Մեծ խաղացողների փոքր բռնապետը

«Բելառուսի բնակիչը 1,5 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ Telegram-ում Լուկաշենկոյին վիրավորելու համար»։ «Սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանությունից ստացվել է գրություն, որ Հ․ Ավետիսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի ներքո կատարել է վիրավորանք պարունակող գրառում: Ձեռնարկվում են միջոցառումներ Հ․ Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ»:

Առաջին հայացքից իրար հետ որևէ աղերս չունեցող այս տեղեկություններն իրականում ունեն շատ մեծ ընդհանրություն՝ երկուսն էլ վկայություն են, համապատասխանաբար, Բելառուսում և Հայաստանում գործող և հաստատվող բռնատիրության մասին։

Նույնաբովանդակ այս տեղեկությունները, սակայն, ունեն նաև էսթետիկական տարբերություններ։ Մեր եվրասիական բարեկամ Բելառուսում իրեն վիրավորելու համար քաղաքացուն դատապարտում է արդարացիորեն «Եվրոպայի վերջին բռնապետի» կոչումը կրող Ալեքսանդր Լուկաշենկոն՝ առանց ավելորդ ձևականությունների ու ժողովրդավարության իմիտացիայի։ Մյուս դեպքում վիրավորական գրառման համար քաղաքացուն որոնում է ինքն իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած երկրի Ոստիկանությունը, որն իրականում ծառայում է «պողպատե մանդատ» ստացած վիրավորանքի հասցեատիրոջը։

Բովանդակային առումով որևէ տարբերություն չկա Լուկաշենկոյի երկարամյա ու Նիկոլ Փաշինյանի կողմից աննախադեպ տեմպերով հաստատվող բռնատիրության միջև, պարզապես վերջինը դեռ պահպանում է ժողովրդավարական ձևականությունները, որոնցից հրաժարվելն ընդամենը ժամանակի հարց է։ Բայց զարմանալիորեն Լուկաշենկոյին միանգամայն իրավացիորեն բռնապետ որակող արևմտյան երկրները, կազմակերպություններն ու նրանցից հովանավորվող տեղական քաղաքացիական հասարակությունը միանգամայն լուռ են Նիկոլ Փաշինյանի ակնհայտ բռնատիրական գործողությունների նկատմամբ։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում «ժողովրդավարական բռնատիրության» հաստատման շահառուն ոչ միայն եսասևեռում ունեցող Նիկոլ Փաշինյանն է, ոչ միայն եվրասիական տարածքում ավտորիտարիզմի ջատագով Ռուսաստանը, այլ նաև այդ փաստի առթիվ լեթարգիական լռություն պահպանող արևմտյան երկրներն ու կառույցները։

Նրանց բոլորին հայկական ավտորիտարիզմն անհրաժեշտ է ոչ թե նրա համար, որ դա կարող է Նիկոլ Փաշինյանի փխրուն անձը պաշտպանել վիրավորանքներից, այլ՝ որովհետև առաջիկայում, ինչպես Վլադիմիր Պուտինն էր ասել, սպասվում են «ցավոտ որոշումներ», որոնց ընդունմանը կարող է խանգարել նաև վիրավորանքների կամ իրերն իրենց անունները կոչելու միջոցով արտահայտվող հնարավոր հանրային դիմադրությունը։

Հայաստանում ու Հայաստանի շուրջ ընթանում են չափազանց բարդ ու բազմաշերտ աշխարհաքաղաքական գործընթացներ, ինչը նշանակում է, որ ներքին՝ անգամ ամենափոքր թվացող իրադարձությունները տեղավորվում են դրանց տրամաբանության շրջանակում։

Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանը թավշյա քայլերով բռնապետ է դառնում ոչ միայն սեփական ճաշակի ու նախասիրությունների հանգույն, այլ, որովհետև դա պետք է նաև Հայաստանն ընդգրկող աշխարհաքաղաքական խաղի մասնակիցներին։

Ինչ վերաբերում է նրա հասցեին վիրավորական գրառում կատարած քաղաքացուն, ապա նրա ճակատագրական սխալն այն է եղել, որ հայհոյել է ոչ թե ադրբեջաներեն, այլ հայերեն։

Չար լեզուներն ասում են, որ ադրբեջաներեն վիրավորանքների պարագայում հայտնի օրենքը չի գործում։

Հանրապետության հրապարակի թուրքական բեռնատարները՝ վկա։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս