Թուրք հոդվածագիրն անդրադարձել է քոնիացի հայ վարպետ Հայկի պատմությանը
Թուրքական «Yenimeram» կայքի սյունակագիր Յաշար Բարըշըքը, որը Թուրքիայի Քոնիա քաղաքի Ֆերիթ Փաշա վարչական շրջանի ղեկավարն է, իր սյունակում անդրադարձել է հին Քոնիայի հայ բնակիչներից մեկին՝ «Հացագործ Հայկին»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սյունակագիրը գրել է, որ 1910թ․ Քոնիայում ծնված հայ քրիստոնյա Էքմեքչի (հացագործ) Հայկ (Ֆայըք) Բուղդայջըգիլը Քոնիայի լավագույն հացագործ վարպետներից մեկն է եղել, որն իր ձիակառքով ամեն օր հարևան թաղամասերին է հասցրել թխված հացը։ Հացագործ Հայկի փուռը Քոնիայում առաջինն է եղել և այն բացվել է 1927թ․:
Հոդվածում հացագործ Հայկը ներկայացված է որպես իր գործի նվիրյալ և Քոնիայի պատմության մի մասնիկ։ Հեղինակը ուշադրություն է հրավիրել Հայկի կյանքի այն դրվագին, որ նա երբեք իր հաճախորդների պարտագրքում չի գրել մուսուլմանների անունները, քանի որ վստահ է եղել, որ մուսուլմանները, իսլամական ավանդույթից ելնելով, չեն ուտի «հարամը», ուստի նրանց անունները գրելու կարիք չկա։
Ըստ սյունակագրի՝ Հայկն իսլամադավան է դարձել իր մահվանից մի քանի տարի առաջ, չնայած լուրեր են շրջանառվում նաև, որ նա իսլամ ընդունել է ավելի վաղ և չի բարձրաձայնել՝ վախենալով իր հայ կնոջից՝ Երանուհուց։
Ըստ հոդվածի՝ հայ հացագործ վարպետ Հայկը մահացել է 1982 թ․ և հուղարկավորվել Մուսալլայի գերեզմանատան մուսուլմանական հատվածում։
«Նրա կինը՝ այդպես էլ իսլամ չընդունած Երանուհին, կյանքից հեռացել է ամուսնու մահվանից 7 տարի անց՝ 1987թ․, և հուղարկավորվել է Մուսալլայի գերեզմանատան հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող փոքրիկ հայկական գերեզմանատանը»,- գրել է Բարըշըքը։