«Ամեն բան իր ժամանակն ունի»
Երբեմն մեր կյանքի հատուկ ժամանակներում սպասում ենք, թե հենց մեր պլանավորած, կանխատեսած պահին պիտի լինի նոր իրադարձություն, փոփոխություն կամ պետք է մեզ այցելի մեր պատկերացրած հաջողությունը: Չենք հասկանում, սակայն, որ միշտ չէ, որ մեր պլանավորածով պիտի ընթանա մեր կյանքը և միշտ չէ, որ կարող ենք հասկանալ՝ երբ է ճիշտ ժամանակը, երբ է մեզ իսկապես անհրաժեշտ տվյալ փոփոխությունը: Ճիշտ ժամանակը միայն գիտի Աստված:
Ժողովող գրքում էլ հաստատվում է այս ճշմարտությունը հետևյալ տողերով. «Ամեն բանի ժամանակը կա, և աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը. ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը, տնկելու ժամանակը և տնկածը հանելու ժամանակը, սպանելու ժամանակը և բժշկելու ժամանակը, քանդելու ժամանակը և շինելու ժամանակը, լալու ժամանակը և ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը և պարելու ժամանակը, քարեր կտրելու ժամանակը և քարերը հավաքելու ժամանակը, գրկելու ժամանակը և գրկից հեռանալու ժամանակը, փնտրելու ժամանակը և կորցնելու ժամանակը, պահելու ժամանակը և դուրս նետելու ժամանակը, պատռելու ժամանակը և կարկատելու ժամանակը, լռելու ժամանակը և խոսելու ժամանակը, սիրելու ժամանակը և ատելու ժամանակը, պատերազմի ժամանակը և խաղաղության ժամանակը» (Ժողով. 3:1-8):
Այժմ էլ, եթե ցանկանում ենք որ հենց տվյալ պահին մեզ հետ տեղի ունենա որևէ իրադարձություն, որը, սակայն, հապաղում է, գիտակցենք, որ այն չի կատարվում մի պարզ պատճառով՝ դեռ ժամանակը չէ: Մեր մեջ սերմանենք այն գիտակցումը, որ իրական ժամանակը որոշողը մենք չենք, սակայն պատասխանատվություն և քաջություն պիտի ունենանք, որպեսզի բաց ճակատով ընդունենք մեզ բաժին հասածը ճիշտ ժամանակին՝ լինի դա պարգև, թե դժվարություն: Ընդունելով այն, ինչ տրված է մեզ, համարենք, որ այժմ հենց դրա՛ ժամանակն է և ոչ թե մեկ այլ բանի: Վստահ լինենք, որ «ամեն բան իր ժամանակն ունի», և մեզ բաժին հասածի ժամանակը հենց հիմա է: