Բաժիններ՝

ՀԿ-ները ոնց որ ձևի համար լինեն. հարցը միայն բողոքելով ու գոռալով չի լուծվում. Քաղաքաշինության դոկտոր

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) աշխատակիցները հաստատության տարածքում բնակելի շենքի կառուցումն արգելելու համար մի շարք նամակներ են հղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններին, սակայն ստացել են անորոշ պատասխաններ և ստիպված դիմել են ՀՀ վարչապետին:

Նմանատիպ իրավիճակում են նաև Երևանի «Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասի բնակիչները: Երկու շաբաթ է՝ նրանք շարունակում են պահանջել դադարեցնել գիտավանի տարածքում 12 հարկանի բնակելի շենքի շինարարությունը:

«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը կարծում է, որ մասնագետների համատեղ ու ճիշտ աշխատելու դեպքում այս երկու խնդիրները հնարավոր է լուծել:

«Ակտիվիստները մինչև վերջ չեն գնում: Այդ հասարակական կազմակերպությունները ոնց որ ձևի համար լինեն: Հարցը միայն բողոքելով ու գոռալով չի լուծվում: Մասնագետները պետք է փաստարկված խոսեն: Խնդիրն այն է, որ հասարակական կազմակերպությունները նաև նորմալ մասնագետներ չունեն: Բնակիչները, գիտաշխատողները պետք է գտնեն մասնագետների, ովքեր լինելով առաջին գծում՝ կկարողանան մասնագիտական հարվածն իրենց վրա կրել ու ասել, որ այս կամ այն կետերի համաձայն՝ դուք ճիշտ չեք: Հետևողական պետք է լինեն ու հաջողություն կարող են ունենալ, ոչ թե ճանապարհի կեսից հետ կանգնեն: ՀԿ-ներն ի՞նչ արեցին, ասենք, Աֆրիկյանների կամ Արամի 30 հասցեում գտնվող շենքերի դեպքում. կիսատ-պռատ պայքարեցին, հետո Աֆրիկյանների դեպքում տեսան, որ անզոր են, գնացին մոմեր դրեցին պատերին. դա ի՞նչ բան էր»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիամ Խաչատրյանը:

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Ոլորտի մասնագետներից բացի, պետք է ներգրավեն իրավաբանների, առանց նրանց հնարավոր չէ: Այսինքն, իրավաբանները պետք է աշխատեն բանիմաց ճարտարապետների ու քաղաքաշինարարների հետ, որովհետև մենք, օրինակ, քաղաքաշինության ոլորտում մասնագիտացած իրավաբաններ չունենք»:

Հավելենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ անդրադարձել էր «Ֆիզգորոդոկ»-ի խնդրին և գրել էր, որ հողը սեփականաշնորհվել է 2004 թվականին, Երևանի քաղաքապետարանն իրավական հնարավորություն և լիազորություն չունի չեղարկելու սեփականաշնորհման որոշումը: Այդ տարածքում արդեն տրված է եղել 12 հարկանի շենքի շինթույլտվություն 2007 և 2012 թվականներին: 2019-ին քաղաքապետարանը մերժել է նախկին շինթույլտվության երկարացումը և պահանջել կառուցապատողից՝ նորից անցնել բոլոր փորձաքննությունները: ԿԳՄՍ-ն 2021-ի փետրվարին հայտնել է, որ ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը՝ որպես նորահայտ հուշարձան, այնուհետև, 2021-ի մայիսին, հանել Ալիխանյան 6/1-ի հողակտորն այդ տարածքից: 2021-ի հուլիսին քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն: Քաղաքապետարանը պարտավոր է տալ շինթույլտվություն, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին, և տարածքն ընդգրկված չէ հուշարձանների ցանկում:

Իսկ ՕԴՔԳՏԿ-ի հետ կապված՝ ԿԳՄՍ նախարարությունից պատասխանել են, որ շինարարական աշխատանքների թույլտվությունը, դրանց նպատակահարմարությունը և քաղաքաշինական ու անվտանգության նորմերի պահպանման հետ կապված հարցերը դուրս են ԿԳՄՍ նախարարության լիազորության շրջանակից: Նամակում, սակայն, նշված է, որ նախարարությունն արժևորում է ՀՀ-ում գիտական կազմակերպությունների բնականոն և արդյունավետ գործունեությունը:

ԲՏԱ-ից էլ արձագանքել են՝ նշելով, որ հարցի կարգավորումը դուրս է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրավասության շրջանակից:

«Աշխատակազմը հանդիպել է ԿԳՄՍ նախարարի հետ, սակայն կոնկրետ արդյունք չի եղել, ուստի որոշեցի նամակ գրել ՀՀ վարչապետին: Հույս ունենք, որ պատասխան նամակով որևէ բան փոխված կլինի կամ կփոխվի: Մենք ունենք ամենամեծ գիտական հաստատությունը Հայաստանում, սակայն գիտական կենտրոնի հենց կենտրոնում սարքում են մի շինություն, որը որևէ կապ չունի գիտության հետ: Սա ոչ նորմալ երևույթ է: Այդպես լինի՝ կարող են Կարապի լճի տեղում շենք սարքել, Հանրապետության հրապարակում՝ ևս: Ցանկացողներ շատ կլինեն, ինչո՞ւ ոչ: Ասում են՝ 8-10 ջրամբար են սարքելու Հայաստանում: Սա պատրաստի ջրամբար է, սակայն ստացվում է՝ պատրաստի ջրամբարը փակում են: Բետոն են լցնում, որ ի՞նչ: Ամեն դեպքում հիմա սպասում ենք ՀՀ վարչապետի պատասխանին, որից հետո կորոշենք՝ ինչ կարող ենք անել»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր ՕԴՔԳՏԿ տնօրեն Արթուր Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս