Երկիրը կորցնում է մարդկային կապիտալը
Հայաստանից մեկնողների և ժամանողների տարբերությունն աղետալի է։ Պաշտոնական տվյալներով, տարվա առաջին կեսին ավելի քան 94.000 մարդ լքել է երկիրը։ Խոսքը բացառապես Հայաստանի քաղաքացիների մասին է։
Սա այն ցուցանիշն է, որը թույլ է տալիս պատկերացում կազմել միգրացիոն հոսքերի մասին։ Դատելով արձանագրված միտումներից՝ տեղի է ունենում ակտիվ արտագաղթը։ Մարդիկ գնում են ու չեն վերադառնում։
Փոքր բացառություններով՝ Հայաստանից միշտ էլ արտագաղթ եղել է։ Բայց այս տարի տեմպերը սարսափելի բարձր են։ Վեց ամսում երկրից գնացել է 287.000 քաղաքացի, վերադարձել է 193.000-ը։ Մեկնողներից յուրաքանչյուր երրորդը չի վերադարձել։
Սա վերջին 3 տարիների վատագույն ցուցանիշն է։ Եվ ոչ միայն վերջին 3 տարիների։ Արդեն երկար ժամանակ միգրացիոն հոսքերի այսպիսի տխուր պատկեր չենք ունեցել։
2018թ. առաջին կեսին, երբ Հայաստանում տեղի էր ունենում իշխանափոխություն, և մարդիկ մեծ հույսեր էին կապում դրա հետ, մեկնողների ու վերադարձողների բացասական տարբերությունը 50.000 էր։ Մեկ տարի հետո 44.000 էր։
Այս տարի դարձել է 94.000։
Այսինքն՝ 2019թ. նկատմամբ գնացողների թիվն ավելի քան կրկնապատկվել է։
Նախորդ տարվա ցուցանիշի հետ անիմաստ է անգամ համեմատություն անելը, որովհետ նախորդ տարվա առաջին կեսին ունեցանք նույնիսկ մեկնողների և ժամանողների դրական հաշվեկշիռ։ Բայց դա ոչ թե համատարած հայրենադարձության, այլ համավարակի և սահմանները փակ լինելու հետևանք էր։ Անցած տարի շատերը չկարողացան դուրս գալ երկրից, շատերն էլ ստիպված էին վերադառնալ Հայաստան, որովհետև համավարակի հետևանքով հայտնվել էին ծանր կացության առաջ։
Դեռ լավ է, որ ցամաքային ճանապարհները մասնակի են գործում, այլապես արտագաղթողների քանակը հիմա անհամեմատ ավելի մեծ կլիներ։ Շատերը պարզապես ի վիճակի չեն այդքան գումար վճարել օդային տրանսպորտով մեկնելու համար։ Նախկինում մարդիկ մեծամասամբ օգտվում էին ցամաքային ճանապարհներից։ Համավարակից հետո այն դադարեց գործել, հիմա էլ շարունակում է գտնվել պասիվ վիճակում։ Այնպես որ, միգրացիոն հիմնական հոսքերն այս տարի սպասարկում են գերազանցապես օդային փոխադրամիջոցները։
Դատելով այդ ճանապարհով գնացած-եկածների վիճակագրությունից, պատկերն այս տարի իսկապես կատաստրոֆիկ է։ Մեր երկիրը բախվել է արտագաղթի հերթական ալիքի հետ։
Այդ միտումը նկատվեց դեռևս տարվա սկզբին՝ որոշ երկրների հետ հաղորդակցության ուղիների վերաբացումից հետո։ Հետպատերազմյան շրջանում, երբ Հայաստանը ոչ միայն ծանր պարտություն կրեց, այլև հայտնվեց անվտանգության լրջագույն խնդիրների առաջ, շատերը սպասում էին սահմանների բացմանը, որպեսզի հեռանային երկրից։ Մի մասն էլ, ինչպես միշտ, գնում էր արտագնա աշխատանքի հույսով։ Հատկապես որ, անցած տարի զրկված էր եղել նման հնարավորությունից։
Փետրվարի 1-ից վերսկսվեց օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ, ու դա մեծ իրարանցում էր առաջացրել։ Անգամ ավիատոմսերի կրկնակի-եռակի թանկացմանը խոչընդոտ չեղավ դրա համար։
Փետրվարին երկրից գնացել է՝ 58.000, մարտին՝ 74.000 մարդ։ Փետրվարին գնացողների թիվը 26.000-ով ավելի էր, քան եկողներինը։ Մարտին տարբերությունը հասավ 42.000-ի։ Եվս 17.000-ով ավելի շատ մարդ գնաց, քան եկավ ապրիլին։
Հինգ ամսում գնացող-եկողների բացասական տարբերությունը կազմեց 78.000։
Բայց դա դեռ վերջը չէր։ Կիսամյակի արդյունքներով՝ այն հասավ 94.000-ի։ Շատերը հույսեր էին կապում ընտրությունների հետ՝ մտածելով, որ ընտրություններից հետո իրավիճակը երկրում ու երկրի սահմաններում քիչ թե շատ կկարգավորվի։ Բայց այդպես չեղավ։ Այն, ինչ կատարվում է հետընտրական Հայաստանում, ոչ մի կերպ չի նպաստում արտագաղթի տեմպերի զսպմանը։ Մի բան էլ իշխանություններն են յուղ լցնում դրա վրա։
Չնայած հասարակության որոշ շերտերի շրջանում ձևավորված սպասումներին՝ ընտրություններից հետո ոչ միայն լուծված չեն երկրի սահմանների անվտանգության հետ կապված խնդիրները, այլև մտահոգությունները գնալով խորանում են։ Ավելացել են սահմանային միջադեպերը։ Օր ու մեջ բախումներ են լինում, ու նոր զոհեր ենք ունենում։
Սահմանային լարվածությունը քիչ է, ընտրություններից հետո իշխանությունների համառ ջանքերով նոր որակ է ստացել ներքին թշնամանքը։ Սկսվել է քաղաքական հետապնդումների նոր փուլ։ Առանց իրավական հիմքերի՝ մարդկանց հարկադրում են ազատվել աշխատանքից, կիրառում են ճնշման տարբեր միջոցներ՝ քաղաքական հայացքների համար։
Այնտեղ ենք հասել, որ իշխանությունները բացեիբաց հայտարարում են պետական համակարգն իրենց կուսակցական շահերին ծառայեցնելու մասին։ Այստեղ տեղ չունեն բոլոր նրանք, ովքեր չեն կիսում իրենց գաղափարները։
Այսպիսի մոտեցումներով իշխանություններն ավելի են ծանրացնում ներքաղաքական, առանց այդ էլ, ծանր մթնոլորտը։ Քաղաքական ռեպրեսիաները երբեք էլ լավ բանի չեն հանգեցրել։ Դրանք խթանում են արտագաղթը։
Արտագաղթը խթանում են նաև հայտարարված եռամսյա զորահավաքները։ Այն նոր մտահոգություններ է առաջացրել հասարակության շրջանում։ Մարդիկ տեսնում են, որ Հայաստանն այլևս նախկին անվտանգ երկիրը չէ։ Հիմա Հայաստանում ապրելը մեծ ռիսկերի հետ է կապված։ Ընդ որում, ոչ միայն անվտանգության խնդիրների, այլև ապագայի անորոշությունների պատճառով։
Արտագաղթի խթանները նաև սոցիալական ու տնտեսական են, որոնք թեև միշտ էլ եղել են, բայց հիմա դրանց շատ ավելի լուրջ պատճառներ են ավելացել։ Մեր երկրում որոշակիություն չկա ինչպես ապագայի, այնպես էլ այս իշխանությունների գործողությունների հետ կապված։ Մարդիկ չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում 1 օր հետո, 1 ամիս հետո, 1 տարի հետո։ Այն քաղաքական սիրախաղը, որը Նիկոլ Փաշինյանը սկսել է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ոչ մի լավ բան չի խոստանում։ Շատերը մտահոգ են իրենց ու իրենց երեխաների վաղվա օրվա համար, և այդ մտահոգությունները ստիպում են նրանց՝ բռնել արտագաղթի ճանապարհը։
Թե մինչև ո՞ւր կարող է ձգվել այս պրոցեսը, դեռ պարզ չէ։ Բայց այն, ինչ արդեն կա ու տեսնում ենք, չի կարող չմտահոգել բոլոր նրանց, ովքեր մտածում են երկրի վաղվա օրվա մասին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ