Ինչքան դատարկագլուխ կա՝ հավաքում բերում են կառավարություն. Հրաչ Բերբերյան
«Արարատի դեպքերը մեզ շատ են հուզել, մենք խոսել ենք ֆերմերների հետ, ես դիմում եմ ոստիկանությանը՝ հայ ֆերմերների վրա ձեռք չբարձրացնեք: Դուք էլ եք գյուղացու տղա եղել, մեծամասնությունը գյուղերից են, և այսօր ձեռք բարձրացնել քրտինք թափող ժողովրդի վրա, առնվազն սրիկայություն է: Այդ մարդիկ իրենց աշխատանքով փորձում են իրենց ընտանիքը պահել, վարկերը փակել, և այսօր քաշքշել ֆերմերներին… սրիկաներ են դրանք առնվազն: Փոխանակ գյուղացու շահերը պաշտպանեն, պաշտպանում են թալանչիների շահերը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նա նշեց, որ Ագրարագյուղացիական միավորման ուսումնասիրություններով՝ Հայաստանում այս տարի, լավագույն դեպքում, մոտ 100.000 տոննա խաղող կա. «Դրա 15 տոկոսը սեղանի սորտերն է, որոնք թանկարժեք են: Լավագույն դեպքում կմթերվի 80 հազար տոննա խաղող: Ես համոզված եմ, որ վարչապետին խաբում են: Ես բազմիցս ասել եմ՝ պարոն վարչապետ, քեզ կից գյուղատնտեսության հանձնաժողով ստեղծի, մեկ է՝ քեզ խաբելու են: Շատ լավ հասկացա՝ Պապիկյանը գործարանում ինչ էր ասում, նշելով, թե եկել է՝ երկու կողմին էլ լսի: Բնականաբար, գործարանն իր շահերն է պաշտպանելու, թալանելու է գյուղացուն: Այսօր եվրոպական շուկայում իտալական 1 շիշ գինի արժե 1 եվրո, մեզ մոտ ի՞նչ արժե: 1 կգ խաղողից կարելի է պատրաստել 1 շիշ գինի, հետո ակցիզային ծախսեր, շշալցում, պիտակ, խցան, և դա լավագույն դեպքում կարժենա 400-500 դրամ: Խանութում գինին վաճառվում է 2000 դրամ. 400 տոկոս շահույթով են աշխատում գործարանները: Շատ կներեք, եթե Քերոբյանի հայտարարած 180 հազար տոննա խաղողը չեղավ, նախատեսված վարկը ո՞ւր է գնալու: Նույն սխեման է աշխատում՝ գյուղացու անվան տակ գործարանները ցուցակներով պետք է բաժանեն: Ո՞վ չի հասկանում, որ այդտեղ կարելի է գումար լվանալ»:
Հրաչ Բերբերյանի գնահատմամբ՝ խաղողը գյուղացուց պետք է մթերվի 300 դրամով, ոչ թե՝ 100. «Պատրաստ ենք նորմատիվներ մշակել, հաստատել, ու կտեսնեք՝ հաջորդ տարի ինչ հարթ կանցնի, և նաև կտեսնենք, թե ներկրվող սպիրտը ուր է գնացել: Հանձնաժողով ստեղծեք, թող այդ խնդիրը լուծվի: Նախարարը հայտարարում է, որ չեն կարող մտնել ֆերմերի և գործարանի առուծախի մեջ. ուրեմն՝ այդ դաշտը ստեղծիր, որ գյուղացին իր գործընկերոջ հետ հավասար աշխատի: Խաղողը վճարվում է ոչ թե միայն տոննայով, այլև՝ շաքարայնությամբ, որ գյուղացուն չխաբեն: Այսինքն՝ պարտադիր երկու ցուցանիշ պետք է լինի՝ տոննան և շաքարայնությունը»:
Նա նկատեց, որ խաղողի այգիներում ոռոգման խնդիր է եղել, ինչի հետևանքով էլ այս տարի բերքը քիչ է. «Մի կարգին մարդ որ բերեին, չէինք ունենա այդ ոռոգման խնդիրը: Ինչքան դատարկագլուխ կա՝ հավաքում բերում են կառավարություն: Մեզ պրոֆեսիոնալներ են պետք, ոչ թե զավզակ խոսողներ: Այդ կոմիտեի ղեկավարությանը ոչ թե պետք է ուրիշ պաշտոնի նշանակեին, այլ տանեին ուղղիչ աշխատանքային գաղութ: Էլ չեմ ասում՝ էն ջրամբարների պետերին, որ մինչև մայիսի 28-ը դեռ հէկ-եր էին աշխատում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում