Եթե մարդ պետք ա պատվաստվի, համ էլ ասում են, որ նորից կարող ա վարակվի, պատվաստման իմաստը ո՞րն ա. հարցում Երևանում

Ընդամենը երկու շաբաթ հետո՝ հոկտեմբերի 1-ից, Հայաստանի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի, ըստ առողջապահության նախարարի հրամանի, կա՛մ պետք է գործատուին ներկայացնի կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու տեղեկանք, կա՛մ 14 օրը մեկ՝ 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը, կա՛մ էլ տեղեկանք, որ իրեն հակացուցված է պատվաստվելը: Ու մինչ հանրապետության շատ իրավաբաններ նախարարի հրամանը համարում են խնդրահարույց և օրենքի խախտմամբ կայացրած, իսկ շարքային քաղաքացիներն էլ բնորոշում են այն «իրավական ու բժշկական ֆաշիզմ», «պատվաստման պարտադրանք», «տուգանքի կամ պատժիչ գործիք», նախարարության ներկայացուցիչը վստահեցնում է, որ հրամանն ուղղակիորեն բխում է աշխատողների և գործատուների շահերից, և որ այդ հրամանն ինքնին քաղաքացուն տալիս է ընտրության հնարավորություն:

Պետք է ընդգծել, որ նախարարը քաղաքացուն, այսպես կոչված, ընտրության երկու հնարավորություն է տալիս՝ կամ անվճար պատվաստվել, կամ ամսական 30.000 դրամի թեստ հանձնել, այն էլ՝ ներկա սոցիալական ոչ բարենպաստ պայմաններում:

Երևանի կենտրոնում 168.am-ի հարցմանը պատասխանած քաղաքացիների խոսքով՝ անհասկանալի է նախարարի հրամանը այն դեպքում, երբ անգամ պատվաստված քաղաքացին կարող է վարակվել ու վարակել մյուսներին կորոնավիրուսով:

«Եթե մարդ պետք ա պատվաստվի, համ էլ ասում են, որ նորից կարող ա վարակվի, պատվաստման իմաստը ո՞րն ա: Եթե մարդ պատվաստվեց, ուրեմն չպետք ա, չէ՞, վարակվի: Եթե մարդ պատվաստվում ա, նորից դիմակ ա կրելու, նորից պետք ա իր շփումները սահմանափակ լինեն, էլ իմաստը ո՞րն ա, ես չեմ հասկանում: Ոնց որ իրենք են, էդպես էլ իրենց որոշումներն ա»,- ասաց հարցված քաղաքացիներից մեկը:

Մեր մյուս հարցին, թե արդյո՞ք պատրաստ է ամսվա մեջ 30.000 վճարել և երկու անգամ թեստ հանձնել, արձագանքեց.

«Աղջիկ ջան, ես ոչ մի բանի էլ պատրաստ չեմ: Ասեմ՝ ինչու պատրաստ չեմ, որովհետև ժամանակին մեր վարչապետն ասում էր՝ վարորդները տուգանվելու մատերիալ չեն, իսկ հիմա վարորդները նորից դառան տուգանվելու մատերիալ: Ո՞նց կարելի ա վստահել, ո՞նց կարելի ա հավատալ: Ինչի՞ն հավատանք: Ասեք՝ պատասխանեմ: Ոչ մի խոստում կատարված չի, ոչ մի խոստում: Ո՞ր մի խոստումն ա կատարված: Էդ սերմացու գողացող մկները պատժվեցին, ոչ, արդեն երեք տարի ա անցել: Պատերազմ անցանք, Դավիթ Տոնոյանը պատժվե՞ց, չպատժվեց: Պատրոն Դավիթը պատժվե՞ց, չպատժվեց: Ինչի՞ մասին ա խոսքը: Ու ես զարմանում եմ էս մարդկանց վրա: Լավ, էդ պողպատե մանդատն էլ վերցրեցին, ի՞նչ տեսանք, ի՞նչ եղավ: Ոչ մի բան, ոչ մի բան, սուտ խոստումներ»:

Մեր հարցմանը մասնակցած մեկ այլ քաղաքացի էլ զրույցից մի քանի րոպե առաջ էր պատվաստվել, որպեսզի երեխաները հանգիստ լինեին: Ինչ վերաբերում է նախարարի հրամանին, մեր զրուցակցի գնահատականը դրան բացասական էր:

«Իհարկե, վատ: Ուրիշ բան էր, եթե թեստը անվճար լիներ: Թեստը՝ վճարովի, պատվաստումն՝ անվճար, մի քիչ ճիշտ չի: Մարդիկ էդ ինչքա՞ն աշխատավարձ են ստանում, որ մի հատ էլ ամսվա մեջ երկու անգամ թեստ հանձնեն: Գոնե դա անվճար լիներ»,- ասաց մեր զրուցակիցը:

«Բալես, չգիտեմ, ես էդ վարակով չեմ վարակվել: Ճիշտն ասած՝ տնից գրեթե դուրս էլ չեմ գալիս»,- ասաց մեկ այլ քաղաքացի:

«Մարդ կա, որ իրոք իրեն չի կարելի, վախենում ա իր ֆիզիկական վիճակից, առողջությունից ելնելով, իսկ իրենք առանց նայելու, առանց ստուգելու՝ պատվաստում են: Դա սխալ ա: Եթե ընտրություն կա, թող էնպես անեն, որ էդ ընտրությունը մատչելի լինի: Էդ նույն թեստը կա՛մ ավելի էժան լինի, կա՛մ պետւթյան կողմից ֆինանսավորվի, որ մարդիկ ունենան ընտրություն»,- ասաց հարցված քաղաքացիներից մեկը:

Իսկ նախարարության ներկայացուցչի խոսքից մեջբերված հատվածին, թե հիմա էլ քաղաքացիներն ունեն ընտրության հնարավորություն՝ պատվաստվել կամ թեստ հանձնել, հարցման մասնակիցն արձագանքեց.

«Հա, բայց կարող են չաշխատել էդ դեպքում, փաստորեն, և չապրել: Դա ո՞նց եք պատկերացնում»:

Նախարարությունը վստահեցնում է, որ այս հրամանի վերաբերյալ հնչեցրած բոլոր առաջարկները կքննարկվեն: Միայն վստահեցնում է…

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս