«Երկնքում ճախրող Ալիևը կարող է հանկարծ հայտնվել գետնին». ռազմական փորձագետ

Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Արցախի Հանրապետության Վարանդա քաղաքում Բաքվից առաջին ինքնաթիռներն են վարէջք կատարել։ Ադրբեջանի նախագահը դեռևս հունվարին էր այցելել օկուպացված Վարանդա և դրել օդանավակայան կառուցելու հիմքը։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Վարանդայում օդանավակայան բացելուն և դրան առնչվող վտանգներին, նկատեց՝ իրականում այն այդքան էլ օդանավակայան չէ, այն ասֆալտապատ տարածք է, և չի կարելի ասել, որ միջազգային ստանդարտներին համապատասխան օդանավակայան է։

«Միաժամանակ այն բավականին հետաքրքիր է, որովհետև Ալիևն առաջինն արեց այն, ինչն իրենից, օրինակ, պահանջում էին միջազգային հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները։ Այսինքն՝ գաղտնի պահանջ ունեին, որպեսզի Ադրբեջանի օկուպացրած տարածքներում առկա հանքավայրերը հանձնվեն միջազգային կազմակերպություններին։ Սա արդեն խոսում է այն մասին, որ Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը, և այդ օդանավակայանը միանշանակ օգտագործվելու է  հենց այդ նպատակով։ Չեմ կարծում, որ այդ օդանավակայանի բացմամբ Ադրբեջանը փորձելու է բնակեցնել գրավյալ բոլոր տարածքները։ Ընդհանուր առմամբ պետք է նաև խոստովանենք, որ Ադրբեջանը բավականին հետաքրքիր ասֆալտապատման աշխատանքներ է սկսել օկուպացրած տարածքներում, այդ «հաղթանակի» կոչված ճանապարհի կառուցումն է արագ տեմպերով առաջ տանում։ Տպավորություն է, որ Ադրբեջանը փորձում է ամբողջ աշխարհին ցույց տալ, թե օկուպացրած տարածքներում տեր ու տիրական է, ներդրողներ է բերում»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։

Հարցին, թե ի հակադրություն այս ամենի՝ ի՞նչ է անում հայկական կողմը, Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց՝ կարծես թե ոչինչ չի անում։ Այդ ամենի վառ ապացույցն այն է, որ երբ թշնամու կողմից փակվեց Գորիս-Կապան ճանապարհը, հայկական կողմը հայտնվեց խնդրի առաջ, նույնիսկ հարևան Իրանից եկած բեռնատարները չկարողացան անցնել։

«Ի հակադրություն Ադրբեջանի, մենք ոչինչ չենք արել, այսինքն՝ մեր ամբողջ հայացքը ուղղել ենք դեպի բանակ և փորձում ենք ինչ-որ բաներ անել, բայց այստեղ ևս խնդրահարույց բաներ եմ տեսնում, որովհետև հարցը միայն բարեփոխումներ կատարելը չէ, այլև այն, որ նոր ռազմավարական գործընկերներ պետք է փնտրենք։ Մինչդեռ մենք մեկ ռազմավարական գործընկերոջ հետ ենք ուզում գնալ և որևէ մեկի հետ չհամագործակցել, ինչը սխալ է»,- հավելեց ռազմական փորձագետը։

Անդրադառնալով սահմանազատմանն ու սահմանագծմանը, որի վերաբերյալ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս ասել էր, որ Հայաստանը պատրաստ է դրան և սպասում է Ադրբեջանի արձագանքին, Կարեն Հովհաննիսյանը շեշտեց՝ իրականում սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանի շահերից է բխում, բայց եթե սահմանազատում ու սահմանագծում տեղի ունենա առանց Արցախի խնդրի մասին խոսելու, ապա դա կլինի դավաճանություն։

«Եթե մեջտեղ ենք բերում Արցախի հարցը, այսինքն՝ սահմանազատում ու սահմանագծում ասելով՝ չենք ճանաչում Ադրբեջանի ենթադրյալ «տարածքային ամբողջականությունը» Արցախով, այդ դեպքում դա բխում է ՀՀ շահերից։ Միևնույն ժամանակ Ադրբեջանն ինքը չի ուզում գնալ սահմանազատման ու սահմանագծման և ամեն ինչ այսօր անում է դրան չգնալու համար, որովհետև տվյալ դեպքում բավականին վատ վիճակում է  հայտնվում տարածքային առումով հենց կոնկրետ Տավուշի մարզում՝ Բերդի տարածաշրջանում, և երկնքում ճախրող Ալիևը կարող է հանկարծ հայտնվել գետնին, որովհետև այնտեղ բնակավայրեր կան, որոնք կիսվելու են։ Օրինակ, ինչպես Շուռնուխն է կիսվել երկու մասի, այնպես էլ այդ բնակավայրերը կարող են կիսվել»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս