«Պետք է մի 200.000 մարդ մորթվի Երևանում, որ նոր ասե՞ն՝ թուրքը մնում է թուրք». Գառնիկ Դավթյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ՀՀ իշխանությունների կողմից օվերտոնի պատուհանի կիրառման հստակ օրինակ է տեսնում:
«Ծայրահեղ ոչ տրամաբանական և հակապետական արտահայտություններ են արվում, մասնավորապես՝ հայ ժողովրդի անվտանգության դեմ ուղղված քայլերը, հետո այդ հայտարարությունն այնքան է քննարկվում մեր հասարակության մեջ, որ դառնում է սովորական երևույթ, և որոշ ժամանակ անց դրանք մարսվում են մեր հասարակության կողմից: Իշխանությունների կողմից այդ հայտարարությունները դիտավորյալ են արվում՝ լավ հասկանալով, որ հասարակությունը պառակտված է մի քանի մասի, և փորձում են առաջ տանել ադրբեջանական քարոզչական այն կարևոր դրույթները, որոնցով Ադրբեջանն է առաջնորդվում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հիշեցնենք, որ օրերս Նիկոլ Փաշինյանը հայկական գյուղերի ադրբեջանական անվանումներն էր հնչեցրել, իսկ Էդուարդ Աղաջանյանը պարզաբանել էր, թե Փաշինյանն այդպես է ասում, որպեսզի ցույց տա՝ ադրբեջանական զորքերը հայկական տարածք չեն ներխուժել:
Գառնիկ Դավթյանի խոսքով՝ ՀՀ ազգային անվտանգությունից և հայ ժողովրդի շահերից չի բխում գործող իշխանությունների կողմից Ադրբեջանին որպես կառուցողական կողմ ներկայացնելը.
«Սյունիքի գյուղերում բոլորը շեշտում են, որ թուրքի հետ անհնար է ապրել, վաղ թե ուշ բախումներ են լինելու: Ադրբեջանը կարող է գեղեցիկ բառապաշարով կերակրել հայաստանյան հասարակությանը, բայց հետագայում հաստատ հայերին փորձելու են այս տարածաշրջանում ահաբեկելով՝ տարհանեն կամ առհասարակ հայաթափեն»:
Նիկոլ Փաշինյանը նաև Թուրքիայից էր իր հայտարարած խաղաղության օրակարգի վերաբերյալ դրական ազդակներ ստացել: Դրան արձագանքել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ նշելով, որ տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք, և, որ ոչ վաղ անցյալի պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի, և կառուցողական քայլեր պետք է ձեռնարկվեն կայուն խաղաղության և համակեցության համար.
«Բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու անկեղծ ջանքերի գործադրումը պատասխանատու մոտեցում կլինի` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա»:
Գառնիկ Դավթյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սա չի նշանակում, որ Թուրքիան արդեն իսկ նախապայմաններ է առաջ քաշում՝ պահանջատիրությունից հրաժարվելու մասով, և արդյո՞ք այս պայմաններով Թուրքիայի հետ խաղաղության որևէ փաստաթուղթ ստորագրելը կարող է հայանպաստ համարվել:
«Դեռևս Ցյուրիխյան արձանագրությունների շրջանում և դրանից հետո հայկական կողմը փորձեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, հետագայում պարզվեց, որ Թուրքիան ոչ միայն նախապայմաններ է առաջ քաշում, այլև այնպիսի պայմաններ, որոնք բխում են միայն թուրք-ադրբեջանական շահերից: Եթե փորձում ես որևէ պետության հետ հարաբերություն հաստատել, առնվազն պետք է դիմացինի շահերի հետ էլ հաշվի նստես: Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման կարևոր կետերից է Ցեղասպանությունից հրաժարվելը: Ես հարց ունեմ մեր ժողովրդին՝ արդյո՞ք մեր ժողովուրդը պատրաստ է հրաժարվել Հայոց ցեղասպանությունից, և արդյո՞ք Հայաստանը պատրաստ է հրաժարվել Արցախից և այդպիսով փակեն Հայաստանի պատմության վերջին էջը: Եթե պատրաստ են, այդ մարդիկ Հայաստանում անելիք չունեն»,- ի պատասխան՝ ասաց փորձագետը:
Նա հավելեց. «Պետք է մի հատ էլ կոտորվե՞ն, նորի՞ց մի 100.000 հայ սպանվի Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից, որ ասեն՝ թուրքը մնում է թուրք: Հայաստանը կհայաթափվի, տարբեր էթնիկական բախումներ կլինեն, ևս մի 200.000 մարդ կմորթվի Երևանում, նոր կասեն՝ մի քիչ շուտ զարթնեինք, քաղաքական կոնֆետները չուտեինք և փորձեինք պետությունը պահպանելուն ուղղված քայլեր անել, օրինակ՝ դուրս գայինք ցույցերի կամ գնայինք սահման պահեինք»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում