Աշխատակցի պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ հանձնելու՝ նախարարի հրամանը ուղղակիորեն բխում է գործատուների շահերից. ԱՆ ներկայացուցիչ

«Ընտրություն կա: Խնդիրը չի գնում որևէ մեկին պատժելու մասին: Խնդիրը գնում է հետևյալի մասին: Մենք պետք է ապահովենք վարակի տարածման կանխարգելումը աշխատավայրերում, այդ թվում՝ և՛ բնակչության, և՛ աշխատավայրերում: Դրա համար կարգավորումը մտցված է և կա ընտրություն՝ կա՛մ մարդը թեստ է  հանձնում, կա՛մ մարդը պատվաստվում է: Սա իր ընտրությունն է: Որը ուզում է, նա էլ կարող է ընտրել»,- «Աշխատանք կամ պատվաստում. ո՞ր տարբերակը կընտրեն քաղաքացիները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության ներկայացուցիչ, Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը:

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող առողջապահության նախարարի հրամանը, համաձայն որի՝ պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է գործատուին ներկայացնեն պատվաստված լինելու տեղեկանք, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ բացասական թեստի պատասխան, կա՛մ էլ համապատասխան տեղեկանք այն մասին, որ պատվաստումն այդ մարդուն հակացուցված է (օրինակ՝ քաղաքացին հղի է կամ ունի ինչ-որ հիվանդություններ, որոնց դեպքում հակացուցված է պատվաստումը), բխում է հենց գործատուի շահերից:

«Երբ մեր աշխատողը հիվանդանում է, ինքը չի գալիս աշխատանքի, գործատուի աշխատանքը դրանից, կարծում եմ, որ վտանգվում է: Բացի դրանից, իր եկամուտն էլ է պակասում, որովհետև իր աշխատողը չի եկել, իր գործը տուժում է: Եվ ինչքան շատ են մարդիկ հիվանդանում, այնքան ավելի շատ է տուժում այդ աշխատանքը: Գործատուն շահագրգռված պիտի լինի, որ իր աշխատողները չհիվանդանան, որովհետև կա՛մ ինքը չի կարողանալու աշխատել ինչ-որ մի պահի, որովհետև հիվանդացությունը աճում է և աճում է շատ բարձր տեմպերով, կա՛մ ինքը ստիպված է  լինելու բերել այլ մարդիկ, որոնք անպայման չէ, որ լինեն նույն կվալիֆիկացիայի: Իր գործը, ամեն դեպքում, տուժելու է: Այս կարգավորումն ուղղակիորեն բխում է գործատուների շահերից: Այն ապահովում է ոչ միայն մարդկանց առողջությունը, միաժամանակ նաև՝ ցանկացած տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպության բնականոն աշխատանքը: Ես զարմանում եմ, որ մեր գործատուները դա չեն ընկալում:

Մյուսը՝ աշխատողի տեսակետից: Մենք առաջարկում ենք, որ աշխատողը գա աշխատավայր, ինքը ապահով լինի, որ այնտեղ հիվանդ չկա այդ պահին, գոնե աշխատակիցների մեջ, գոնե աշխատակիցների շրջանում, և իր առողջությունը վտանգված չի: Որ մարդը գալիս է, իրավացի եք, իր օրվա հացի համար աշխատի, բայց միաժամանակ՝ ոչ ինքը վտանգում է իր առողջությունը, երբ որ կա դրա պաշտպանելու հնարավորությունը, և ոչ ինքն է մյուսներին վարակում, այդ թվում և՝ այն անձանց, ում սպասարկում է: Իսկ մեր բոլոր գործատուները, հատկապես՝ ծառայություն տրամադրողները, պատասխանատու են անվտանգ ծառայություն տրամադրելու համար»,- ասաց Նունե Բակունցը:

Փոքր-ինչ զարմանալի է նախարարության ներկայացուցչի դիտարկումը, թե նախարարի հրամանը բխում է գործատուի շահերից, քանզի նույն այդ հրամանի համաձայն՝ աշխատակցի պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստ չհանձնելու դեպքում տուգանքներ պարտավոր է վճարել գործատուն: Իսկ գործատուն աշխատողին չի կարող հարկադրել, որպեսզի նա պատվաստվի կամ թեստ հանձնի, Աշխատանքային օրենսգրքի 132-րդ հոդվածում էլ հիշյալ երկու քայլի չիրականացումը չի կարող գործատուի համար հիմք դառնալ, որպեսզի իր աշխատողին հեռացնի աշխատանքից:

Բայց, ցավոք, նախարարության ներկայացուցչի արտահայտած միայն այս միտքը չէր հակասական: Բակունցը վստահեցնում է, որ փորձում են ապահովել աշխատողին՝ աշխատավայրում չվարակվել: Դրան զուգահեռ՝ նշում է, որ պատվաստված քաղաքացին, որից ՊՇՌ թեստ չի պահանջվում, կարող է վարակել ու վարակվել:

«Այո, որոշ չափով պատվաստված անձինք կարող են կրկին վարակվել, և հնարավոր է, որ նաև վարակեն ուրիշներին: Հիմա եկեք հասկանանք նախ՝ առաջինը. կանխարգելման նպատակները: Մենք կանխարգելում ենք՝ ինչպես հիվանդությունը, այնպես էլ՝ հիվանդության հետևանքները, այսինքն՝ մահերը և ծանր դեպքերը: Սա՝ առաջին: Եվ պատվաստումը դա կանխարգելում է: Այսինքն, եթե նույնիսկ պատվաստված անձը հիվանդանա, ինքը դա կտանի թեթև, ինքը չի ընկնի ռեանիմացիա և ինքը չի մահանա: Ինչ վերաբերում է մյուսներին վարակելուն, տեսեք, ինչքան նկատել եք՝ դիմակ կրելու պահանջը, օրինակ, կամ սոցիալական հեռավորության պահանջը, կամ ախտահանման պահանջը, կամ վինտիլյացիայի պահանջը չի հանվում: Կորոնավիրուսն այն հիվանդությունն է, որի դեմ համալիր պիտի մենք պայքարենք»,- նշեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը:

Տեսանյութեր

Լրահոս