Արցախի կարգավիճակի շուրջ ռուս-ադրբեջանական լարվածությունը խորանում է

44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն է նկատվում Արցախի կարգավիճակի հարցի շուրջ առկա տարաձայնությունների պատճառով:

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևն ակնարկել է, որ չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ ռուսական կողմի հետ Արցախում ռուս խաղաղապահների մանդատի շուրջ:

Զուգահեռաբար՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ ԱԳՆ-ին բողոքի նոտա է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպման կիրառության համար, որ եղել էր ՌԴ ՊՆ գնումների վերաբերյալ փաստաթղթերից մեկում:

Հիքմեթ Հաջիևը BBC-ին տված հարցազրույցում նշել է, որ ռուսական կողմի հետ քննարկվում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների մանդատի հետ կապված լրացուցիչ իրավական մեխանիզմներ:

Նա նշել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունն ու գործողություններն իրականացվում են 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները:

Հաջիևի խոսքով՝ նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագիրը սահմանել է «քաղաքական և, որոշ չափով՝ իրավական դաշտ» խաղաղապահ ուժերի համար:

«Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերին և լրացուցիչ իրավական մեխանիզմներին, ապա կողմերի միջև եղել են առաջնային շփումներ այդ հարցի շուրջ, և որոշակի բանավեճեր դեռևս շարունակվում են»,- ասել է Հաջիևը:

Ըստ նրա՝ ամբողջ Ղարաբաղն Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Իսկ Ադրբեջանի բողոքի նոտան Ռուսաստանին պայմանավորված է այդ երկրի կառավարության միասնական տեղեկատվական համակարգում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպման կիրառության հետ, որ եղել էր ՌԴ ՊՆ գնումների վերաբերյալ փաստաթղթերից մեկում: Ադրբեջանը հայտարարել է, թե դա չի բխում երկու երկրների բարեկամության և գործակցության ոգուց:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ պատերազմից հետո հակամարտության կարգավորման շուրջ աշխատանքի ընթացքում խնդիրները ջրի երես են դուրս գալիս:

Նրա խոսքով՝ խնդիրներն Ադրբեջանի հավակնություններն են ԼՂ տարածքի մյուս հատվածի նկատմամբ, որը մնացել է խաղաղապահների վերահսկողության ներքո: Նա նշեց, որ Ադրբեջանի հավականությունները պատերազմի հետևանքով ստացված տարածքներով չեն սահմանափակվում:

Սկակովի խոսքով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը ցանկանում է մյուս հարցերում Ռուսաստանի հետ պայմանավորվել, ինչը չի հաջողվում, և քիչ հավանական է, որ հաջողվի:

«Նախ անհասկանալի է՝ եթե կա եռակողմ համաձայնություն, որից հետո խաղաղապահները տեղակայվել են, ինչո՞ւ Ադրբեջանը համապատասխան մանդատի թուլտվությունը չի տալիս, սա արդեն իսկ ինչ-որ իմաստով եռակողմ պայմանավորվածությունների խախտում է, որովհետև խաղաղապահները տեղակայվել են նաև Ադրբեջանի թույլտվությամբ»,- հստակեցրեց Ալեքսանդր Սկակովը:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանը կարգավորման բոլոր բաղադրիչների վրա տարածում է իր միակողմանի շահերը:

«Եվ կարծում եմ՝ բողոքի նոտայի նյութը, այսինքն՝ ռուսական կողմի ԼՂՀ կիրառությունը բացարձակ պատահական չէր և ուղիղ կապ ուներ հենց այս խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ: Ըստ էության ներգրավված բոլոր խաղացողների համար գոյություն ունի ԼՂ կարգավիճակի հարց՝ գուցե ոչ այս պահին լուծման ենթակա, սակայն չկարգավորված հարց, որը պետք է լուծվի, իսկ Ադրբեջանի համար չկա այդ հարցը, քանի որ դա Ադրբեջանի տարածք է: Գիտենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ևս, թեև թուլացած, վերականգնվելու դեպքում աշխատելու է այս հարցի ուղղությամբ: Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ԱԳ նախարարները շարունակում են իրենց ուղերձներում հղում կատարել կարգավորման անհրաժեշտության վրա՝ ժամանակ առ ժամանակ նաև խոսելով կարգավիճակի մասին:

Պատահական չէ նաև, որ Հայաստան և Ադրբեջան այցեր կատարեց նորանշանակ ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահը, ինչն ուղերձ է այն մասին, որ ՄԽ-ի էջը լիովին փակված չէ»,- ասաց Ալեքսանդր Սկակովը:

Վերջինիս կարծիքով՝ պատերազմի դադարեցումից հետո անմիջապես կանխատեսելի էր, որ խաղաղապահների մանդատը կարող է մեծ պատմություն դառնալ ռուսական կողմի համար:

«Կարծում եմ՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի, Հայաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններով կարող է փորձել մասամբ լուծել այս հարցը: Չի բացառվում, որ Ռուսաստանը պատրաստ է նաև դրամատիկ և անպասելի լուծումների խաղաղապահների մասով, չէր բացառվում նաև, որ այս հարցը քննարկման դրվի միջազգային հարթակներում: Բարդ խաղ է ընթանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ, հարաբերությունների բարդ համակարգ է գործում և, ինչպես երևում է, այս հարցում կոնսենսուսի հասնելը գրեթե բացառված է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս