«Ոչ ոք ինձ փորձարկման օբյեկտ դարձնելու իրավունք չունի», «Ավելի ճիշտ է պատվաստվելը». հարցում Քովիդի դեմ պատվաստման մասին

Առողջապահության նախարարի հրամանով՝ հոկտեմբերի 1-ից պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ:

Պատվաստումն անվճար է, իսկ ՊՇՌ թեստի համար, որն արժե 15.000 դրամ, աշխատողը պետք է վճարի սեփական գրպանից: Բոլոր տնտեսվարողները պետք է վարեն գրանցամատյաններ, որում կնշվի աշխատակիցների պաստվաստված լինել-չլինելու, ՊՇՌ թեստ ներկայացրած լինել-չլինելու, կամ պատվաստվելու հակացուցումների մասին տեղեկություններ: Աշխատակցի չպատվաստվելու կամ ՊՇՌ թեստ չհանձնելու դեպքում գործատուն պարտավորվելու է վճարել տուգանք: 

168.am-ի նկարահանող խումբն այսօր Արաբկիր վարչական շրջանում անցկացրած հարցման ընթացքում փորձեց լսել քաղաքացիների վերաբերմունքը առողջապահության նախարարի հրամանի վերաբերյալ: Հարցման ընթացքում մեզ հանդիպած քաղաքացիների ընդամենը 10%-ը պատրաստակամություն հայտնեց պատասխանել մեր հարցերին: Նրանց մեծամասնությունն այն դիրքորոշմանն էր, որ պատվաստումը չպետք է պարտադրվի քաղաքացիներին:

Հարցին, թե ինչպես են վերաբերվում նախարարի հրամանին, որի համաձայն՝ աշխատակիցները կա՛մ պետք է գործատուներին ներկայացնեն Քովիդի դեմ պատվաստման տեղեկանք, կա՛մ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ՝ բացասական արդյունքով, հարցվածները տարբեր, երբեմն՝ միմյանց հակասող պատասխաններ էին տալիս.

«Պիտի պատվաստվել: Եթե ամբողջ աշխարհը դա ընդունել է, մենք էլ կարող ենք ընդունել»:

«Չեմ վերաբերվում»:

«Բացասական: Ես պատվաստվել եմ, ուղղակի պարտադրել պետք չի, ինձ այդպես է թվում»:

«Գիտե՞ք ինչ, ես ինքս պատվաստվել եմ և գտնում եմ, որ դա ճիշտ է, պիտի պատվաստվել»:

«Նորմալ: Ես վիրահատության ենթակա եմ, հիմա դեռ չեմ պատվաստվում: Ոնց բժիշկները կորոշեն, այն ժամանակ էլ ես կպատվաստվեմ»:

«Շատ բացասական: Ի՞նչ է նշանակում՝ աշխատողը իր միջոցներից, աշխատած այն շատ նվազագույն աշխատավարձից 15 օրը մեկ վճարի 10-12 հազար դրամ: Հնարավոր է՝ պետությունն ինքը կա՛մ ֆինանսավորի, կա՛մ ինչ-որ կերպ կարգավորի այդ հարցը: Բնական է՝ կա վիրուսը, խնդիրներ կան, բայց այդ կերպ չի լուծվում այդ հարցը: Իսկ եթե ասում են, որ պատվաստումը նորից բերում է հիվանդության, եթե պատվաստվում են ու նորից հիվանդանում են, այդ հարցը ո՞նց է լուծվում: Ես ունեմ իմ իրավունքները, կպատվաստվեմ, կհիվանդանամ, դա իմ իրավունքն է:

Ես չեմ աշխատում, ախատելու դեպքում էլ երևի այս հարցը կկարգավորվի, այսպես չի մնա: Դեռ ժամանակ կա: Հույսով լինենք, որ այդ հարցն այդպես չի մնա»:

«Շատ բացասական, որովհետև ես գտնում եմ՝ դա անիմաստ է, իրականում, որովհետև դա (պատվաստումը.- Ա.Հ.) չի օգնում: Նախ՝ չկա այնպիսի համոզվածություն, որ դա կփրկի: Իրականում անիմաստ պատվաստում է դա: Չես կարող ասել, դու նույնպես կարող ես հիվանդանալ և վիրուսակիր լինես, որովհետև շտամն ամեն անգամ փոխվում է: Դա ես ասում եմ՝ որպես մասնագետ: Իրականում ես բժշկական ոլորտում եմ աշխատում և շատ լավ պատկերացնում եմ՝ ինչ է դա նշանակում: Դա նշանակում է՝ մարդկանց իմուն համակարգը թուլացնել: Ոչ մի ուրիշ բան…

Պետք է անվճար լինի թեստը, որովհետև մարդիկ, մանավանդ բժշկական ոլորտի աշխատողները, մանկավարժները, ինչպե՞ս կարող են ամեն ամիս 30.000 տալ, դա անիմաստ է: Անվճար եթե անեն, այո, համաձայն եմ, թող բոլորն էլ ստուգվեն, որպեսզի իրականում վստահ լինենք, որ ոչ մի վիրուս չկա: Ես չեմ պատվաստվելու, միանշանակ, քանի որ դա վնասում է օրգանիզմին, դա թուլացնում է իմուն-համակարգը: Ասում են, որ ուժեղացնում է, դա սուտ է: Որպես մասնագետ՝ կարող եմ ասել, որ դա իմուն-համակարգը թուլացնելու է: Թեստը կհանձնեմ, եթե անվճար լինի»:

«Ավելի լավ է պատվաստվի: Ես պատվաստված եմ»:

«Ավելի ճիշտ է պատվաստվելը: Երկու անգամ արել եմ ես ու շատ գոհ եմ»:

«Պատրաստվում եմ պատվաստվել: Հարկավոր է պատվաստվել, որպեսզի անվտանգ լինենք»:

«Իմ կարծիքով՝ պատվաստումը մի քիչ վտանգավոր է: Գիտեք՝ ինչ, ովքեր որ արդեն հիվանդացել են, նրանց համար ոչ մի բան պետք չի, իմ կարծիքով, ուղղակի պետք է հակամարմինները ստուգել, եթե նորմալ վիճակում է, պետք է այդ թուղթը ներկայացնել… Ինչ որ ասեցի, իմ կարծիքով, պետք է նախարարությունը նկատի ունենա, պետք է անպայման դրա մասին մտածեն»:

«Ես կարծում եմ՝ շատ ճիշտ է, կա՛մ պետք է պատվաստվեն, կա՛մ թեստ հանձնեն»:

«Ես արդեն պատվաստվել եմ, իսկ այդ հրամանին ես բացասական եմ վերաբերվում, որովհետև իրավունքների խախտում է: Ոչ ոք իրավունք չունի ինձ ինչ-որ մի բան պարտադրելու»:

«Բացասական: Դա մարդու սահմանադրական իրավունքի խախտում է, այսինքն՝ հիմնարար իրավունքի: Ոչ ոք ինձ փորձարկման օբյեկտ դարձնելու իրավունք չունի: Նաև ես դա թույլ չեմ տա: Գոյություն ունի նաև Նյուրնբերգյան օրենսգիրք, 47 թվին ընդունված, Հելսինկյան հռչակագիր: Այդ բոլորով դա արգելված է»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը՝ նշելով, որ չի պատրաստվում 14 օրը մեկ թեստ հանձնել, ապա հարցին՝ եթե այդ դեպքում գործատուն նրան աշխատանքից հեռացնի, ի՞նչ է պատրաստվում անել, պատասխանեց.

«Ես կգրեմ, որ ես դիմում չեմ գրում, նա կգրի դիմում՝ այդ պատճառով, ես կդիմեմ դատարան: Մինչև դատական պրոցեսը կավարտվի, ես կստանամ մոտ երկու տարվա միջին աշխատավարձ: Եթե այդ գործատուն այդքան մտածելու խնդիր չունի, չեմ աշխատի, բայց կստանամ: Իսկ դա ձեռնտո՞ւ է մեր տնտեսությանը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս