Երևանն Անկարային ուղերձներ է հղում, Անկարան՝ նախապայմաններ առաջ քաշում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ըստ էության պատասխանելով Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական տեսլականը կամ Թուրքիայի նոր նախապայմանները: 1993 թվականին հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակած Թուրքիայի նախագահն օրերս թուրքական լրատվամիջոցներին տված ասուլիսի ընթացքում խոսել է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ ասելով, թե տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք:

Նա մաղթել է, որպեսզի Հայաստանում հաստատված նոր կառավարությունը շահավետ լինի տարածաշրջանի համար:

Ըստ նրա, վստահություն, ներառյալ՝ հարգանք է հարկավոր միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ: Էրդողանը նաև ասել է, որ պատմությունը չպետք է լինի թշնամանքի աղբյուր, և, որ պետք է կառուցողական քայլեր ձեռնարկվեն հանուն կայուն խաղաղության և համակեցության:

«Միակողմանի մեղադրանքների փոխարեն՝ պետք է գերակշռեն հեռանկարային, իրատեսական մոտեցումները: Մենք կարող ենք աշխատել աստիճանաբար կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի կառավարության հետ, որը հայտարարել է, որ պատրաստ է շարժվել այս ուղղությամբ: Այժմ մենք պետք է խաղաղությունն ու կայունությունը դարձնենք մշտական և պայմաններ ապահովենք տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության համար: Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու հիման վրա»,- նշել է Էրդողանը:

Էրդողանն ընդգծել է, որ նման դիրքորոշում ունի նաև Ադրբեջանը, ու պնդել է, թե Բաքուն առաջարկել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության համաձայնագրի համար:

«Ինչպես և համաձայնեցվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ամբողջ տարածաշրջանը բացելով` նոր հնարավորություններ կառաջանան, որոնք կփոխեն Հարավային Կովկասը: Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր այն կողմերի հետ, ովքեր ցանկանում են օգտագործել այս պատմական հնարավորությունը»,- ասել է նա:

Թուրքիայի նախագահը միաժամանակ կրկնել է ղարաբաղյան վերջին պատերազմից հետո շրջանառության մեջ դրված տարածաշրջանում վեցակողմ հարթակ ստեղծելու վերաբերյալ իր առաջարկը` Հարավային Կովկասի երեք երկրների, ինչպես նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ:

«5 կամ 6 երկրների հարթակի առաջարկը սեղանին է` Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը: Եթե այս հարթակը ընդունվի՝ որպես այդպիսին, ես կարծում եմ, որ տարածաշրջանում լարվածությունը շատ կնվազի»։ Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ այս հարցը քննարկել և համաձայնեցրել է ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։ «Իրանում նոր նախագահ է եկել իշխանության, նրա հետ էլ կքննարկենք»,- ասել է Էրդողանը։

Այս մի քանի պարբերությամբ Էրդողանը շարադրել է այն, ինչ ակնկալում է ՀՀ իշխանություններից՝ Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարում, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության անվերապահ կատարում և Խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի հետ՝ Ադրբեջանի բոլոր պահանջների իրագործմամբ: Ուշագրավն այն հանգամանքն է, թե ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ցանկանում են ցույց տալ, թե կան դրական ուղերձներ, քայլեր Թուրքիայի կողմից Հայաստանին ընդառաջ, այնինչ այդ քայլերը, հստակ ուղերձները Թուրքիային հղում է հայկական կողմը, որն ըստ էության 44-օրյա պատերազմում պարտությամբ «վերացրել» է հայ-թուրքական հարաբերությունների, թուրքական մեկնաբանմամբ, գլխավոր նախապայմանը:

Այսօր, փաստորեն, ի պատասխան Հայաստանի իշխանությունների շուրթերից հնչող խաղաղասիրության, Թուրքիայի նախագահը հստակեցնում է, թե որ պարագայում է տարածաշրջանում հաստատվելու խաղաղություն Հայաստանի հետ, և դա կրկին ենթադրում է միակողմանի զիջումներ Հայաստանի կողմից:

Թերևս հարկ է հիշեցնել, որ Հայաստանն իր ուղերձները Թուրքիային սկսել է հղել շատ ավելի վաղուց․ ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հարցազրույցը մեծ աղմուկ բարձրացրեց: «Թուրքիան այլևս թշնամի պետություն չէ՞ Հայաստանի համար» հարցին ի պատասխան՝ Գրիգորյանը նշել էր. «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։

Նա նաև նշել էր, որ միանշանակ պնդել, թե Թուրքիայից ոչ մի վտանգ չի սպառնում, ճիշտ չէր լինի, բայց տարածաշրջանում կատարվող իրադարձությունները նաև այլ հնարավորություններ են ստեղծում։ Որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ ՀՀ իշխանությունները մշտապես խուսափել են սուր քննադատության ենթարկել Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին, իսկ ներկայումս առավելապես ուղերձներ են հղում Թուրքիային, ինչպես դա օրերս արեց Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե Թուրքիայից հրապարակային դրական ուղերձներ կան, որոնց հայկական կողմը կպատասխանի:

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ պատերազմում հաղթանակից հետո Ադրբեջանն ու Թուրքիան, բնականաբար, ցանկանում են հաղթանակից առավելագույնը քաղել՝ առաջ մղելով սեփական քաղաքական և տարածաշրջանային մոտեցումները:

Ըստ նրա, սա նշանակում է, որ նրանք ակնկալիքներ ունեն Հայաստանից, բայց չեն պատկերացնում նույնպիսի ակնկալիքներ Հայաստանի դեպքում:

«Պարզ է, որ կարգավորում հնարավոր չի լինի, եթե Հայաստանը պահանջներ դնի Թուրքիայի առջև և, կարծես, նման մտադրություն էլ չկա: Թուրքիան միակողմանի դրական որևէ քայլ չի արել Հայաստանին ընդառաջ: Թուրքիայի նախագահը հստակեցնում է, որ պատմության մասին պետք է մոռանալ, ինչը վերաբերում է, բնականաբար, Ցեղասպանության հարցին: Պետք է ճանաչել պատերազմի արդյունքները, չվիճարկել դրանք: Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների հարցում հնարավոր առաջընթացը որոշակի լիբերալիզմի դրսևորման և Հարավային Կովկասում ազդեցությունը խորացնելու հնարավորություն է, քանի որ Ադրբեջանին աջակցելու դիմաց Թուրքիան չստացավ այնպիսի ազդեցություն այդ տարածաշրջանում, որպիսին կցանկանար: Սա նաև Ռուսաստանի ազդեցությանը մոտենալու փորձ է։ Այսինքն՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է և իմիջային տեսանկյունից հետաքրքրել Թուրքիային, թե տարածաշրջանային հեռանկարների և միջանցքների տեսանկյունից, քանի որ առանց կարգավորման հնարավոր չի լինի տարածաշրջանում որևէ պրոյեկտ իրականացնել»,- ասաց վերլուծաբանը:

Ըստ նրա, այս դեպքում Հայաստանն է ընտրում՝ ինչ ճանապարհով առաջնորդվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում, քանի որ դա փոխկապակցված է: Սկակովի դիտարկմամբ՝ հարցերն առանձին չեն, այստեղ խոսքը հարցերի մի ողջ համալիրի մասին է, որը հնարավոր չէ կարճ ժամանակահատվածի ընթացքում կարգավորել:

«Եթե խոսքն աստիճանական կարգավորման մասին է, ապա երևի թե Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա խնդիրների կարգավորումից հետո միայն անցում կկատարվի հայ-թուրքականին: Չնայած բազմաթիվ տարաձայնությունների, որ ունեն Ռուսաստանն ու Թուրքիան, Հարավային Կովկասի այս վեցակողմ համագործակցության հարցում Ռուսաստանը վերապահումներ չունի, հատկապես, երբ դա լինի վեցակողմ ձևաչափով, թեև Վրաստանը հրաժարվել է մասնակցել դրան: Այնուամենայնիվ գործընթացի տրամաբանությունն այս ուղղությամբ է, բայց այն պայմանավորող չափազանց շատ ու մեծ խնդիրներ կան: Այս պահին, կարծես, բոլոր հայտարարությունները դեռ բարի ցանկությունների ոլորտում են և առարկայական չեն: Բուն գործընթացը ևս կարևոր է լինելու վերջնարդյունքը գնահատելու համար»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս