշադրության չարժանացան:
Կլաարի հայաստանյան այցին հաջորդեց նրա այցն Ադրբեջան: Եվրոպացի պաշտոնյան, դատելով թվիթերյան արձագանքներից, ուշադրության կենտրոնում է պահում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և կարծես ԵՄ-ի կողմից պատվիրակված է տեղում՝ տարածաշրջանում այս հարցով զբաղվել և ԵՄ միջնորդությունն առաջարկել, բացի ավանդական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերով զբաղվելուց:
Տոյվո Կլաարը Երևանում հանդիպեց Նիկոլ Փաշինյանին և ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանին:
ՀՀ Կառավարության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են երկկողմ օրակարգը, Հայաստանին տրամադրված ԵՄ ֆինանսական աջակցությունը, ինչպես նաև մտքեր փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ, երկուստեք ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսման կարևորությունը, մտքեր փոխանակել տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման շուրջ: Կլաար-Միրզոյան հանդիպմանը հանգամանալից քննարկվել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, Ադրբեջանի ապօրինի գործողությունները ՀՀ տարածքում և այլ օրակարգային հարցեր:
«Կողմերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարը շեշտել է, որ տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման համար կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, Ադրբեջանում դեռևս պահվող ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը»,- ասված է հաղորդագրությունում:
Հատկանշականն այն է, որ Կլաարն իր հայաստանյան երկօրյա այցն ավարտել է՝ այցելություն կատարելով Երասխ, որի վերաբերյալ Թիվիթերում գրել էր, որ՝ լինելով Երասխում, հասկացել է, թե որքան մոտ են Հայաստանի ու Ադրբեջանի դիրքերը, և կարևոր է քայլեր անել սահմանի լարվածությունը նվազեցնելու համար, ուստի Եվրամիությունը պատրաստ է օգնել լարվածության թուլացմանը:
Սեպտեմբերի 15-ից սկսվել է Կլաարի այցն Ադրբեջան, որտեղ նա ունեցել է բազմաթիվ հանդիպումներ, իսկ նախօրեին՝ այցելել նաև Աղդամ:
168․am-ի հետ զրույցում վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ ուկրաինական զարգացումներից հետո առաջին անգամ այս փուլում ԵՄ-ն կրկին սկսում է զբաղվել Հարավային Կովկասով և հատկապես Հայաստանով ու Վրաստանով: Հարցը, ըստ նրա, այն է, որ ԵՄ-ն այս տարածաշրջանում կայուն աշխատանքի, արդյունավետ աշխատանքի պրակտիկա չունի:
«Այդ աշխատանքը փուլային է, կան ակտիվության ու պասիվության փուլեր՝ պայմանավորված աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներեվրոպական զարգացումներով: Ներկայումս, կարելի է ասել, որ ակտիվության փուլում ենք, երբ կան դեպի տարածաշրջան բարձրաստիճան այցեր՝ բարձրաստիճան, պատվիրակություններով, նախաձեռնություններ, ֆինանսական աջակցության փաթեթներ և Հայաստանի, և Վրաստանի դեպքում: Բայց սրան զուգահեռ՝ մենք տեսնում ենք, որ այդ աշխատանքը չունի այն արդյունավետությունը, որը կարելի էր ակնկալել, քանի որ, օրինակ, Շառլ Միշելի Վրաստանում ներքաղաքական կարգավորման առաջարկը մերժվեց վերջին պահին, թեև բավականին շատ ջանքեր էին ներդրվել դրա իրագործման համար:
Վրաստանի դեպքում, իհարկե, իրավիճակը մի փոքր այլ է, քանի որ Վրաստանի եվրաատլանտյան զարգացման ուղին այնուամենայնիվ օգնում է ԵՄ-ին քաղաքականության իրականացման փուլերում: Իսկ Հայաստանի դեպքում իրավիճակը էականորեն բարդ է, քանի որ Հայաստանը պատերազմից հետո դեռ դուրս չի եկել հետպատերազմյան և հակամարտային ռեժիմից, դեռ բազմաթիվ քաղաքական, անվտանգային, տնտեսական խնդիրներ ունի, կա ՌԴ-ի դերը, ուստի ԵՄ-ի դերն այս կամ այն կերպ սահմանափակ է լինելու, քանի որ Հայաստանն ունի խնդիրներ, սահմանափակող հանգամանքներ, իսկ ԵՄ-ն իր աշխատանքի առանձնահատկություններն ունի՝ չունի գործիքներ ինքը գործընթացն առաջ մղելու համար»,- ասաց նա:
Վերլուծաբանի տպավորությամբ, պատերազմից հետո նկատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ՝ ԵՄ-ն փորձում է առանձին ինչ-որ՝ թեկուզ փոքր դերակատարություն ունենալ հակամարտող կողմերի միջև զարգացումներում: «Սակայն, ինչպես տեսնում ենք, դա չի առարկայանում: Վերոնշյալ այցը ևս միտված է որոշակի դերակատարությանը՝ ինչպես հումանիտար հարցերի լուծման, այնպես էլ՝ գուցե այլ հարցերում, որոնք երկու երկրների օրակարգում շատ են: Ճանաչելով ԵՄ-ն, կարծում եմ, որ ԵՄ-ն առաջարկների է սպասում, քանի որ տեղում իրավիճակը պատկերացնելու, դրան միջամտելու ուղիներ գտնելու մշտական խնդիր ունի, ինչը նաև բնական է, քանի որ հեռու է տարածաշրջանից»,- ասաց վերլուծաբանը:
Իսկ եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը կարծում է, որ անակնկալ չկա նրանում, որ ԵՄ-ն փորձում է միջամտել ճգնաժամային հարցերի կարգավորման գործընթացին: Նրա վստահեցմամբ, նման առաջարկներ հնչում են շատ երկրների խնդիրների դեպքերում:
«Հայաստանի և Ադրբեջանի դեպքում կան որոշ նրբություններ, որոնցից գլխավորն այն է, որ ԵՄ-ն ցանկանում է վերականգնել տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռություն, որի շրջանակում էլ պետք է բացատրել ԵՄ բոլոր որոշումները: ԵՄ-ն հասկանում է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դժվար է վերականգնել, դրանով ԵՄ-ն կարողանում էր «փակել» իր պասիվությունը հակամարտության գոտում, իսկ այս փուլում հասկանում է, որ պետք է քայլեր ձեռնարկել: Թե ինչ արդյունավետության են այս փորձերը, տեսնում ենք, դեռ չի հաջողվում լուրջ միջնորդական դեր ունենալ կողմերի միջև»,- ասաց նա: