Բաժիններ՝

«Գնամ մարդկանց ասեմ՝ ձեր գորգերը հանեք, իմ գորգերը փռե՞ք». Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը՝ ԿԳՄՍՆ-ի կողմից իրեն արված առաջարկի մասին

44-օրյա պատերազմի թեժ օրերին «Շուշիի գորգերի թանգարան»-ից մեծ դժվարությամբ, գիշերով, պայթող արկերի տակ փրկված մոտ 170 գորգ ժամանակավոր տեղ է գտել Երևանում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանն անձամբ է հավաքել հարյուրամյակների պատմություն ունեցող գորգերն ու գրի առել դրանց պատմությունը:

Շուշի հետ կապող օղակներից մեկի ճակատագիրը, ցավոք, շարունակում է մնալ օդում կախված, քանի որ հարմար շենք չկա, որպեսզի ծառայի որպես թանգարան:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելքիբեկյանից փորձեցինք պարզել, թե այս ուղղությամբ որևէ քայլ արվո՞ւմ է։

Նա հայտնեց, որ նախարարությունում հարցը քննարկվել է, թանգարանի տնօրենին առաջարկվել է, որպեսզի գորգերը տեղադրվեն և ցուցադրվեն Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում:

«Սակայն Շուշիի գորգերի թանգարանի ներկայացուցիչները հրաժարվել են այս առաջարկից, քանի որ առանձին կառույց են ուզում, որի հնարավորությունն այս պահին պետությունը չունի. կա տարածքի խնդիր, քանի որ նաև մի շարք մշակութային օջախներ տարածքներ չունեն: Ինչպես նաև լիազոր մարմնի քաղաքականության մեջ չի մտնում նոր թանգարաններ բացելը: Աշխատում ենք եղածը հզորացնել, վերազինել: Այնպես չէ, որ նախարարությունն այս ամենն անտեսում է, հակառակը, շատ գնահատում է, ուղղակի մասնավոր թանգարան է, և իրենք էլ ունեն իրենց դիրքորոշումը, որը չի համընկել նախարարության դիրքորոշման հետ»,- պատասխանեց Գեղամ Մելքիբեկյանը:

Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանից փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ չի համաձայնել նախարարության առաջարկին։ Ի պատասխան՝ նա ասաց․ «Պետք է տանեինք, այնտեղ ինչ-որ տեղ դասավորեինք: Պահեստում էր լինելու, չէին ցուցադրվելու: Սարդարապատում հարյուրավոր գորգեր կան, 30-ն են կարողանում ցուցադրել, տեղ չունեն մարդիկ: Գնամ մարդկանց ասեմ՝ ձեր գորգերը հանեք, իմ գորգերը փռե՞ք: Սրանից բացի, այլ տեղ չեն առաջարկել»:

Վարդան Ասծատրյանը կարծիքով՝ պետք է շենք հատկացվի, լինի թանգարանի կարգավիճակ, տրվի համակարգային լուծում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս