«Պարոն Քերոբյան, եթե Դուք լինեիք խաղողագործի փոխարեն՝ կարո՞ղ էիք ինքնարժեքով վաճառել՝ ընտանիք պահել». Արտակ Սարգսյան
«Եթե ամեն ինչ լավ է, ո՞ւմ է այսօր հաճելի, որ գնա՝ փողոցում ակցիա անի կամ երթևեկությանը խոչընդոտի, իր կյանքն էլ վտանգի: Ստիպված է, դա վերջին քայլն է, որին մարդը գնում է, որպեսզի մեր հարգարժան չինովնիկները հասկանան, որ խաղողագործը օդով չի կարող ապրել: Խաղողագործը քրտնում՝ ստեղծում է բարիք, բարի եղեք՝ պայմաններ ստեղծեք, որ մարդը կարողանա իր աճեցրած խաղողը վաճառել: Հոր խերի փող չի ուզում խաղողագործը. Ուզում է իր աշխատած քրտինքը վաճառել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:
«Խաղողագործին ի՞նչ ենք առաջարկում: Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ գնային քաղաքականությանը չենք միջամտելու: Չմիջամտելով՝ վերամշակող ձեռնարկությունն էլ իր հնարավորության սահմաններում առաջարկում է ցածր գին կամ ինքնարժեքով գին: Հարգելի պարոն Քերոբյան, եթե Դուք լինեիք խաղողագործի փոխարեն՝ կարո՞ղ էիք ինքնարժեքով ապրանքը վաճառել՝ ընտանիք պահել, կամ ինքնարժեքից ցածր գնով ստիպված խաղողը տալ: Մարդուն առաջարկում եք՝ 180 օր հետո նոր գումարի վճարում, բա էդ մարդը օդո՞վ է ապրելու, էդ մարդու երեխեն ի՞նչ պետք է ուտի, ուսման վարձը որտեղի՞ց պետք է տա, դեմը ձմեռ է, վառելիքի հարցը ո՞նց պետք է լուծի, վարկերը ո՞նց պետք է մարի, իր առողջության խնդիրների համար ո՞ւմ դիմի, առանց վճարելու՝ իրեն ո՞վ բուժօգնություն ցույց կտա: Հասկանո՞ւմ եք՝ ինչ խնդիրներ կան: Հետո ասում են՝ մենք իրավունք չունենք մտնել գյուղացու և վերամշակողի միջև, գնային քաղաքականությանը միջամտել. Մի՛ միջամտեք, տեսնենք՝ էսպես շարունակվելով՝ ո՞ւր է հասնելու»,- ընդգծեց նա:
Արտակ Սարգսյանի խոսքով՝ պետությունը պետք է աջակցի խաղողագործին. «Ոչ թե խաղողագործը հայտնվի անելանելի վիճակում, իսկ ակցիաների դեպքում հարձակվեն այդ մարդկանց վրա: Այս մշակույթը պետք է փոխվի, որ խաղողագործը կարողանա իր գործով զբաղվել: Գյուղերում, որ ազգաբնակչությունը կա, որ մարդիկ կան, դպրոցներ կան, գյուղացիների, խաղողագործների՝ իրենց հայրենիքը սիրելու, իրենց բնօրրանում ապրելու ցանկությունն է: Այսօր պետք է, ինչով հնարավոր է՝ մարդուն աջակցենք, որ այդ գյուղերը չդատարկվեն: Ձեզանից ոչինչ չենք ուզում, հարգելի պետություն, դուք տվեք մեզ ոռոգման ջուր, տվեք հնարավորություն, որպեսզի մենք կարողանանք վերամշակող ձեռնարկությունների հետ կնքենք իրավական ուժող փոխշահավետ պայմանագիր և ապրենք, սա է խաղողագործի խնդիրների խնդիրը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում