Կոսոբոկովի թեկնածությունը Կրեմլը  չի՞ քննարկել Բաքվի հետ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ուրբաթ օրը հանդիպել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, որն ավարտել է իր ծառայությունը՝ որպես Արցախում ժամանակավոր տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար:

Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, Մուրադովը պաշտպանության նախարարին է ներկայացրել ռուսական խաղաղապահ զորախմբի նորանշանակ հրամանատար գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ի տարբերություն Երևանի՝ Մուրադովին և Կոսոբոկովին Բաքվում «սառն» են ընդունել: Ընդ որում, այս հանդիպումից անգամ պաշտոնական լուսանկար ադրբեջանական կողմը չի հրապարակել:

«Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ակնարկել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի նշանակումը ՌԴ-ից մեսիջ էր՝ ուղղված Ադրբեջանին՝ հաշվի առնելով, որ ռուս գեներալը զբաղեցրել է 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը, և հատկապես եղել է Աբխազիայում ռուսական ռազմական բազայի հրամանատարը։ Իսկ Աբխազիան, ինչպես հիշեցնում է քաղաքագետը, Ադրբեջանը ճանաչել է՝ որպես Վրաստանի տարածք:

Ըստ այդմ՝ Շահինօղլուն ենթադրում է, որ Կոսոբոկովի թեկնածությունը Կրեմլն ադրբեջանական կողմի հետ չի քննարկել: Ասել կուզեն՝ Կրեմլը նախապատվությունը տվել է ոչ թե տարածքային ամբողջականության, այլ ազգերի ինքնորոշման սկզբունքին։

Շահինօղլուն կասկածի տակ է դրել Արցախում ռուս խաղաղապահների թվաքանակը, որոր իբր այն գերազանցում է նոյեմբերյան եռակողմ հայտարարության մեջ նշված թիվը:

Նշենք, որ 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ «Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա»:

«Եթե իրականում ռուս խաղաղապահների թիվը Ղարաբաղում գերազանցում է 1960-ը, սա նշանակում է՝ 2020-ի նոյեմբերին ստորագրված փաստաթղթի պահանջների խախտում: Եթե այն խախտում է ՌԴ-ն, Հայաստանը՝ Ղարաբաղ ուղարկելով ռազմատեխնիկա, այդ դեպքում ինչո՞ւ պետք է մենք այդ համաձայնագրի պայմաններին հետևենք: Իրավիճակի նման դասավորության դեպքում մեր հիմնական խնդիրը Թուրքիայի հետ համատեղ Լաչինի միջանցքի վրա վերահսկողության սահմանումն է և հայ-ադրբեջանական պետական սահմանին պետական սահմանապահ ծառայության զինծառայողների տեղակայումը»,- minval.az-ի հետ զրույցում շեշտել է քաղաքագետը:

Լաչինի միջանցքի հարցն ադրբեջանական կողմն առաջին անգամ չի խաղարկում՝ կախված պահի թելադրանքից, թե ինչի դիմաց:

Ավելի վաղ 168.am-ը թեմային անդրադառնալով՝ գրել էր, որ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ակնարկել էր, որ եթե հայկական կողմը շարունակի Զանգեզուրի միջանցքի բացման անհնարինության մասին հայտարարությունները, ապա Ադրբեջանը և Ռուսաստանը գաղտնի ու բաց խորհրդակցություններ կանցկացնեն Հայաստանի՝ եռակողմ հայտարարության պահանջները չկատարելու թեմայով:

«Չի բացառվում, որ մենք ևս կհրաժարվենք այդ փաստաթղթով սահմանված որոշ պարտականություններից: Օրինակ, «պոստեր» կտեղակայենք Լաչինի միջանցքում և այնտեղ կգործենք սեփական հայեցողությամբ: Այսինքն, եթե դու հրաժարվում ես համաձայնագրից, պատրաստ եղիր դրան համարժեք պատասխան քայլի»,- նշել էր Զուլֆուգարովը:

Ի դեպ, վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը նույնիսկ գրել էր, որ Լաչինի միջանցքի վրա վերահսկողությանը հասնելն Ադրբեջանի կողմից ռուս խաղաղապահների մանդատը հաստատելու պահանջներից մեկն է, որի մասին, սակայն, պաշտոնապես չի հայտարարվում:

Տեսանյութեր

Լրահոս