«Սա ոչ թե խաղաղության դարաշրջան է, այլ միգուցե մեր պետության վերջնական կապիտուլյացիան». Աննա Գրիգորյան

Ադրբեջանը շարունակում է վերահսկել Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածը, որտեղ ադրբեջանական ոստիկանական անցակետ է տեղադրվել, նրանք կանգնեցնում են Իրանից Հայաստան եկող տրանսպորտային միջոցներն ու մաքսատուրք գանձում, երեկ ինֆորմացիա եղավ, որ իրանցի վարորդներ են ձերբակալվել:

Այս ամենի ֆոնին՝ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում ասաց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհը պետք է անարգել կերպով օգտագործվի Հայաստանի տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար, և ենթադրեց, որ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել օտարերկրյա բեռների հանգամանքը, Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի մոտ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունը մի շարք հարցեր է առաջացնում:

«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ չէին ֆիքսել, որ նաև օտարերկրյա բեռնափոխադրումները պետք է սահուն անցնեն այդ ճանապարհահատվածում. Իսկ դա որտե՞ղ պետք է ֆիքսվեր, եթե ասում են՝ որևէ հստակ պայմանավորվածություն չկա: Հիշում եք՝ տարբեր առիթներով ասել եմ, որ կա առանձին հուշագիր, որով կարգավորվում է ճանապարհի շահագործումը և երթևեկության կանոնների կազմակերպումը, բայց Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հստակ հայտարարեց, որ չի եղել ոչ մի գրավոր պայմանավորվածություն: Այսինքն՝ միայն բանավոր փոխըմբռնում է եղել, թեև երեկ դա էլ հերքեց: Ես զարմանում եմ՝ եթե բանավոր չի եղել, գրավոր չի եղել, ապա այլ կերպ ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերվեր: Հիմա, եթե ասում է՝ օտարերկրյա բեռների համար պայմանավորվածություն չի ֆիքսվել, դա որտե՞ղ պետք է ֆիքսվեր: Ես չեմ կարողանում հասկանալ, թե այս իշխանությունները որևէ կողմի հետ պայմանավորվելիս ինչպիսի՞ սկզբունքներով են առաջնորդվում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

«Ճանապարհի նման հատվածը զիջելով՝ առանց համապատասխան գործընթացներ անցնելու, հակապետական քայլ էր, որովհետև մենք լուրջ կերպով վնասելու ենք, նախ և առաջ, հայ-իրանական հարաբերությունները, տնտեսական լրջագույն սպառնալիքների տակ ենք դնելու մեր երկիրը: Այսօր Իրանից եկող մեքենաներն այդ ի՞նչ երաշխիքով այսուհետ պետք է մտնեն Հայաստան, երբ երեկ իրանցիներ են ձերբակալվել այդ նույն Որոտանի հատվածում: Անցակետում ձերբակալվել են և իմ ունեցած վերջին տեղեկություններով՝ նրանց տեղափոխում են Բաքու: Այսինքն՝ իրանցիները Հայաստան մտնելիս՝ պետք է, նախ և առաջ, ստանան Ադրբեջանի թույլտվությունը. Սա ի՞նչ է, ուղղակի աբսուրդ է: Տեսեք՝ ինչ գործընթաց է տեղի ունենում: Թեև ոչ մի թղթաբանություն և պաշտոնական գործընթացներ տեղի չեն ունենում, բայց իշխանության առաջին դեմքերի կողմից և համապատասխան գերատեսչությունների կողմից ընդունվում է, որ ճանապարհի նշյալ հատվածը պատկանում է Ադրբեջանին:

Դա արտացոլված է ոչ միայն ԱԱԾ հաղորդագրության կամ իշխանական պատգամավորների և կառավարության ղեկավարի կողմից հնչեցված մտքերում, այլ տեսեք՝ հիմա ուրիշ բան եմ նկարագրում. Իրանից եկած մեքենաները մի հատ Մեղրիի մաքսակետում են համապատասխան կնիք ստանում, հետո Որոտանում հայկական կնիքի վրա ադրբեջանական է դրվում, հետո Հայաստանից դուրս գալիս մի հատ էլ մեր մաքսատան աշխատողները ադրբեջանական կնիքի վրա հայկական կնիք են դնում, այսինքն՝ դե ֆակտո ճանաչում են ադրբեջանական կնիքը, որ դրված է այդ թղթերի վրա: Սա ուղղակի անթույլատրելի է»,- ընդգծեց նա:

Պատգամավորի խոսքով՝ իշխանությունների գործողություններում պետական և ազգային շահի գնահատում չկա.

«Տեսլականի ձևավորում չկա, դրան համարժեք գործողություններ չկան: Մենք որևէ երաշխիք չունենք, որ վաղն էլ այլ ճանապարհների հետ կապված խնդիրներ չեն առաջանա: Գիտեք, որ Ադրբեջանը բազմիցս հնչեցրել է իր նկրտումները հայկական գյուղերի վերաբերյալ, և մենք չգիտենք, թե այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանն է կառավարության ղեկավարը, ինչպիսի ռիսկայնությամբ կընթանան այդ գործընթացները: Եվ, ի վերջո, երբ Նիկոլ Փաշինյանը բանավոր փոխըմբռնմամբ հանձնում էր Սանասարի և Կովսականի հատվածները, ինքը լավ գիտեր, որ այդ ճանապարհին մենք ռեալ այլընտրանք չունենք»:

Նա նկատեց՝ երբ Գորիս-Կապան ճանապարհը Ադրբեջանը երկու օր փակել էր, այդ ընթացքում Շուռնուխը, Որոտանը և Բարձրավանը մնացել էին շրջափակման մեջ. «Միայն ռուս սահմանապահների միջնորդությամբ էր, որ մարդիկ ստանում էին իրենց անհրաժեշտ սնունդը կամ ինչ անհրաժեշտություն այդ պահին ունեին: Բանավոր երբ հանձնում էին, կանխատեսել էին, որ կարող է փակվել, բայց հաշվի չէին առել այդ մարդկանց ֆիզիկական անվտանգության ռիսկերը»:

Աննա Գրիգորյանը հավելեց. «Ինձ համար շատ վախենալու է այն խաղաղության դարաշրջանը, որ Փաշինյանն է ուրվագծում, որովհետև սա ոչ թե խաղաղության դարաշրջան է, այլ հերթական կապիտուլյացիա, միգուցե և մեր պետության վերջնական կապիտուլյացիան: Որովհետև այն նույն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Թուրքիայից դրական ազդակներ է ստանում, այդ նույն ժամանակահատվածում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են տեղի ունենում հենց Քաշաթաղի շրջանում: Դրական ազդակը թուրք-ադրբեջանական զորավարժություննե՞րն են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս